Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է դառնում, որ փողոցի շարժման համակարգողների գործողություններն այնքան էլ չեն վերաբերում Արցախին, հայ-թուրքական երկխոսությանը. Ստյոպա Սաֆարյան

Մայիս 04,2022 15:50

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը

Փողոցի շարժման ժամանակացույցի մասին

Ժամանակացույցի վերլուծությունն ու միջոցառումների նշանակումը խոսուն է․

Ամեն ինչ սկսում է Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցից հետո ու ՀՀ պաշտոնյաների՝ արևմտյան ու հեռավոր արևելյան այցերի նախաշեմին ու զուգընթաց…

Ազատության հրապարակն անմիջապես զբաղեցվում է Սերժ Սարգսյանի կողմից՝ Արթուր Վանեցյանի միջնորդավորմամբ ու այն խորհրդով, որ Սերժ Սարգսյանն է գլխավորում շարժումը։

Քոչարյանի կողմից 1-ին զորաշարժն արվում է ապրիլի 23-ի ջահերով երթին՝ հաշվարկով, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմահազարանոց ապաքաղաքական քայլերթում դիրքավորվելով կներկայացվի, թե «միջոցառումը» Քոչարյանինն ու ՀՅԴ-ինն է և տնօրինում են հազարավոր մարդկային ռեսուրսների ու աջակցության։ Իհարկե, չի ստացվում, քանի որ հասարակությունը հրաշալի վերլուծում է, իսկ հաջորդած օրերի զարգացումները դրա վկան են։

Հաջորդած օրերին սկսվում են «քաղաքացիական անհնազանդության» ակցիաները, ըստ որում տեսանելի էր, որ լուռ մրցակցություն է գնում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև լիդերության համար։

Քոչարյանի խմբերը հիմնականում առանձին էին փողոցներ փակում, ըստ որում՝ շատ ավելի ագրեսիվ, իսկ Սերժ Սարգսյանին կից խմբերը նախընտրում էին ավելի սիմվոլիկ ակցիաներ՝ ինքնագլորներ և այլն։

Լիդերության հարցն ավելի սրվեց, երբ նետվեց ՀՅԴ-ի հետ ու հրավերով արևմտյան տուռնեի մեկնած Աման Թաթոյանի թեման։ Վանեցյանը կտրուկ չմերժեց նրա թեկնածությունը, բայցև ասաց, որ իրենց առաջնորդը դեռ չի ծնվել։ Մինչ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե չի պատրաստվում պաշտոն զբաղեցնել /թեպետ նա նման մի հայտարարությունից հետո լավ էլ զբաղեցրեց, ինչն էլ հեղափոխության ձգան դարձավ/, Քոչարյանի առաջին ու միակ այցը Ազատության հրապարակ բացահայտ «առաջնորդության» հավակնությունների մեջ է ու իր թևը այլևս չի էլ թաքցնում, որ նպատակը նրան իշխանության բերելն է։ Երկուսի ճանապարհները երբեք չեն հատվում․ Քոչարյանի ընտանիքը ցերեկներն է փողոցում կամ հրապարակում, Սերժ Սարգսյանը նախընտրում է երեկոյան գալ «դասախոսություն» լսելու…

Ժամանակացույցում համերգների տեղադրումը մարդաշատությունն ավելացնելու նպատակ ուներ՝ Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան և այլք։ Ֆինալի համար պահվել էր Սիրուշոն՝ հույսով, որ իր երկրպագուներին կբերի հրապարակ։ Որքան էլ երգչուհին, սակավամարդությունն արդարացնելու համար ներկայացրեց, թե 2 ժամվա մեջ է որոշում կայացրել գալ հրապարակ ու զարմացած է «մարդաշատությունից», այդուհանդերձ Ագնեսա Խամոյանը մատնեց պլանը՝ գրելով, թե արդեն 30․000 են դարձել։

Արամ Զ․Սարգսյանը արտահոսք է տալիս, որ իր վերջին՝ Ռուսաստան այցելության ժամանակ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել այն, ինչ ստորագրել է Լուկաշենկոն։ Ակնհայտ է դառնում, որ փողոցի շարժման համակարգողների գործողություններն այնքան էլ չեն վերաբերում Արցախին, հայ-թուրքական երկխոսությանը, ինչպես հավատում են փողոց դուրս եկած որոշ քաղաքացիներ։

