Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող Ադրբեջանի կազմում լինել ու վերջ։ Արդյոք հնարավո՞ր էր պատկերացնել հրեաների կյանքը նացիստական Գերմանիայի կազմում։ Ադրբեջանը այդ նույն նացիստական երկիրն է»․ Գեղամ Ստեփանյան

Հուլիս 14,2023 10:38

«Արցախը ապրելու է, հարատևելու է ի հեճուկս բոլոր չկամների և թշնամիների և ի փառս համայն հայության»,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են հազարավոր արցախցիներ, հրապարակում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կառավարության ներկայացուցիչներ։

Հանրահավաքին հնչում են «Ոչ Արցախի շրջափակմանը», «Կանխեք վերահաս աղետը», «Բացել կյանքի ճանապարհը» կոչեր։

Դիմելով միջազգային հանրությանը՝ Գեղամ Ստեփանյանը հայտարարեց․ «Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին։ Մարդու իրավունքնե՞ր ասում եք, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ, ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, եթե իր երեխան կարող է արատներով ծնվել, ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքն իրենց երեխաների համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքար ստանալու համար, ինչպե՞ս նայեմ այն մոր աչքերին, որը վախեցած աչքերով նայում է իմ աչքերին, որը վախենում է, որ կկորցնի վերջին սրբությունը՝ որդու գերեզմանը։ Ուզում եմ, որ դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխան չեմ գտնում։ Շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մեկ բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապավինելը մեկ այլ բան։ Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում և նման այլ հայտարարություններ։ Բավ է, մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»։

Դիմելով ռուս խաղաղապահներին՝ նա հիշեցրեց․ «Մեզ խաղաղություն էր խոստացվել, խաղաղությունն ամենօրյա հաց հայթայթելը, իր գոյությունը քարշ տալը չէ, խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված և ամենից զրկված լինելը չէ, ամեն օր հոգեբանական հարձակումների ենթարկվելը և մեր վրա թափվող անորոշությունները չեն։ Տեր կանգնեք ձեր մանդատին ապահովելու իրական խաղաղություն»։

Գեղամ Ստեփանյանը փաստեց՝ յոթամսյա շրջափակման տառապանքները աղաղակող փաստեր են, որ մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում․ «Չենք կարող ու վերջ։ Վերջապես հասկացեք։ Բոլոր նրանք, որոնք դեռ պատրանքներ ունեն այս առիթով, թող պատկերացնեն՝ արդյոք հնարավո՞ր էր պատկերացնել հրեաների կյանքը նացիստական Գերմանիայի կազմում։ Ադրբեջանը այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունը ներծծված է հայատյացությամբ, հայի նկատմամբ ատելությամբ ու թշնամանքով։ Բոլորը դրանում վաղուց համոզված պիտի լինեին։ Վերջ տվեք խոսելուն, անհապաղ և կոնկրետ գործողություններ ձեռնարկելը ցպահանջ է։ Հիշեք, անպատիժ հանցագործությունը կրկնվող հանցագործություն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31