Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող «ուրախ լինել, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է», որովհետև եթե խաղաղության համաձայնագիր չկա՝ այդ «50 մետր այն կողմ»-ը լինելու է ոչ թե հնարավորությունների պատուհան, այլ սպառնալիք». «ՉԻ»

Ապրիլ 23,2024 10:34

Ո՞րն է, ի վերջո, «տավուշյան սահմանազատման» հարցում Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, և ինչո՞ւ չի կարելի տարածքներ հանձնել՝ փոխարենը ստանալով ընդամենը լարվածության ժամանակավոր թուլացման պատրանք։

Սկսենք նրանից, որ «տավուշյան սահմանազատումը» ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մի մասն է, այլ նման գործընթաց սկսելու՝ ադրբեջանական կողմի առաջ քաշած հերթական նախապայմանը, որը հաստատ վերջինը չի լինելու։ Հասկանալի է, որ եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ դրանում անպայման պիտի ներառվեն նաև փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն ու այն իրավաքաղաքական բազան, որի հիման վրա պիտի իրականացվի սահմանազատումը, բայց քանի դեռ այդ համաձայնագիրը չկա՝ տեղի ունեցողը ոչ մի դեպքում չի կարելի անվանել սահմանազատում, դա ընդամենը լոկալ կապիտուլյացիա է։

Պարզ ասած՝ խնդիրը հետևյալն է․ կողմերը նախ պիտի խաղաղության համաձայնագիր ստորագրեն, որտեղ ի թիվս այլ հարցերի նշված կլինի, թե ո՛ր թվականի քարտեզներով են սահմանազատում իրականացնելու, և միայն դրանից հետո պիտի հստակ ժամանակացույց լինի, թե ինչ ժամկետներում և ինչ հերթականությամբ պիտի իրականացվի զորքերի փոխադարձ հետքաշումն ու սահմանի ստեղծումը։ Ընդ որում, խաղաղության համաձայնագրի մյուս կետերից և ընդհանուր բովանդակությունից է կախված՝ «մենք պիտի ուրա՞խ լինենք, թե՞ անհանգիստ, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է»։ Հենց սա պիտի լինի Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ «եկեք համաձայնագիրը փաթեթով ստորագրենք, հետո փուլ առ փուլ իրականացնենք», ընդ որում՝ դա կլինի միանգամայն լեգիտիմ և միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դիրքորոշում։ Իսկ եթե Ադրբեջանը չի համաձայնվում՝ նշանակում է իրենց նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ նոր պատերազմի համար ավելի նպաստավոր պայմանների ապահովումը։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ մենք չենք կարող «ուրախ լինել, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է», որովհետև եթե խաղաղության համաձայնագիր չկա՝ այդ «50 մետր այն կողմ»-ը լինելու է ոչ թե հնարավորությունների պատուհան, այլ սպառնալիք։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930