Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ կենացային տրամաբանությունը, որ բոլորը պետք է ծառայեն, ուզում եմ էդ տրամաբանությունից դուրս գաք, էլի». Հայկ Սարգսյան

Հունվար 11,2024 15:53

«Օրենքը, մեղմ ասած, խնդրահարույց է, ինձ համար անընդունելի: Ասում եք՝ կարելի է ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ 18-45 տարեկան շեմն եք սահմանում, վճարել 2,5 մլն դրամ եւ մեծ հաշվով՝ ազատվել ծառայությունից: Փաստորեն առաջարկում եք, որ ՀՀ-ում կարող են լինել 18 տարեկան քաղաքացիներ, ովքեր պարտադիր պետք է գնան ծառայության եւ կարող են լինել 18 տարեկան քաղաքացիներ , ովքեր կարող են վճարել եւ չգնալ: Արդարության տեսանկյունից՝ սա բացարձակ անընդունելի է»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Հանձնաժողովում քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ ի սկզբանե իրենց նպատակը ոչ թե անհավասարություն մտցնելն է, այլ անհավասարությունը մեղմելը. «1 տարվա ընթացքում մենք ունենում ենք մոտ 14 հազար արական սեռի քաղաքացիներ, որոնք ստանում են ՀՀ քաղաքացիություն: Այդ 14 հազարից որեւէ մեկը մինչեւ 27 տարին լրանալը դա չի անում, դառնում են ՀՀ քաղաքացի միայն 27 տարին լրանալուց հետո, որպեսզի չծառայեն: Առանց ՀՀ այցելելու՝ հյուպատոսարաններ են գնում ու ստանում անձնագիր, քաղաքացիություն՝ առանց երկրում որեւէ կերպ պիտանի լինելու: Դուք գիտեք, որ քաղաքացին ունի պարտավորություններ եւ իրավունքներ, այս դեպքում, երբ նրանք 27 տարին լրանալուց հետո են ձեռք բերում քաղաքացիություն, պարտավորությունների տեղը թողնում են դատարկ ու օգտվում միայն հնարավորություններից, այն է՝ ճամփորդել, պաշտպանվել ՀՀ քաղաքացիությամբ, ինչն անընդունելի է: Նրանք պարտավոր են մասնակցել նաեւ ՀՀ պաշտպանությանը՝ վճարելով կամ ծառայելով»:

Աննա Գրիգորյանն արձագանքեց, որ ցանկացած հարց բերել հասցնել բյուջե գումար մտցնելուն՝ ուղղակի աբսուրդ է. «Եթե նույնիսկ այս օրենքի արդյունքում 1000 մարդ գա ՀՀ, սա այնպիսի մեծ վնաս է հասցնում ընդհանրապես հասարակական համերաշխության տեսանկյունից, որ ուղղակի համարժեք չէ: Դուք 100 հոգի Հայաստան բերելու համար առաջարկում եք, որ ՀՀ-ում սկսվի քննարկում, 18 տարեկան տղան պետք է ասի՝ մեզ էլ ուրեմն հնարավորություն տվեք 2,5 մլն դրամ տանք, ազատվենք: Ու այս զրույցը գնալու է նրան, որ ուղղակի բանակը փակենք»:

Հայկ Սարգսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ աբսուրդն այն է, որ այս ռեսուրսը մենք հիմա չենք օգտագործում․ «Էդ կենացային տրամաբանությունը, որ բոլորը պետք է ծառայեն, ուզում եմ էդ տրամաբանությունից դուրս գաք, էլի: Պետք չի կենաց խմել, որովհետեւ էդ կենաց խմողները տեսնում ենք, էլի, գործ անելու ժամանակ որտեղ են»:

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հեգնեց, թե մեր ընդդիմությունը հեչ էլ այդ տրամաբանության մեջ չէ, որ բոլորը պետք է ծառայեն: Նա ասաց, որ հիմա ՀՀ-ում իրենց իրավունքներից լավ օգտվող 23-24 տարեկան քաղաքացիներ ունենք, որոնք միտինգների են մասնակցում, իրենց դավաճան են ասում, բայց ՀՀ քաղաքացիություն չեն ընդունում, որ չծառայեն. «Դաժե ընդդիմության ցույցեր են մեկ-մեկ վարում, այ էդպես իրենց իրավունքներին տիրապետող քաղաքացիներ ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031