39 տարի առաջ Ռուսաստանի Պերմի մարզի Կուչինո ավանում տեղակայված ԳՈՒԼԱԳ-ի մահվան ճամբարի մենախցում, 47 տարեկանում, ավարտվեց ուկրաինացի բանաստեղծ, խորհրդային տարիների այլախոհ, այժմ` Ուկրաինայի ազգային հերոս Վասիլ Ստուսի կյանք-նահատակությունը: Զարմանալի զուգադիպությամբ` նրա քաղաքական գործունեությունը սկսվել էր 20 տարի առաջ նույն օրը` Կիեւի «Ուկրաինա» կինոթատրոնում Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կազմակերպված միտինգին ունեցած մասնակցությամբ: Այդ օրը ի պաշտպանություն կալանավորված վաթսունականների ելույթը նրա առաջին քաղաքական քայլն էր՝ ընդդեմ պետական համակարգի ապօրինի գործունեության: Ստուսի կյանքը երկու զուգահեռ ռելսերի` քաղաքականության ու պոեզիայի վրա ընթացող գնացք էր:
1965-ին Ստուսը փորձում է հրատարակել իր առաջին` «Ջրապտույտ» գիրքը: Բայց հեղինակի գաղափարա-գեղարվեստական չափանիշներն ու քաղաքացիական դիրքորոշումը հրատարակիչներին չեն բավարարում: Հաջորդ ժողովածուն՝ «Ձմեռային ծառերը», նույնպես մնում է հրատարակչությունում: 1970-ին այն լույս է տեսնում Բելգիայում, ինչից հետո Ստուսը վերջնականապես դառնում է համակարգի հալածյալը:
1972-ին Ստուսը ձերբակալվում է հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա վարելու մեղադրանքով: Մեղսագրման համար հիմք էին ծառայում նրա 14 բանաստեղծություններն ու 10 իրավապաշտպանական եւ գրականագիտական հոդվածները: Դրանց մեջ էր նաեւ Պավել Տիչինայի մասին գրված «Դարաշրջանի ֆենոմենը» էսսեն:
1979-ի օգոստոսին վերադառնում է Կիեւ: Ելույթ է ունենում ի պաշտպանություն ՈՒՀԽ (Ուկրաինայի Հելսինկյան խումբ) բռնադատված անդամների. «Կիեւում իմացա, որ Հելսինկյան խմբին մոտ կանգնածներին հալածում են ամենաստոր ձեւով: Համենայնդեպս, այդպես էին դատել Օվսեենկոյին, Գորբալին, Լիտվինին, հետո այդպես պատժեցին Չերնովիլին ու Ռազումնիին: Այդպիսի Կիեւ ես չէի ուզում: Տեսնելով, որ խումբը փաստորեն մնացել է բախտի քմահաճույքին, ես անդամակցեցի նրան: Այլ կերպ չէի կարող վարվել: Եթե կյանքս խլված է ինձնից, փշրանքների կարիք չեմ զգում… Հոգեբանորեն ընկալում էի, որ բանտի դռներն արդեն բացված են ինձ համար, որ մի քանի օրից դրանք իմ հետեւից կփակվեն, ու կփակվեն երկար ժամանակով: Բայց ի՞նչ կարող էի անել: Ուկրաինացիներին արտասահման գնալ չէին թույլատրում, թեեւ սահմանն անցնելու ցանկություն էլ չունեի. իսկ ո՞վ պիտի այստեղ` Մեծ Ուկրաինայում, ընդվզման ու բողոքի ձայն բարձրացներ: Դա ճակատագիր է, իսկ ճակատագիրը չեն ընտրում: Այն ընդունում են ինչպես որ կա: Իսկ թե չընդունենք էլ, ինքը բռնությամբ կընտրի մեզ… Բայց ես չեմ պատրաստվում գլուխ խոնարհել` անկախ ամեն ինչից: Իմ թիկունքին իմ Ուկրաինան է, իմ ճնշված ժողովուրդը, որի պատիվը ես պիտի պաշտպանեմ մինչ ի մահ»:
Կարդացեք նաև
Իսկ 1975-ին՝ մահվանից տասը տարի առաջ պոետը գրում էր. «Հերոսության բոլոր հնարավոր տեսակներից մեր պայմաններում գոյություն ունի միայն մեկը՝ նահատակվելու, պարտադրաբար զոհաբերվելու հերոսությունը: Այս երկրի համար ցմահ խայտառակություն կլինի այն, որ մեզ խաչին գամեցին ոչ թե ինչ-որ արմատական հասարակական դիրքորոշման, այլ ինքնասիրության զգացում, մարդկային ու ազգային արժանապատվություն ունենալու համար»:
1980-ին Ստուսը Կիեւի մարզային դատարանի կողմից դատապարտվում է 10 տարի հատուկ ռեժիմի կալանքի եւ 5 տարի աքսորի: Հայտարարվում է հատուկ վտանգավորության կրկնահանցագործ: Ի պաշտպանություն Ստուսի` Մադրիդյան համաժողովի մասնակիցներին է դիմում ակադեմիկոս Անդրեյ Սախարովը:
1983-ին Ստուսին հաջողվում է լիտվացի Գայաուսկաս ամուսինների միջոցով բանտից դուրս հանել իր «Ճամբարային տետրից» վերնագրով գրառությունը: Դրա հրապարակումը Արեւմուտքում, ինչպես նաեւ Ստուսի ստեղծագործությունները Նոբելյան մրցանակի ներկայացնելու կապակցությամբ միջոցառումները պատճառ են հանդիսանում, որ Ստուսի նկատմամբ ճնշումը մեծանա:
1985-ի օգոստոսի 28-ին Ստուսին հերթական անգամ անհիմն մեղադրանքով պատժախուց են նետում, որտեղ նա անժամկետ հացադուլ է հայտարարում: 1985-ի սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը նա մահանում է:
Ստուսի մահին հաջորդում է նրա արդարացումը` 1990-ին:
1993-ին Ստուսի գրական ժառանգությունն արժանացել է Տարաս Շեւչենկոյի անվան պետական մրցանակի: 1994-1999-ին ինը գրքով լույս է տեսել Ստուսի ստեղծագործությունների վեցհատորյա ժողովածուն: 1998-ին հետմահու պարգեւատրվել է Յարոսլավ Մուդրիի շքանշանով: 2005-ին Ուկրաինայի ազգային հերոսի կոչում է ստացել:
Ստուսը հայ քաղբանտարկյալների սրտակից ընկերն էր, Ազգային Միացյալ Կուսակցության համակիր անդամ: Մեր` հայ այլախոհներիս` Հայաստանի պատմական անցյալից սկիզբ առած ու պատմականից քաղաքականի վերածված անարդարությունները ծանոթ էին նրան ու համակարգի հետ իր սեփական կռվի մասն էին կազմում:
«Պիտի ասեմ, որ բոլոր այն հայերը, որոնք ինձ հետ աղ ու հաց են կիսել (Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը), վեր են ամեն տեսակ գովասանքի խոսքից: Ես նրանց երախտապարտ եմ այն բանի համար, որ իմ ընկերն են եղել: Խնդրում եմ, ինձ տեղյակ պահեք` ինչպես են Պարույրն ու Ռազմիկը: Ուզում եմ իմանալ` ինչպես են զգում իրենց: Ռազմիկին խոստացել են, որ Պարույրն իր հետ կլինի: Բայց որտե՞ղ: Նրանց տեղն այս տարի կարող է շատ անկանխատեսելի լինել: Խնդրում եմ, նրանց իմ ջերմ ողջույններն ուղարկեք: Թող նրանք` Ռազմիկն ու Պարույրը, իմանան, որ ես առաջվա պես սիրում եմ իրենց ու երախտապարտ եմ երկար ամիսների ընկերության ու համատեղ պայքարի համար»:
