Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած մոր համար անեծքի նման բան է, որ իր ճակատին երբեւէ կարող է գրվել հերոսածին»․ «Առերեսում»

Մայիս 27,2023 09:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի մամուլի ասուլիսի ընթացքում հարց տվեց․ «Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլինի հերոս, իսկ եթե չի սպանել և միլիմետրերով անցել է իր կողքով, դառնում է հակահերո՞ս: Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ՞: Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է բացատել: Այդ ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին»:

Նրա այս հարցերին խնդրեցինք պատասխանել 44–օրյա պատերազմում զոհված Դավիթ Գեւորգյանի մորը՝ լրագրող Ալիսա Գեւորգյանին։ Հիշեցնենք, որ նույն ասուլիսում հնչել էր Ալիսա Գեւորգյանի ձայնագրված հարցը․ «Ժամանակին դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է ու վերջ: Ձեր իշխանությունը մեր որդիներին զորակոչեց բանակ եւ տարավ ձեր նշած Հայաստան Արցախը պաշտպանելու, 44-օրյա պատերազմին մեր տղաները զոհվեցին: Այժմ դուք ձեր դեմքին նույն հպարտ արտահայտությամբ հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջան է, պարզապես նախկիններն էին խաբել եւ այդ մասին չէին ասում: Եթե Արցախն Ադրբեջան էր, ինչո՞ւ մեր որդիներին տարաք եւ սպանեցիք Ադրբեջանում: Դուք տարաք եւ ոչ թե նախկինները»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված Ալիսա Գեւորգյանը Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին ի պատասխան ասաց․«Մահը չի որոշում մարդու հերոսության աստիճանը։ Մահը չի որոշում՝ մարդը հերո՞ս է, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ մարդու ապրած կյանքն է որոշում՝ ինքը հերո՞ս է, թե՞ ոչ։ Առհասարակ՝ միշտ մտածել եմ, թե պատմությունից մեզ հայտնի՝ իրական հերոսն այն մարդն է, որն իր կյանքը կամավոր կերպով դնում է հայրենիքի զոհասեղանին ու դրա համար ինքը զոհում է ամեն ինչ»։

Ալիսա Գեւորգյանը 2022թ. հունվարից Հանրային ռադիոյում հեռարձակվող «Կյանքին ասել այո՛» հաղորդաշարի հեղինակն է․ «Նկարում եմ պատերազմից վերադարձած տղաներին։ Նրանք եւս հերոսներ են՝ ժամանակի ընդունված կաղապարների մեջ։ Բայց որպեսզի օրինակն ուրիշների վրա չբերեմ, ուրիշներին չնեղացնեմ՝ ասեմ, որ ես իմ Դավիթին հերոս չեմ համարում։ Այո, ինքն իրեն հերոսի նման է պահել․ հրամանատարն անձամբ է եկել ու պատմել, թե ինչպես է կռվել»։

Մեջբերենք հատվածներ որդու մասին «Մեդիամաքսին» նրա պատմածից․ «Հոկտեմբերի 16-ին վերջին զանգը ստացա։ Ասաց՝ տեղս հարմար չի, երբ հարմար լինի, կզանգեմ։ Հետո իմացա, որ կոնտուզիա է ստացել ու Վարանդայի բուժկետում է եղել։ Երբ Վարանդայից զորքը տեղափոխել են Մարտունի, մեքենաների շարասյան մեջ եղել է նաեւ բուժկետի մեքենան՝ 15 վիրավորով, ընդ որում՝ շատ ծանր վիրավորներ, որոնք, չգիտես ինչու, եղել են զորամասի բուժկետում, ոչ թե՝ հոսպիտալում։ Ճանապարհին մեքենան փչացել է։ Մեր բարեկամի տղան, որ առաջին մեքենայի մեջ է եղել, Դավիթին առաջարկել է իրենց մոտ տեղափոխվել, բայց Դավիթը չի գնացել, ասել է՝ ես ոտքի վրա եմ, տղերքը վիրավոր են, օգնում եմ իջեցնել-բարձրացնել։ Իրենց հրաման է տրվել, որ ինչ-որ տարածքում սպասեն, մինչեւ կգան, կհանեն։ Ու ինչքան գիտեմ, նրանց հետեւից ոչ ոք չի գնացել։ 15 վիրավորներով մնացել են, ու մենք այլեւս նրանցից որեւէ տեղեկություն չենք ունեցել․․․ Դիմել էի ՄԻՊ-ին, եւ 2021-ի սեպտեմբերի 27-ին ստացա պատասխան, որ 14 մասունք հաստատվել է։ Գլխի մասունքից պարզ դարձավ, որ մահը վրա է հասել հրազենային վիրավորումից։ Ինձ բացատրեցին, որ Դավիթը մինչեւ վերջ մնացել է ընկերների կողքին, կռիվ են տվել, եւ, փաստորեն, հրազենային վիրավորումից զոհվել է, թեեւ ի սկզբանե իր վիրավորումը թեթեւ էր, կարող էր գնալ»։

Այժմ Ալիսա Գեւորգյանը պատմեց․ «Ինքն այդ մեքենայի մեջ էր նստել միայն նրա համար, քանի որ այնտեղ էին իր վիրավոր ընկերները, չնայած հնարավորություն ուներ նստելու նորմալ մեքենայի մեջ ու տեղ հասնելու, եւ այսօր ես այստեղ կանգնած չէի լինի որպես զոհված Դավիթի մայր․․․ Ես չեմ արժեզրկում այն, ինչ ինքն արել է։ Բայց չեմ սիրում նաեւ, երբ շահարկում են բառերը։ Առավել եւս՝ ինձ հերոսածին չեմ համարում, որովհետեւ չեմ սիրում այդ բառը։ Եվ կարծում եմ՝ ցանկացած մոր համար անեծքի նման բան է, որ իր ճակատին երբեւէ կարող է գրվել հերոսածին։ Չեմ սիրում, տանել չեմ կարողանում այդ բառը։ Այնպես որ՝ եթե մրցավազք է եւ Աննա Հակոբյանն ուզում է, որ ինքը լինի հերոսածին՝ թող լինի։ Ես չեմ ուզում եւ չեմ սիրում, երբ ինձ հերոսածին են ասում։ Դավիթը կարգին տղա է․․․ եւ կարող են իրեն ընդհանրապես հերոս չասել։ Գիտեք, ի վերջո՝ այդ իրավիճակում կարող է ինչ որ մեկը փախուստի ժամանակ զոհվել, կարող է մեկն էլ շատ խիզախ կռվել ու ստացվի այնպես, որ ինքը չզոհվի ու վերադառնա տուն։ Ո՞վ ասաց, թե միայն գնդակն է որոշում՝ դու հերո՞ս ես, թե՞ ոչ»։

Հաղորդման մյուս հյուրը՝ ՝ «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար ու հիմնադիր, «Գաթա Բենդ» խմբի հիմնադիր, բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նշեց․ «Ցանկացած լիարժեք մարդ, նվիրյալը հերոս է»։ Նաեւ հավելեց․ «Մարդն իրեն զոհաբերել է, եւ ինքը հերոս է»։

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031