Հաջորդ՝ այսօրվա հանրահավաք նշանակվեց 15։30՝ Ֆրանսիայի հրապարակում, ինչը ցույց էր տալիս, որ պատրաստվում են չորեքշաբթի օրվա Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին և մարդաքանակ ավելացնելու պլանը դրան էր միտված։ Ակնհայտ է, որ հանրային աջակցության դաշտում փողոցի

շարժումը չի կարողացել ժողովրդի մի ստվար զանգվածի աջակցությանը հասնել, և ունի ընդամենը մասնակցության հնչեցված թվեր ու գեղեցիկ ֆիլտրված նկարներ իր «օրավուր աճող» աջակցության մասին։

Փողոցի շարժման հանրահավաքից ժամ առաջ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը հայտնում են, որ տեղեկություններ ունեն, որ շարժումը պլանավորում է սադրել աջակիցների հարձակումը ԱԺ-ի վրա, ամենայն հավանականությամբ այն ժամանակ, երբ ԱԺ-ում ընթանալիս կլինի Կառավարության հետ հարցուպատասխանը։ ԱԱԾ-ն զգուշացնում է, որ նման բանի դեպքում ձերբակալվելու են ոչ միայն կատարողները, այլ պարագլուխները…

ԱԱԾ հաղորդագրությունից այն տպավորությունն է, որ իշխանությունը տեղյակ է, որ անցնում են պլան Բ-ին, քանի որ պլան Ա-ն չի ստացվել…

Եթե Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն այս ամենում ոչ մեկին չի զարմացնում, քանի որ պետական ինստիտուտներում կամ նրանց վրա գրոհները այնքան էլ անսովոր չեն իր ոճի համար, ինչպես որ պատերազմից հետո ասուլիսում հայտարարեց, թե պետք չէ վախենալ այդ եղանակով հայրենիքի փրկությունից, ապա հետաքրքիր է նրա հետ լիդերության համար լուռ մրցակցության մեջ մտած Սերժ Սարգսյանի մասնակցությունը այս ամենին։ Ի վերջո, ինքը շատ լավ գիտի, թե ինչպես 2013-ին կրկին Ռ․Քոչարյանի ներգրավմամբ իր թիկունքում ձևավորվեց քառյակ շարժումը թույլ չտալու համար ետնահանջ «ընտրած» ճանապարհից… Իսկ Արամ Զ․Սարգսյանի կողմից հայտնածը նման մի բանի մասին է, երբ Փաշինյանի կառավարությունն իր թիկունքում պետք է զգա «փողոցի շնչառություն» ետքայլ չանելու համար։ Ի վերջո, Սերժ Սարգսյանն էր, որ, կարծես թե, մերժում էր Սասնա ծռերի կողմից պետական հաստատության վրա գրոհը ու այսպես շարունակ։ Հետաքրքիր է, թե այսօրվա ակցիայում ինչպես կպահեն հատկապես նրան աջակցող խմբերը՝ կմիանան գրոհի պատրաստվող մրցակցի խմբերին, թե կզսպեն…

Դեռ շաբաթներ առաջ էի հիշեցրել այս տեխնոլոգիայի մասին, որը կիրառվում է արտաքին քաղաքականության դաշտում որոշումներ ստանալու համար։

Քիչ մնաց հարցի պատասխանն իմանալու համար։

Ի դեպ, փողոցի շարժումն անցնում է մի այնպիսի հարթություն, որտեղ Քոչարյանը մրցակցությունից դուրս է ու անգերազանցելի։ Այնպես որ, թերագնահատել նրան հենց այստեղ չի կարելի։

ՀԳ Ի դեպ՝ Սերժ Սարգսյանին հարող պատգամավորներից Աննա Մկրտչյանը երեկ հրապարակ է նետել, թե «իշխանությունը ոստիկանական համազգեստ է բաժանում անհայտ մարդկանց»… Նման բան Քոչարյանի իշխանությունն էր արել 2008-ի մարտի 1-ին, երբ համաձայն մարտի 1-ի նյութերի դա բաժանվել էր օլիգարխների թիկնազորներին… Ու դեռ պարզ չէ՝ Սերժ Սարգսյանի խումբը իշխանությանն այդ կերպ մեղմիկ զգուշացնում է, թե ինչ է հասունացվում «իր դաշնակիցների» կողմից, թե՞ վրեժխնդրությամբ առաջնորդվելով ուղղակի միացյալ ֆոն են ստեղծում նրա համար, ինչ փորձելու են սադրել…

Ուժային կառույցները պետք է գործեն բարձր զգոնության դաշտում, առանց վնասելու ոչ իրավունք, ոչ ազգային անվտանգություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031