Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագետն Արամ Խաչատրյանի դիմանկարը նվիրեց «Արամ Խաչատրյան» համերգասրահին

Հունիս 13,2023 15:44

20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համար տարին հոբելյանական է, նշվում է նրա ծննդյան 120-ամյակը, եւ այդ առիթով բազմաթիվ միջոցառումներ են մեկնարկել Հայաստանում ու աշխարհում: Դիվանագիտության մեջ հնաբնակ, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռուբեն Շաքարյանը, որ հայտնի է արվեստագետների և, մասնավորապես նկարիչների հետ ունեցած սերտ կապերով, այս անգամ իր հավաքածուից մի դիմանկար է նվիրել «Արամ Խաչատրյան» համերգասրահին՝ կոմպոզիտորի հոբելյանի առիթով: Նվերն ընդունել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Շաքարյանն ասաց, որ Արամ Խաչատրյանին համարում է թիվ մեկ կոմպոզիտորը, որի մասին շատ է լսել իր ձեւակերպմամբ՝ թիվ մեկ գիտնականից՝ Վիկտոր Համբարձումյանից, որի երկարամյա օգնականն է եղել արտաքին կապերի գծով: «Արամ Խաչատրյանի դիմանկարը գրությամբ հանձնեցի Նորայր Նազարյանին: Այս պահին համերգասրահում վերանորոգում է, ժամանակավորապես նկարը մի տեղ կկախեն, մինչեւ այն գտնի իր ճիշտ տեղը»,-հավելեց դիվանագետը։

Աշխատանքի հեղինակը Հենրի Էլիբեկյանն է, նկարը նա Շաքարյանին նվիրել է Մոսկվայում եւս 3 աշխատանքների հետ: «Արամ Խաչատրյանի դիմանկարը 2013թ ինձ նվիրել է Հենրին: Մի դիմանկար էլ նվիրել եմ «Արամ Խաչատրյան» թանգարանին, հանձնել եմ տնօրեն Արմինե Գրիգորյանին՝ Արամ Իլյիչի ծննդյան 115-ամյակի առիթով: Այն այժմ կախված է թանգարանի սրահում՝ եռալեզու մակագրությամբ: Կոմիտասի դիմանկարը նվիրել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային: Կոմիտասի մի նկար էլ նվիրել եմ Կոմիտաս թանգարան-ինստիտուտին: Նկարները նվիրում եմ պետությանը, որ գույքագրվեն ու պահպանվեն: Դրանք բացառիկ գործեր են: Ինչպես արդեն նշեցի, բոլորի հեղինակն էլ Հենրի Էլիբեկյանն է»,-ասաց Ռուբեն Շաքարյանը:

Նա նաեւ հիշեց, որ 2004-ին, երբ մասնակցում էր Բուենոս Այրեսում հայկական խաչքարի բացմանը, այսօրվա Հռոմի պապը, որն այն ժամանակ դեռեւս կարդինալ Բերգոլիո էր, ինչ հիացմունքով էր խոսում Արամ Խաչատրյանի մասին: Ինչ վերաբերվում է հայկական խաչքարին, այն Շաքարյանն էր տարել Բուենոս Այրես, հեղինակն էլ Գրիգոր Բաղումյանն էր:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարների հեղինակային իրավունքը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930