Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիները դատապարտում են Լեռնային Ղարաբաղում բնակչության նկատմամբ բռնությունը

Սեպտեմբեր 23,2023 12:13

«Ռազմական բռնություններն ու տարածաշրջանի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվեն»

Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիները տագնապով են արձագանքում Լեռնային Ղարաբաղում (Արցախ) վերսկսված բռնության աճին։ Գերմանիայի Կաթողիկե Եպիսկոպոսաց Ժողովի նախագահ Գեորգ եպիսկոպոս Բատցինգը, Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու խորհրդի նախագահ Անետ Կուրշուսը եւ Գերմանիայի Միջեկեղեցական Կենտրոնական խորհրդի նախագահ Ռադու Կոնստանտին ավագ քահանա Միռոնը, միասնաբար քննադատել են Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող զանգվածային ռազմական գործողությունները, որոնք սպառնում են Ինքնավար մարզի մեծամասամբ հայ բնակչության գոյությանը:

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ միակ ճանապարհային մուտքի իննամսյա շրջափակումն արդեն իսկ հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Սահմռկեցուցիչ տեղեկություններ ենք ստանում այն մասին, թե ինչպես սովից թուլացած երեխաները հրետանային կրակի տակ չեն կարողանում ժամանակին հասնել ապաստարաններ։

Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Անետ Կուրշուսը շեշտում է. «Չի կարելի թույլ տալ, որ մարդու իրավունքների լուրջ խախտումներ տեղի ունենան համաշխարհային հանրության ուշադրությունից հեռու։ Մենք դատապարտում ենք ռազմական ագրեսիան, ինչպես նաեւ սովի օգտագործումը որպես զենք»։

Ադրբեջանական զորքերի երեկ սկսված հարձակումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության վրա սպառնում է վերածվել աղետի։ Ռադու Կոնստանտին ավագ քահանա Միռոնը մտավախություն է հայտնում, թե՝ «Ուժերի անհամեմատականության եւ աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների պատճառով ոչ մի երկիր չի միջամտի եւ չի ապահովի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը: Պետք չէ թույլ տալ բռնության հետագա սրացում»։

Սեպտեմբերի 20-ին համաձայնեցված զինադադարը հավասարազոր է Արցախի Հանրապետության հանձնմանը, եւ մենք վախենում ենք տարածքի մոտալուտ «էթնիկ զտումներից»՝ իրենց հայրենիքից մոտ 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանման միջոցով։ «Մենք դաշնային կառավարությանը եւ համաշխարհային հանրությանը կոչ ենք անում ավելի ուշադիր նայել եւ հիշեցնել Ադրբեջանին՝ բնակչության նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու պարտավորության մասին: Հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե տեղի բնակչության բռնի վտարմամբ»,- նշել է Գեորգ եպիսկոպոս Բացինգը։

Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ հակամարտության ընթացքից բխող փորձառությունը ցույց է տալիս, որ առկա է մարդու իրավունքների ոտնահարման վտանգ, ինչպիսիք են մարդկանց առեւանգումները եւ ռազմագերիների հանդեպ խոշտանգումները, որոնք միջազգային իրավունքի խախտում են: Ուստի մենք կոչ ենք անում քաղաքական առաջնորդներին ապահովել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հնարավորինս ամբողջական փաստաթղթավորումը: Ադրբեջանի պատասխանատուները պետք է հստակ իմանան, որ միջազգային հանրությունը ուշադիր հետեւում է եւ կարձագանքի միջազգային իրավունքի խախտումներին։

Քանի որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ապրող կանանց եւ երեխաներին կոչ է արել մարդասիրական միջանցքով հեռանալ դեպի Հայաստան, հնարավոր է, որ Հայաստանում փախստականների դրամատիկ իրավիճակ ստեղծվի: Բացինգ եպիսկոպոսը, հետեւաբար, կոչ է անում բոլոր պատասխանատուներին. «Եվրոպական պետությունները, ինչպես նաև բարեսիրական մեր եկեղեցական հաստատությունները պետք է նախապատրաստվեն հնարավորինս արագ աջակցել Հայաստանին՝ հոգալու ռմբակոծության ենթարկված եւ շրջափակումից տուժած փախստականների կարիքները:

Գերմանիայի Կաթողիկե Եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Ավետարանական Խորհրդի եւ Գերմանիայի Միջեկեղեցական Կենտրոնական խորհրդի նախագահները միասնաբար խնդրում են համերաշխ աջակցություն ցուցաբերել Կովկասում ապրող մարդկանց։ Որպես քրիստոնեական եկեղեցիներ՝ մենք կոչ ենք անում աղոթել բոլոր նրանց համար, որոնք տառապում են կանխամտածված կերպով ստեղծված մարդասիրական աղետի եւ ռազմական ագրեսիայի հետեւանքով։ Մեր համայնքներին խնդրում ենք՝ իրենց բարեխոսական աղոթքներում հիշել ծանր վիճակի մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

 

20 Սեպտեմբեր 2023

 

Գերմանիայի Կաթողիկե Եպիսկոպոսաց Ժողով

Գերմանիայի Ավետարանական Եկեղեցի

Գերմանիայի Միջ-Եկեղեցական Կենտրոնական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930