Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքսիկայի Գեղարվեստի պալատում Կոնստանտին Օրբելյանն ու Էլինա Գարանչան հանդես են եկել համատեղ համերգով

Մարտ 08,2023 17:53

Հայազգի նշանավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ մարտի 2-ին Մեքսիկայի Գեղարվեստի պալատում տեղի է ունեցել լատվիացի աշխարհահռչակ օպերային աստղ Էլինա Գարանչայի գալա համերգը։

Կ․ Օրբելյանի և Է. Գարանչայի համատեղ համերգը նվիրված է եղել Մեքսիկայի Գեղարվեստի պալատի Ազգային օպերային թատերախմբի հիմնադրման 75-ամյակին։ Համերգի բոլոր տոմսերը դեռևս շաբաթներ առաջ վաճառված են եղել։

Վերջերս նշանավոր «Էխո Կլասսիկ» ընկերության կողմից Գարանչան արժանացել է «Տարվա ամերիկյան վոկալիստ» բարձրագույն երաժշտական կոչմանը։ Ներկայումս Էլինա Գարանչան դասվում է աշխարհի ամենապահանջված կին օպերային երգչուհիների շարքում, քանի որ իր կատարողական արվեստով և ձայնային տվյալներով կարողանում է ներկայանալ տարբեր ոճերի և ժամանակաշրջանների երկացանկով։ Գարանչան ծնունդով Ռիգայից է, ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Ներկայումս աշխարհի հեղինակավոր օպերային թատրոնների մշտապես պահանջված արտիստն է Գարանչան։ «Նյու Յորք Թայմսը» երգչուհու մասին գրել է․ «Գարանչան վերջին 25 տարվա լավագույն Կարմենն է»։ Նրա կարևոր ձեռքբերումներից մեկը Վիեննայի օպերային թատրոնում Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայում Ամներիսի դերերգով ներկայանալն էր։ Այստեղ նա հանդես եկավ նաև 18 օպերաներից դերերգերով, որի համար ստացավ «Լավագույն կամերային երգչուհի» պատվաբեր կոչումը։

Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի և Էլինա Գարանչայի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Երկու նշանավոր արտիստների միջև ձևավորված անխախտ ստեղծագործական կապը մշտապես բարձր արդյունք է տալիս։ Համաշխարհային նշանավոր երաժշտական պարբերականների դիպուկ բնորոշմամբ այս երկու արտիստների ստեղծագործական տանդեմը նորովի է մեկնաբանում մեզ համար արդեն հայտնի շատ ստեղծագործություններ։ Մեքսիկայի գեղարվեստի պալատում տեղի ունեցած համերգի ընթացքում ներկայացվել են Մասկանիի, Սեն-Սանսի, Բիզեի և այլ կոմպոզիտորների օպերաներից հատվածներ։ Համերգային երեկոյի ավարտին հնչել են հատվածներ Ջակոմո Պուչչինիի «Ջանի Սկիկի» օպերայից։

Տեղի ունեցած համերգի վերաբերյալ երգչուհին ասել է․ «Ինձ համար մեծ պատիվ էր ելույթ ունենալ մաեստրո Օրբելյանի ղեկավարությամբ այս հեղինակավոր բեմում, որտեղ հանդես են եկել աշխարհի մեծանուն շատ ու շատ օպերային երգիչներ»։ Կոնստանտին Օրբելյանն ու Էլինա Գարանչան առաջիկայում նոր համատեղ նախագծերով կներկայանան։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031