Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ պարագայում չի կարող հրաժարուել Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ ինքնորոշման իրաւունքի երաշխաւորի կարգավիճակից․ ՀՅԴ

Հոկտեմբեր 08,2022 22:17
hyd

Վճռականօրէն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելոյթներում տեղ գտած խիստ վտանգաւոր եւ հակազգային դիրքորոշումներն ու մօտեցումները, եւ այդ հիմքով Պրահայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցութիւնների ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։

Յայտարարում ենք.

– ՀՀ վարչապետը եւ իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը եւ չունեն լեգիտիմ մանդատ Հայաստանի ու հայութեան անունից ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանութիւնն ու հայ ժողովրդի շահերը։

– Միջազգային իրաւունքի սկզբունքների եւ նորմերի կոպիտ ոտնահարմամբ, մասնաւորապէս ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի կիրառման, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից բացայայտ ագրեսիայի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնագրաւման պայմաններում՝ սահմանազատման եւ սահմանագծման ուղղութեամբ ցանկացած գործընթացի նախաձեռնում եւ իրականացում անընդունելի է։

– Արցախն իր ինքնիշխանութիւնը հռչակել է միջազգային եւ ներպետական իրաւական կառուցակարգերին համապատասխան եւ այն սակարկման ենթակայ չէ։

– Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ պարագայում չի կարող հրաժարուել Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ ինքնորոշման իրաւունքի երաշխաւորի կարգավիճակից։ Նման քայլը անխուսափելիօրէն կը յանգեցնի Արցախի հայաթափմանն ու արցախահայութեան հայրենազրկմանը։

Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաւատարիմ կը մնան իրենց ստանձնած մանդատին ու պարտաւորութիւններին եւ հետեւողական կը լինեն հռչակուած սկզբունքների հիման վրայ Արցախի հիմնախնդրի կարգաւորման հարցում։

Կո՛չ ենք ուղղում հայ ժողովրդին չտրուել իշխանութեան կողմից սերմանուող պարտուողական տրամադրութիւններին, չյուսահատուել, համախմբուել ազգային ուժերի շուրջ եւ բեկում մտցնել իրավիճակի մէջ։ Դա ենթադրում է արմատական փոփոխութիւններ երեք հիմնական ուղղութիւններով.

ա) Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումով համահայկական զօրաշարժի իրականացում,

բ) պաշտպանութեան եւ անվտանգութեան հրատապ խնդիրների լուծում,

գ) կենսական զիջումները բացառելուն ուղղուած արտաքին զօրակցութեան ապահովում:

Այս առաջնահերթ խնդիրների լուծումը հնարաւոր է միայն ժողովրդի վստահութիւնը վայելող ազգային համաձայնութեան նոր կառավարութեան ձեւաւորման դէպքում։

Մենք վճռական ենք, յստակ պատկերացնում ենք մեր անելիքները եւ կոչ ենք անում միասնական պայքարի։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31