Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ակնհայտ սադրանք է ռուս խաղաղապահների նկատմամբ». Թագուհի Թովմասյան

Դեկտեմբեր 12,2022 23:03

Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ավտոճանապարհի Քարինտակի հատվածում շրջափակման մեջ գտնվող քաղաքացիները ահազանգում են:

Քիչ առաջ խոսել եմ Գեղամասար համայնքի բնակիչ Արմեն Սահակյանի հետ, ով աշխատում է Քարինտակում:

Նա հայտնել է, որ արդեն հարյուրավոր մարդիկ գտնվում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղում, որոնց մեջ են նաև մանկահասակ երեխաներ, ում ծնողները վերջիններիս տեղափոխում են հիվանդանոց: Կան բազմաթիվ տարեցներ, որոնք ձմռան ցրտին, գիշերով գտնվում են անորոշ վիճակում…

Շրջափակված են նաև դեղամիջոցներ տեղափոխող մեքենաները, իսկ ստեղծված իրավիճակը փաստացի չի հանգուցալուծվում։

2022թ․ դեկտեմբերի 12-ի 10:30-ից ադրբեջանցի «բնապահպանները» նորից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ փորձելով հումանիտար աղետ ստեղծել էթնիկ հայ բնակչության նկատմամբ, իսկ բնապահպանական շարժառիթը օգտագործում են՝ հայերենով և ռուսերենով հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով։

Հերթական անգամ ականատես ենք լինում թշնամական կեցվածք որդեգրած, ագրեսիվ հռետորաբանությամբ հանդես եկող, խաղաղասիրական քողի տակ թաքնված ադրբեջանցու կերպարին, ով ամեն կերպ փորձում է Արցախի Հանրապետության 120 հազարից ավել էթնիկ հայ բնակչության մեջ վախի մթնոլորտ ստեղծել։

Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այս իրողության վրա, որ Ադրբեջանը, չիրականացնելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, ակնհայտ սադրանքի ենթարկելով շփման գծում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին, սույն քայլով ևս մեկ անգամ փաստում  է իր՝ իբրև միջազգային իրավունքի սուբյեկտի ոչ լիարժեքությունը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ անարգանքը: Փաստացի միակ կենսական միջանցքը չի գործում:

Սա ակնհայտ սադրանք է ռուս խաղաղապահների նկատմամբ:

Կապի մեջ եմ նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հետ. այնտեղից տեղեկացրել են, որ Պուտին-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել խնդրին։ Այն քննարկվել է նաեւ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ:

Ադրբեջանը պետք է րոպե առաջ բացի միակ կենսական ավտոճանապարհը դեպի Արցախ՝ ապահովելով նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի կետերի կենսունակությունը:

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031