Լրահոս
Օրվա լրահոսը

Ottavio Zino մրցույթից մինչեւ չկայացած պրեմիերա

Հոկտեմբեր 07,2022 12:00

Օպերային բաս Գոշ Սարգսյանը փակագծեր է բացում

Աշխարհի հեղինակավոր օպերային թատրոնների բեմերը նվաճած օպերային տենոր, երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությամբ Երեւանի թատրոնում 2016թ. ստեղծված Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մասնակիցները առայսօր շարունակում են հաղթարշավը միջազգային մրցույթներում, բեմ բարձրանում արտասահմանյան թատրոններում, հրավիրվում են տարբեր նվագախմբերի հետ ելույթների եւ այլն։ Ծրագրի որոշ մասնակիցներ էլ արդեն համալրել են մեր օպերային թատրոնի մեներգիչների կազմը եւ հանդես եկել խաղացանկային ներկայացումներում։ «Առավոտը» քանիցս անդրադարձել է հիշյալ ծրագրին եւ ներկայացրել կարիերայի սկզբում վերջինիս մասնակիցների գրանցած հաջողությունները։


Օրերս Հռոմում կայացած Ottavio Zino օպերային երգիչների միջազգային մրցույթի կայքից տեղեկացանք, որ 21-րդ անգամ անցկացվող այս հեղինակային մրցույթում մասնակցել է նաեւ օպերային բաս Գոշ Սարգսյանը, որը կատարելագործվել է վերոհիշյալ ծրագրում։ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երիտասարդ արվեստագետը տեղեկացրեց, որ այդ մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Հռոմում, սակայն սկզբնական լսումները տեղի են ունեցել տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Միլանում, Նեապոլում, Վալենսիայում, Փարիզում, Մադրիդում, Վարշավայում եւ այլն, իսկ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ՝ Երեւանում։ Ընդ որում, հայաստանյան լսումների ժյուրիի կազմում ընդգրկված է եղել նաեւ Երեւանի օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը։ Մենք էլ հավելենք, որ, ինչպես տեղեկացանք մրցույթի կայքից՝ մասնակիցների թիվը շուրջ 600 էր, Հռոմում կայացած կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերին մասնակցության հնարավորություն է տրվել 65-ին։

Քյոխվայի կերպարում՝ «Անուշ»-ում։

Ժյուրիի աշխատանքներին մասնակցել են հեղինակավոր դեմքեր, այդ թվում՝ Լա Սկալա թատրոնի տնօրեն Դոմինիկ Մեյերը, Հռոմի թատրոնի տնօրեն Ֆրանչեսկո Գիամբրոնեն, որը գլխավորել է ժյուրիի աշխատանքները, օպերային աստղեր Պաոլո Պինամոնտին, Պաոլո Ռոդդան, Մասիմո Բիսկարդին, Վալդեմար Դաբրովսկին, Բրայան Դիկիեն եւ այլն։ Ինչպես նշեց Գոշ Սարգսյանը՝ ժյուրիի վերջնական որոշման արդյունքում ստացել է եզրափակչի մասնակցության վկայական եւ հավելեց. «Մրցույթն ավարտվելուն պես մասնակիցներին հնարավորություն տրվեց շփվել ժյուրիի անդամների հետ, լսել նրանց կարծիքները»։ Հետաքրքրությանը՝ իր մասին կարծիքներից մեկը կբարձրաձայնի՞, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կցանկանամ առանձնացնել Լա Սկալա թատրոնի տնօրեն պարոն Մեյերի խոսքերը, ով բարձր գնահատեց իմ ձայնային հնարավորությունները, տեխնիկան, սակայն ընդգծեց երիտասարդ տարիքս, որպես ավելի մեծ փորձ ձեռք բերելու պարտավորություն՝ բաս ձայնի տարեց լինելու պահանջարկի հետ միասին։ Մի բան էլ. ես բաս ձայնաբաժինը ներկայացնող միակ մասնակիցն էի եզրափակչում»։

Դիտարկմանը՝ Գեղամ Գրիգորյանը մեզ հետ զրույցներում մշտապես առանձնակի հպարտությամբ է բարձրաձայնել իր ուսանողների անունները, նույնիսկ նրանց, ովքեր դեռ առաջին քայլերն էին անում անվանի արվեստագետի ղեկավարությամբ, երգիչը պատասխանեց. «Այո, ուսանել սկսել եմ Գեղամ Միհրանիչի ղեկավարությամբ, որը որոշիչ դեր խաղաց մասնագիտությանս ընտրության հարցում։ Նրա՝ կյանքից հեռանալուց հետո, շարունակեցի ուսումս վաղուց արդեն հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուր Գեւորգ Հակոբյանի ղեկավարությամբ…»։

«Սիրո ըմպելիք»-ում (համերգային կատարում)։

Հարցրինք՝ չի՞ կարծում, որ եթե չընդհատվեր Գեղամ Միհրանիչի կյանքը, ինքը կարող էր ունենալ մեծ աջակցություն եւ գուցե կարիերայի սկիզբը այլ ընթացք ունենար։ Երգիչը հիշեց, որ առաջին անգամ 2015թ.՝ 18 տարեկանում է բեմ բարձրացել մեր օպերային թատրոնում, մասնակցելով Լյուբով Կազարնովսկայայի եւ Գեղամ Գրիգորյանի կազմակերպած համերգին, իսկ առաջին դերերգը 2021-ին էր՝ Քյոխվան՝ Տիգրանյանի «Անուշ»-ում։ Նույն թվին, դարձյալ Երեւանի օպերային թատրոնում, երիտասարդը հանդես է եկել Դուլկամարայի դերերգով Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայում (համերգային կատարում)։ Անդրադառնալով մեր հարցին, ասաց. «Չգիտեմ, գուցե, կամ առանց գուցեի՝ Գեղամ Միհրանիչի միայն ներկայությունը իմ ստեղծագործական կյանքում շատ բան կփոխեր, էլ չխոսեմ նրա դասերի մասին։ Իր արվեստով մշտազբաղ Գեւորգ Հակոբյանն էլ ժամանակ է տրամադրում ինձ իր խորհուրդներով։ Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանի շնորհիվ էլ բեմ եմ բարձրացել տարբեր նախագծերով ոչ միայն Երեւանում, այլեւ տարբեր մարզերում»։

Իսկ ինչո՞վ է զբաղված ներկա պահին թատրոնում, երգիչն ընդամենն ասաց, որ մաեստրո Դորգարյանի առաջարկով պատրաստում է միանգամից մի քանի դերերգ. Ցունիգա՝ Բիզեի «Կարմենում», Ռամֆիս եւ Եգիպտոսի թագավոր՝ Վերդիի «Աիդայում», Վասակ եւ Կաթողիկոս՝ Չուխաջյանի «Արշակ Բ»-ում, Ծեր գնչու եւ Ալեկո՝ Ռախմանինովի «Ալեկո»-ում։

Զրույցի ավարտին Գոշ Սարգսյանը հաստատելով մեր տեղեկությունը, թե Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում վերջերս բեմադրված Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում ինքը պատրաստվում էր պրեմիերային հանդես գալ Կոմենդատորեի դերերգով, բայց դա չի իրականացել։ «Պրեմիերայի օրը համընկել էր իմ կյանքում առաջին մրցույթի՝ Ottavio Zino-ի ժամանակացույցի հետ»,-պարզաբանեց նա։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Գոշ Սարգսյանի բեմելը Ottavio Zino մրցույթում։

«Առավոտ» օրաթերթ
06.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31