Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՍ-ը՝ վասն հայրենյաց

Հուլիս 31,2021 12:00

Սիրված անուն է մեծանուն ՎԱՍ-ը. նույն ինքը՝ Վաչագան Ա. Սարգսյանը՝ արգասավոր գրողը, հրապարակախոսը, երգիծաբանը, այբբենագետը…, «9-րդ հրաշալիք» հանդեսի գլխավոր խմբագիրը…

ՎԱՍ-ի բարեմասնություններն անսահման են։ Վկաները հրատարակված գրքերն են, որոնք զարդարում են թե՛ մեծահասակ, թե՛ փոքրահասակ ընթերցողների սեղանները։

Օրերս նա դարձավ հոբելյան՝ 70 տարեկան, որի համար շնորհավորում եւ մաղթում ենք քաջառողջություն, բեղմնավորություն…

Ծնվել է Սեւանի ափին եւ ամեն ակնթարթ գոհ է ծնվելու համար։ Որովհետեւ գոյության ամեն պահը հավերժական հանդիպում է Արարչի հետ։ Որպեսզի հարցեր չառաջանան, ասենք, որ շատ տեղերում է սովորել: Մի քանի դպրոց, մի քանի բուհ, բայց ամենաշատը սովորել է կյանքից։

Կյանքից սովորածն էլ ներկայացրել է բազմաթիվ գրքերում. 14 դասագիրք, 25 ուսումնական ձեռնարկ, 16 գեղարվեստական, 30 ուսումնա-օժանդակ, 15 գիտահանրամատչելի, 10 թարգմանական գրքեր, «Վասույթներ»… Չասենք հեղինակային հաղորդաշարերի, ռադիոհաղորդումների եւ խաղաշխարհի մասին, ինչպես նաեւ 26 տարի լույս տեսնող «9-րդ հրաշալիք» հանդեսի մասին։

Ինչ որ արել է, դեռ պիտի շարունակի. ամենն էլ սրտամոտ են։ Սակայն, եթե անկեղծ լինենք, ամենասրտամոտը ապրելն է, Աստծո տված օրը վայելելը։

Վաղո՜ւց նախապատրաստել է՝ մոտ 15 տարվա ընթացքում «Հայկական ասույթներ հանրագիտարանը», որտեղ առաջին անգամ կներկայացվեն 400 նշանավոր հայի մոտ 5000 ասույթ։ Հուսանք՝ առաջիկայում ընթերցողի սեղանին կդրվի մեր մեծերի հոգեշահ մտքերի խտացումները։ Լույս տեսավ «Մեծ գիրք փոքրերի համար» ծավալուն հատորը, որը յուրահատուկ այբբենարան-շտեմարան է դպրոցականների, ուսուցիչների, ընթերցող լայն շրջանների համար։

Լույս են տեսել նաեւ «Զվարթ հաշիվ», «Այբբենական տառահանդես» մանկական գրքերը, «Ստեղծարար մտածողություն» ստվարածավալ գիրք-շտեմարանը եւ «Հետաքրքրաշարժ թվաբանություն» գիրքը՝ մեծահասակների, եւ, հատկապես՝ փոքրահասակների համար։ «Ստեղծարար մտածողություն» գրքում ներկայացվում են այն միջոցները, որոնցով հնարավոր է զարգացնել երեխաների ստեղծարար միտքը, երեւույթներին կողքից նայելու ունակությունը։ Գիրքը նախադեպը չունի հայ իրականության մեջ, երեք տարի փորձարկվել է դպրոցում, «անցել դպրոցականների եւ ուսուցիչների թրի տակով», ստացել նրանց սերն ու գնահատականը։

Օրերի խառնակ, տագնապահարույց վիճակի մասին կարծիքն այսպիսին է. «Կարծում եմ՝ եթե ավելի խառնակ դարերով ու հազարամյակներով ենք անցել, պահպանել մեր ոգին, այսօր եւս ուժ, իմաստնություն կգտնենք զորավիգ լինելու միմյանց եւ դիմակայելու մեզ նետված մարտահրավերներին»։

…Հարկ է մի հատված մեջբերել «Թումանյանի նամակը Իսահակյանին», որը համահունչ է այսօրվա ժամանակին. «…Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից: Թեեւ դու հարցնում ես։ Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ։ Բայց ես ինչ եմ ասում- չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»։

Ինչպես տեսնում ենք՝ պատկերը նույնն է, ոչինչ չի փոխվել։ Բայցեւայնպես ՎԱՍ-ը լավատես եւ իրատես է. «…Դրանց հիմքը մեր պետականությունն է, մեր երիտասարդ սերունդը, մեր աստվածային մշակույթը, կենսասիրությունը եւ արարելու անսպառ կամքը։ Ինչքան էլ դժվար լինի մեր ժողովրդի համար, դրանք նրա ոգու անքակտելի մասն են եւ գոյության կերպը»։

ՎԱՍ-ը՝ վասն հայրենյաց է իր գործը կատարում։ Այս տարի էլ հոբելյարը անակնկալներ ունի, բայց փակագծերը չբացենք, թող մնան իրոք անակնկալներ։

Նրա հոգու աշխարհն էլ մի մրգաստան է, մտքերի մրգաստան, որից համ ու հոտ են առնում թե՛ մեծերը, թե փոքրերը։

Նոր ակնկալիքներով՝

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031