Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց Հայրենիք»-ի թեկնածուներից Վահե Եսայանը Սյունիքում նաեւ իր սեփական կարգախոսով ներկայացավ

Հունիս 12,2021 23:52

«Հայոց Հայրենիք» կուսակցությունը հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Միասին փրկենք հայոց հայրենիքը» կարգախոսով։ Կուսակցությունում վարչապետի  թեկնածու Արտակ Գալստյանի առաջարկությամբ ի սկզբանե որոշել էին բազմամարդ հավաքներ չկազմակերպել, այլեւ քաղաքից քաղաք գնալ, գյուղից՝ գյուղ, տնից՝ տուն, բաժանել նախընտրական ծրագրերն ու մեկ առ մեկ զրուցել ընտրողների հետ։

Շաբաթ օրը՝ հունիսի 12-ին,  կուսակցության թեկնածուները Սյունիքում էին։ Մասնագիտությամբ տնտեսագետ 33-ամյա Վահե Եսայանը նույնպես «Հայոց Հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակում է։  Ծննդով կապանցի է։ «Մտածում եմ, որ ընտրողը ֆիզիկապես չի կարող մասնակցել 26 կուսակցության  միտինգների, չի կարող մարսել այդքան ինֆորմացիա,  ուստի այս ձեւաչափը նախ վստահություն է ներշնչում ընտրողին, հետո՝ անհատական մոտեցմամբ կարեւորում ես նրան»,–ասում է Վահե Եսայանը՝ մոտենալով հերթական ընտրողին։

Թեկնածուն տալիս է բուկլետը՝ խնդրում չմոռանալ 12 համարը եւ հունիսի 20-ին ընտրել այդ համարը։ Համառոտ ներկայացնում է նաեւ նախընտրական ծրագրի կարեւոր կետերը։

6 տարեկան էր Վահեն, երբ 90-ականների հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին՝ 1994 թ․-ին, Հորադիզում զոհվեց  հայրը՝ Կառլեն Եսայանը։ Թեկնածուն լավ գիտի խաղաղության գինը։ Ցանկանում է, որ իր՝ 5 տարեկան Ջուլիետան ու 2 տարեկան Էմիլին, ինչպես նաեւ բոլոր երեխաները մեծանան ու կրթվեն խաղաղ պետությունում։ Ընտրվելուց հետո առաջին օրենսդրական նախաձեռնությունը կլինի  Սյունիքում հակառակորդի հետ սահմանային բոլոր հատվածներում 10 կմ լայնությամբ անվտանգային գոտու ստեղծումը։

Հետո մտադիր է Սահմանադրական փոփոխությունների փաթեթին ձեռնամուխ լինել։ «Կարծում եմ՝ Հայաստանում կառավարման համակարգը պիտի փոխվի, երկիրը դառնա  նախագահական»,–ասում է Վահե Եսայանը։

«Հայոց Հայրենիք»-ի թեկնածուն հասցնում է օրական 100 ընտրողի բուկլետ բաժանել եւ զրուցել նրանց հետ։ Չի բացառում, որ  թեկնածուների մեջ ավելի ճարպիկները կլինեն, որ կգերազանցեն իրեն։ «Կարեւորը թիմային աշխատանքն է, կառուցողական աշխատանքը, որ հաջողություն բերի մեր կուսակցությանը։ Համոզված եմ, որ ընտրողը կվստահի մեզ»,-ասում է Վահեն։ Բացի կուսակցության կարգախոսից, Սյունիքում Վահեն իր սեփական կարգախոսն էր փոխանցում ընտրողին՝ «հայ լինելը պատիվ է, իսկ սյունեցի լինելը՝ տիտղոս»։

«Հայոց հայրենիք» կուսակցությունը կիրակի քարոզարշավը կշարունակի Արագածոտնի մարզում։ Ի դեպ, ցուցակը գլխավորող Արտակ Գալստյանը ծննդով նույնպես Սյունիքից է՝ Քարահունջ գյուղից։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930