«Վերջերս գրել եմ Ռազմիկին ու Պարույրին: Ռազմիկից նամակ ստացա: Նրան երկուսն ուղարկեցի: Ի դեպ, չեկիստն ասում էր, որ հայերի մասին ինչ-որ հոդված է լույս տեսել, որի մեջ իմ ազգանունն էլ կա: Ասաց` հոդվածում խոսվում է իմ ոտքերի, ձեռքերի մասին: Մոտը պատճեններ կային, որոնք հրաժարվեցի կարդալ»:
Սրանք պատառիկներ են Ստուսի` բանտից գրված նամակներից:
Ընդհանուր ցավը հզոր մերան է, եւ մեր` խորհրդային քաղբանտարկյալներիս համար ռեժիմի կամայականություններից ծնված ցավն ու մեր ազգային ինքնության պահպանման ձգտումը գրեթե նույնացրել էին մեզ: Մեր պայքարը աշխարհի քաղաքակիրթ հանրությանը վկայում էր մեծապետական բռնատիրության ու հետեւողական ապազգայնացման հնարավոր պարտելիությունը: Եվ այդ պայքարի առաջատար մահապարտներից մեկը ուկրաինացի պոետ Վասիլ Ստուսն էր:
Շուտով առաջին անգամ հայերեն թարգմանությամբ կներկայացվի Ստուսի բանաստեղծությունների ժողովածուն:
Ներկայացնում ենք ժողովածուի բանաստեղծություններից:
Վասիլ Ստուս
* * *
Բարեւ քեզ, բարեւ, թխաչյա իմ տող,
Իմ անքնության քույրը լինես թող,
Կասեցրու նրան, ակնթարթ իմ վեհ,
Ափերիս համար աղոթքն է պատեհ:
Կապույտ աղավնի, ցավիս՝ մեծ պատիվ,
Երեկո է արդ, փետուրդ է խռիվ,
լսելի ես դու, քան երեւելի,
դրոշմ առավել, այլ ոչ՝ թեւելի:
Բարբառիր, իմ բառ, դու հասուն իմ ցավ,
Եվ երբ քո մասին շշնջամ՝ «հարեավ»,
փրկիր ինձ ծանր այս բեռից անգիր,
Ու խնդությունից դու նույնպես փրկիր:
Քանի ծաղկում են ափերս կլոր,
Տերեւ է տալիս սիրտս շուրջբոլոր,
Քանի դեռ խոհս երկար է քանց զանգ,
Զանգի պես կլոր՝ սրտիս ամեն հանգ,
Դու սափորի պես իմ ներսը լցրու
Մի անհուն սիրով ու հույսով հլու:
Եվ ըղձանքիս սուրբ ծաղկանց հատուցում՝
Իմ այս տողերի տքնանքը վերցրու:
* * *
Դու նախանձիր ինձ, նախանձիր, Բալզակ,
Որ փարաջա ունեմ, նստել եմ մենակ:
Շուրջս լուռ ու մութ է, ու ես վհուկի պես
աչքերս չռած՝ նայում եմ աշտարակներին,
որ խենթերի պես ցրված են մին-մին.
Ի՛նչ երանություն այս տարաժամին:
Բայց հենց նույն պահին սթափվում եմ
հանկարծ,
Ու պատրանքներս՝ քաղցր, վտարված
Ասում են՝ լսիր, ինչո՞վ ես տարված.
Տրտում մի հորիզոն անհույսի ներքո՝
Ահա քո հայրենին ու բաժինը քո:
* * *
Ռազմիկ Մարկոսյանին
Ու պարզեց ձեռքն իր Աստված,
Զատկական աստղեր ցանեց,
Անթիվ աստղերից անդին
Նա ողկույզ մատուցանեց:
Օծվեց կապույտը երկնի
Տրտում ոսկով հուրհրան,
Լույս իջավ վերից հանկարծ,
Հոգիս մարմնիցս տարան:
Ձնաբուք հեծկլտացող,
Մերկ փշալարեր սառած:
Աշխարհը լույս լինի թող,
Փառավորի թող Աստված:
Թարգ. ԵՐԱԶԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Լուսանկարում` Վասիլ Օվսիենկոն եւ Ռազմիկ Մարկոսյանը
«Առավոտ» օրաթերթ
07.09.2024


















































