Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ մեզ խաբել են». Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները. «Հետք»

Հոկտեմբեր 20,2023 14:30

«Հետք». Աբրահամ Գենջոյանը դեռ նախորդ տարվա հանձնած խաղողի գումարը չի ստացել: Հույս էլ չունի, որ կստանա, թեև պայմանագրով նախատեսված էր, որ մայիսին պետք է գործարանը վճարեր: 120 դրամով 7,5 տոննա խաղողը հանձնել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի» գործարանին:

«Ամեն անգամ մեզ խաբել են՝ էսօր կտանք, էգուց կտանք: Հավաքվեցինք, գնացինք գործարան, դժգոհեցինք, ոստիկաններ եկան, մեզ համոզեցին, թե գնացեք, սեպտեմբերի վերջ կեսը կվճարեն, մնացածն էլ հոկտեմբերի սկզբին: Թողեցինք, եկանք տուն, բայց գումարները չենք ստացել»,-ասում է Ա. Գենջոյանը:

Ոչ միայն Խանջյանի, այլև մարզի Աղավնատուն, Արագած գյուղերի խաղողագործները սպասում են նախորդ տարվա խաղողի գումարներին: Նրանք ևս հանձնել են «Հայասի» գործարանին ու անհույս սպասում են: Հարկ է նշել, որ առաջին տարին չէ, երբ «Հայասին» խախտում է պայմանագրային պարտավորությունները և գյուղացիներին ժամանակին չի վճարում:

Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ սեպտեմբերի 13-ի դրությամբ 2022թ. մթերած խաղողի դիմաց գործարանների պարտքի չափը կազմում է 223 մլն 400 հազ. դրամ, որից միայն 150 մլն դրամը բաժին է ընկնում «Հայասի գրուպ» ՍՊԸ-ին:

Ու՞մ է պատկանում «Հայասի գրուպ» ընկերությունը

Ընկերությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2010թ. ապրիլի 16-ին՝ միակ սեփականատեր, այդ ժամանակ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի կողմից: Ընկերության իրավանախորդը եղել է «Գոլդեն գրեյփ գրուպ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը նույնպես եղել է Արթուր Բաղդասարյանը:

Այժմ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի սեփականատերը «Գավեքս գրուպ» ՍՊԸ-ն է:

Ուշագրավն այն է, որ «Գավեքս գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. սեպտեմբերին՝ Արթուր Բաղդասարյանի կնոջ՝ Աննա Բաղդասարյանի կողմից: Վերջինս ընկերության միակ փայատերն է եղել մինչև 2010թ. ապրիլի 15-ը: Նույն տարվա ապրիլի 16-ից մինչ օրս ընկերության միակ սեփականատերը Արթուր Բաղդասարյանն է:

Այսինքն՝ փաստացի «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի սեփականատերը նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արթուր Բաղդասարյանն է:

Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031