Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների ներկայացուցիչներին

Նոյեմբեր 26,2021 20:15

Նոյեմբերի 26-ին ԱՀ Աժ  նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի նիստերի դահլիճում  հանդիպել  է Արցախի հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների ներկայացուցիչների հետ։

Նախքան  հանդիպման բուն թեմային անցնելը՝  ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 3 պատերազմներում  նահատակված  հայորդիների  հիշատակը։

Հանդիպման նպատակն օրերս հասարակական կազմակերպությունների՝ ՌԴ նախագահ Վ․Վ․ Պուտինին ուղղված  բաց նամակի և նամակի ներքո ստորագրած հասարակական կազմակերպությունների անդամների հասցեին  ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե  Հակոբյանի հնչեցրած վիրավորական արտահայտությունների բողոք- քննարկումն էր։

Նոյեմբերի 12-ին 3 տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և հանրային գործիչների ստորագրությամբ հրապարակվել էր բաց նամակ՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակում մասնավորապես նշվում էր խաղաղապահ առաքելության իրականացրած ջանքերի, ռազմական գործողությունների դադարեցման գործում ՌԴ նախագահի անձնական միջամտության, Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սադրանքների,դրանց հետևանքների և պատժիչ հավելյալ մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին։

Նամակի բովանդակությունը ԱԺ պատգամավոր Մ․ Հակոբյանը 168․ am կայքին տված հարցազրույցում  որակել էր  որպես պոպուլիստական և բեմականացված  գործունեություն, ինչպես նաև ստորագրածներին անվանել  էր  «նախագահ Արայիկ Հարությունյանի սեփականություն և իշխանության կողմից դրված կաթսայից կերակրվողներ»։

Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց վրդովմունքն ու զայրույթն են հայտնել պատգամավորի հնչեցրած վիրավորական, զրպարտիչ արտահայտությունների համար և պահանջել են պատգամավորի՝ հրապարակայնորեն  ներողություն խնդրելը։  «Ես անգամ  իմ ծնողների սեփականությունը ինձ չեմ համարում, ուր մեկ ուրիշի սեփականությունը լինեմ։Պատգամավորը, ինչպես  հրապարակայնորեն վիրավորանք ու զրպարտանք է ուղղել մեր հասցեին,այնպես էլ թող հրապարակավ ներողություն խնդրի», – պնդել է «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամ Գարիկ Գրիգորյանը։

Հանդիպման մասնակիցները գտնում են, որ անձի նկատմամբ  զրպարտանքն և վիրավորանքը ժամանակն է քրեականացվելու։

Աժ նախագահն  առաջարկել է հանդիպում կազմակերպել «Արդարություն» խմբակցության անդամների հետ և  առկա խնդրին տալ համապատասխան  լուծում։

Արթուր Թովմասյանը   հանդուրժողականության, համերաշխության և զսպվածության  հորդորներ է տվել։

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930