Արցախի հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ահազանգում է՝ Արցախում շատ մարդիկ կան, որոնք ուղղակի հացի, տանիքի խնդիր ունեն:
«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նա հավաստիացրեց. «Նոյեմբերի 9-ից հետո համարյա ոչինչ չի փոխվել. հակառակն, այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարդիկ, բնակչությունն անընդհատ ընկճված և հուսահատված լինի: Այն խուճապը, որ տարածում էին պատերազմի ընթացքում, շարունակում են ներկայիս իշխանությունները: Ուզում են մարդկանց հասցնել այն հոգեվիճակին, որ նրանք ապրեն մեկ օրով ու ժամով»:
Ընդդիմադիր պատգամավորը, հակադրելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ սոցիալական ծրագրերի մասին արվող հայտարարությունները իրականում իր բնութագրմամբ Արցախում ստեղծված իրավիճակին, ասաց. «Կարող եմ ցույց տալ, թե օրական ինձ ինչքան մարդ է դիմում: Մարդիկ չգիտեն՝ ինչպես օրվա հաց հայթայթեն: Այսօր Արցախում այնպիսի իրավիճակ է, որ մի կողմից գործազրկություն է, մյուս կողմից մարդիկ ունեն հացի խնդիր: Եթե դու անձամբ վարչապետի ամենամոտ շրջապատից, նրան գովերգող չես, աշխատանք գտնել չես կարող: Մարդ կա` խանութներին արդեն այնքան պարտք է, որ իրեն հաց չեն տալիս, մարդ էլ կա` փողոցում է հայտնվել: Հենց խոսում ենք այս խնդիրների մասին, մեզ վրա իշխանական ֆեյքերը հարձակում են գործում: Այո, Արցախը վերածել են շինհրապարակի, բայց դրանք ուղղակի հարդարման աշխատանքներ են մեծամասամբ»:
Խոսելով Արցախում անվտանգային իրավիճակի մասին՝ Մետաքսե Հակոբյանը նշեց՝ շատ դեպքերում հատուկ խուճապ է տարածվում բնակչության շրջանում, ինչպես դա արվում էր պատերազմի օրերին: Նա մանրամասնեց. «Մեր աչքով էինք տեսնում, որ պատերազմի օրերին բնակչությունը չէր փախչում, այլ իրենց ավելի շատ խուճապի էին մատնում: Այդ օրերին համազգեստով մարդիկ մտնում էին ապաստարաններ, ասում էին` փախեք, մենք ձեզ կօգնենք տարհանվել: Հատուկ էր արվում: Հադրութի, Շուշիի բնակիչների հետ երբ խոսում ենք, այդ մարդիկ ասում են, որ շատերն ընդհանրապես չեն էլ տեսել թշնամուն. եկել է հրաման, որ պիտի հետ քաշվեն»:
Կարդացեք նաև
Մետաքսե Հակոբյանը վստահեցրեց՝ Արցախում պետք է յուրաքանչյուր բնակչի համար դողալ, քանի որ այսօր հերոսություն է ապրել Արցախում, մտածել, որ դեռ վաղն ապրելու ես Արցախում: Դա պետք է գնահատել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































