Մայիսի 1-ին ժամը 18-ին հեռարձակվող Echo der Zeit (թրգմ. «Ժամանակի արձագանքը») լրատվական թողարկման եթերում 5 րոպեանոց անդրադարձով խոսվեց «ԼՂ՝ խաղաղության սպասող հակամարտության» մասին՝ եթեր տրամադրելով Բեռն ժամանած Արցախի պատվիրակության ղեկավար ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին: Հեղինակ Էլմար Պլոցցան (Elmar Plozza) խոսքն այսպես սկսեց.
«ԼՂ-ն Կովկասում գտնվող հակամարտության տեղավայր է, որ դեռ սպասում է խաղաղության: 3 տարի է արդեն, ինչ Ադրբեջանը ռազմական ուժով գրավել է այն, այնտեղ ապրող հայերին տեղահանել: Այս շաբաթ Բեռն էր այցելել Արցախի վտարանդի ԱԺ նախագահը, որ Շվեյցարիայից սատարում էր խնդրում: Այս այցը ցույց տվեց նաեւ Շվեյցարիայի արտաքին քաղաքականության դիլեման»: Մայիսի 3-ին SRF կայքում տեղադրվեց նույն հեղինակի հաղորդման տեքստային տարբերակը:
«2023-ի աշնանը գրեթե 150,000 էթնիկ հայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը՝ ԼՂ-ն, թողնել իրենց ունեցվածքը եւ ապաստան որոնել Հայաստանում: Նրանցից մեկը Աշոտ Դանիելյանն է: Նա անցյալ տարի ընտրվել է ԼՂ-ի վտարանդի խորհրդարանի նախագահ, դառնալով տեղահանված ղարաբաղցի հայերի ամենակարեւոր ներկայացուցիչներից մեկը: Բեռն այցի ժամանակ Դանիելյանը բացատրել է, որ ԼՂ-ից հարկադրաբար Հայաստան գաղթած արցախցիներն այժմ բազմաթիվ մարտահրավերների են բախվում՝ դժվարանում են աշխատանք կամ մատչելի բնակարան գտնել: Իսկ Հայաստանի իշխանությունների բյուրոկրատիան հավելյալ ծանրացնում է ղարաբաղցի հայերի կյանքը. վերջիններս չէին կարող բռնագաղթի, փախուստի ժամանակ իրենց հետ վերցնել բոլոր փաստաթղթերը:

Ձախից աջ՝ Էրիհ Ֆոնթոբելը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Աշոտ Դանիելյանը, Արմինե Ալեքսանյանը: Բեռն, ապրիլի 30
Այս շաբաթ Աշոտ Դանիելյանը կարողացավ բանակցություններ վարել խորհրդարանի անդամների հետ Բեռնի Դաշնային խորհրդարանի շենքում: Նա իր երախտագիտությունը հայտնեց ԼՂ հայերի մտահոգությունների նկատմամբ լայնածավալ համակրանքի եւ աջակցության համար»:
Կարդացեք նաև
Այնուհետ հաղորդման հեղինակը հիշատակում է 24.4259 բանաձեւը, որով Շվեյցարիայի օրենսդիրը կոչ է անում գործադիրին կազմակերպել խաղաղության ֆորում: Շվեյցարիան պետք է պաշտպանի Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայերի միջեւ ուղիղ երկխոսությունը՝ տեղահանված հայերի վերադարձը հնարավոր դարձնելու նպատակով: «Իրականում խնդիրը դժվար է լուծել:
Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ի պատասխան SRF-ի հարցման գրել է. «ՀՀ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումների ժամանակ 24.4259 բանաձեւն իրականացնելու հարցը մի քանի անգամ արծարծվել է: Երկու կողմն էլ հաստատել են, որ նման ֆորումը ցանկալի չէ: Հետեւաբար, այն անցկացնելու պայմանները բավարար չեն»:
Սույն պատասխանին հակադարձում է Շվեյցարիայի ազգային խորհրդի կենտրոնամետ անդամ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Շտեֆան Մյուլլեր-Ալթերմատը՝ SRF -ին հայտնելով. «Եթե թաքնվենք այն հայտարարության հետեւում, որ երկու երկրները չեն ուզում կամ չեն կարող, ապա ԼՂ- ից տեղահանված անձինք դրանից ոչինչ չեն շահի»:
«Չեզոքությունը եւ միջազգային իրավունքը՝ հակամարտության մեջ: ԱԳ դաշնային դեպարտամենտը մարդու իրավունքների տեսանկյունն ընդունում է: Շվեյցարիան հրապարակավ արտահայտվել է, որ ԼՂ- ից փախստականներն իրավունք ունենան վերադառնալու իրենց հայրենի տարածաշրջան: Միեւնույն ժամանակ ընդգծել, որ միջազգային իրավունքի համաձայն ԼՂ պատկանում է Ադրբեջանին: Հետեւաբար ԼՂ խորհրդարանի խոսնակին Բեռնի ԱԳ դաշնային ներկայացուցչությունում չեն ընդունել:
Շվեյցարիայի արտաքին քաղաքականության համար նաեւ այլ դժվարություններ էլ կան: Հայաստանն ու Ադրբեջանն այժմ խաղաղության իրենց բանակցություններում ապավինում են ԱՄՆ միջնորդությանը, այլ ոչ թե ԵԱՀԿ-ին, որը նախագահում է Շվեյցարիան: Նախատեսվող խաղաղության համաձայնագիրը խիստ վիճահարույց է Հայաստանում, քանի որ այն բացառում է ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը: Միջազգային ճնշման բացակայության, Ադրբեջանի ռազմական գերազանցության պատճառով ղարաբաղցի հայերի պահանջները անտեսման վտանգն ունեն»:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































