Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունենք, որ մեզ մի օր կնկատեն». Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն

Մարտ 07,2024 19:22

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը 2023թ․ հունիսի 15-ին շրջափակման դաժան պայմաններում պատվով ու հպարտությամբ նշեց հիմնադրման 85-ամյակը: Ֆեյսբուքի օգտատերերը սոցցանցերում կադրեր էին տարածում, թե ինչպես են երեխաները մթության մեջ ելույթ ունենում՝ չնայած հոսանքի բացակայությանը, եւ ինչպես են դահլիճում նշմարվում բջջային հեռախոսների լույսերը:

Aravot.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը տեղեկացրեց, որ մարտի 22-ին՝ ժամը 19-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ՝ տեղի կունենա իրենց դպրոցի սաների եւ ուսուցիչների մասնակցությամբ համերգ:

«2023թ սեպտեմբերի բռնի տեղահանումից հետո որոշել ենք ամեն գնով պահպանել մեր դպրոցի պատմությունը, շատ ենք ցանկանում, որ մեր դպրոցը վերաբացվի, որպեսզի մեր մշակույթը, մեր ֆոլկլորը, մեր ոճը, մեր դիմագիծը պահպանվի, դպրոցը գործի թեկուզ որպես մասնաճյուղ, որպես մշակույթի կենտրոն կամ երաժշտական կենտրոն, որն անպայմանորեն պետք է կրի Կոմիտասի անունը»,-ասաց տիկին Բաբայանը: Նշեց, որ անցյալ տարվա հոկտեմբերից դիմել են կառավարությանը, սակայն ոչ մի պատասխան դեռ չեն ստացել:

Տեղեկացրեց, որ 2023 թ․սեպտեմբերին՝ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից առաջ դպրոցում գործել են դաշնամուրային, լարային, փողային, հարվածային, ժողգործիքների, երգեցողության բաժինները, դպրոցը հագեցած է եղել որակյալ երաժշտական գործիքներով, ունեցել է բավարար շենքային պայմաններ, որտեղ աշխատել են բարձրակարգ մասնագետներ:Այժմ ցանկանում են պահպանել սիրելի կրթօջախն այն հույսով, որ մի օր կկարողանան բարի մարդկանց եւ իրավասու կառույցների օգնությամբ վերակազմակերպել դպրոցի աշխատանքը:

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրենը նշում է, որ դպրոցի աշխատակազմը՝ 114 հոգի, ներկայումս անգործ է: Մեր հարցին՝ մի՞թե աշխատանք չի առաջարկվում, տիկին Բաբայանը պատասխանեց, որ հիմնականում ուսուցիչներին առաջարկում են իրենց աշակերտներով տեղափոխվել որեւէ դպրոց, բայց դպրոցի սաները սփռված են Հայաստանի ողջ տարածքով, եւ կարող է կոնկրետ ուսուցիչը չունենա Երեւանում աշակերտներ: Նաեւ հավելում է, որ երեւանյան դպրոցներում վաղուց ժամաքանակները բաշխված են մանկավարժների միջեւ, ուստի դժվար կլինի իրենց դպրոցի մանկավարժներին տեղավորվելը, կամ էլ այնպիսի քիչ ժամեր կունենան, որը բավարար չի լինի ապրելու համար, հատկապես որ շատերը վարձով են բնակվում:

Զարինե Բաբայանից տեղեկացանք, որ սա իրենց 4-րդ համերգն է, առաջինը կայացել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ մեծ սիրով իրենց ընդունել են, երկրորդ համերգը Կ. Սարաջյանի անվան դպրոցում էր, իրենց աջակցել է Էռնեստ Պիչիկյանը, ում հետ տարիներ շարունակ համագործակցել են «Արտ Մյուզիք» մրցույթ-փառատոնի շրջանակում, երրորդ համերգին էլ աջակցել է Նաիրա Վահանյանը, համերգը կայացել է Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում:

«Այժմ ստացել ենք առաջարկ՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնից, տնօրեն պարոն Գարեգին Սարգսյանի հետ զրուցելուց հետո եկանք այն եզրակացության, որ պետք է շարունակենք մեր պայքարը դպրոցի գոյության համար, իրենք կաջակցեն ամեն ինչով, ուզում ենք հովանավորներ գտնել, որոնք կկարողանան մեզ մի տարածք տրամադրել, շարունակենք մեր աշխատանքը, մինչեւ կառավարությունը մի բան կորոշի: Ցանկանում էինք կրկնել մեր 85-ամյակի համերգը, սակայն տարատեսակ դժվարություններ կան՝ թե երեխաների բացակայության, թե երաժշտական գործիքների առումով: Համերգի կայացմանը մեզ շատ օգնում են ջութակահար Քրիստինե Չթչյանը, կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը՝ պարոն Սարգսյանի հետ: Հույս ունենք, որ մեզ մի օր կնկատեն»,-ասաց մեր զրուցակիցը: Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրենը հայտնեց, որ համերգի տոմսերը վաճառվում են 2000-3000 դրամով, գումարը կուղղվի դպրոցի ուսուցիչների կարիքներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031