Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Արհեստական բանականության համակարգերի միջոցով ստեղծված ապացույցների վիճարկումն ավելի է բարդանում՝ պայմանավորված դրանց «սև արկղի» բնույթով

Հուլիս 24,2026 13:00 Share

Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի 2026 թվականի հերթական համարը (2026 4-6 (322-324): Հրապարակումներում նկատել էր փաստաբանական համայնքի ակտիվությունը, նախորդ համարում մեր դիտարկմամբ դատարաններն էին ակտիվ։


Անչափ ուշագրավ այս համարում կարող եք կարդալ.

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արարատ Բայանդուրյանի՝ «Անցումային արդարադատության տեսակները», Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հայցորդ Անահիտ Աբրահամյանի՝ «Արհեստական բանականության գործիքների կիրառման վտանգները կողմերի հավասարության և վկաներին հարցաքննելու և հակադարձելու իրավունքի համատեքստում», ի.գ.թ., ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ավագ դասախոս, Հայ-ռուսական համալսարանի ավագ դասախոս Արտակ Գեւորգյանի՝ «Պատերազմի ժամանակ ռազմական դրոնի իրավաչափ կիրառության կանոնները», ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ Անահիտ Թումանյանի՝ «Անալոգիայի կիրառումը ՀՀ քաղաքացիական դատավարությունում», ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Դավիթ Թովմասյանի՝ «Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը քրեական պատասխանատվության համակարգում»…ուսումնասիրությունները։ Ձեզ ենք ներկայացնում մի հատված Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հայցորդ Անահիտ Աբրահամյանի՝ «Արհեստական բանականության գործիքների կիրառման վտանգները կողմերի հավասարության և վկաներին հարցաքննելու և հակադարձելու իրավունքի համատեքստում» ուսումնասիրությունից մի հատված։

Դատավարության մրցակցային բնույթը տարածվում է նաև վկաների հարցաքննության գործընթացի վրա

Վկաների հարցաքննման իրավունքները սահմանված են ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի տեքստում՝ 3-րդ մասի (d) ենթակետով, համաձայն որի՝ մեղադրյալը պետք է ունենա իրական հնարավորություն՝ հարցաքննելու իր դեմ վկայություն տվող վկաներին կամ ապահովելու նրանց հարցաքննությունը, ինչպես նաև ներկայացնելու և հարցաքննելու պաշտպանության վկաներին նույն պայմաններում։ «Unterpertinger v. Austria» գործով ՄԻԵԴ-ը հստակեցրել է, որ դատավճիռը, որը հիմնված է վկաների ցուցմունքների վրա, որոնց հարցաքննելու հնարավորություն մեղադրյալին չի տրվել, անհամատեղելի է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի պահանջների հետ։ Սույն դրույթից շեղում­ներ թույլատրվում են, երբ առկա են բավարար հակակշռող երաշխիքներ։ ՄԻԵԴ-ը «անհայտ վկաների» կողմից ներկայացված ցուցմունքների թույլատրելիությունը գնահատում է հետևյալ գործոնների լույսի ներքո. 1. Արդյո՞ք վկայի բացակայության համար կար հարգելի պատճառ, 2. Այդ վկայի ցուցմունքն արդյո՞ք կազմում էր վճռի կամ որոշման միակ կամ որոշիչ հիմքը և 3. Արդյո՞ք առկա էին համապատասխան երաշխիքներ մեղադրյալի իրավունքի սահմանափակումը հակակշռելու համար։ Վերոգրյալ դրույթների հստակեցման կարևորությունն այն է, որ արհեստական բանականության համակարգերն իրենց օգտագործման բնույթով կարող են նմանվել վկայությունների։ Ինչպես շարադրվել է Չեսմանի աշխատությունում, մեքենայական համակարգերը կարող են գեներացնել ապացույցներ առանց մարդկային միջամտության և չնայած այն հանգամանքի, որ այդ ապացույցները կարող են լուրջ հետևանքներ ունենալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում, դրանց «հարցաքննումը» հնարավոր չէ։ Նախկինում հնարավոր էր քննության ենթարկել այն անձանց, որոնք օգտագործում էին տեխնոլոգիական գործիքներ՝ ապացույցների ստեղծման կամ հավաքագրման նպատակով։ Նրանց հարցաքննության միջոցով հնարավոր էր վիճարկել ստացված արդյունքները։ Սակայն այսօր ապացույցների վերլուծության գործընթացում մարդկային գործոնի դերն աստիճանաբար նվազում է։ Արհեստական բանականության գործիքները ձեռք են բերում ինքնավարության աննախադեպ մակարդակ, ինչի հետևանքով դրանց կողմից ձևակերպված եզրակացությունները որոշակի անձանց վերագրելը կամ այդ անձանցից այդ արդյունքների բացատրություն պահանջելը դառնում է ավելի ու ավելի դժվար։ Այստեղ կարևոր է նշել, որ «արհեստական բանականություն» հասկացությունը միասնական և հստակ սահմանում չունի։ Այն ներառում է տարբեր ծրագրեր՝ տարբեր գործառույթներով և ինքնավարության տարբեր աստիճաններով։ Օրինակ՝ առաջնային մակարդակում առկա է պարզ ավտոմատացումը, որտեղ համակարգերը գործում են նախապես սահմանված կանոնների և սցենարների հիման վրա՝ առանց «ուսուցման կամ հարմարվողականության»։ Սպեկտրի մյուս ծայրում գտնվում են լիովին ինքնավար համակարգերը, որոնք կարող են գործել հարաբերականորեն անկախ՝ նվազագույն մարդկային միջամտությամբ։ Օրինակ՝ «agentic» արհեստական բանականությունը, որն այսօր դասակարգվում է առավել բարձր ինքնավարությամբ օժտված համակարգերի շարքում, էապես տարբերվում է պասիվ գեներատիվ արհեստական բանականությունից։ Այն ունակ է նախաձեռնողական կերպով կողմ­նորոշվել միջավայրում, գործել Կիրառական ծրագրավորման ինտերֆեյսների (API-ների) միջոցով և հարմարվել նոր իրավիճակներին։ Նման համակարգերի հիմ­նական կարողությունների շարքին են պատկանում ամբողջական աշխատանքային գործընթացների ավտոմատացումը, տվյալների վերլուծությունը և բազմափուլ որոշում­ների կայացումը։ Նման համակարգերի օգտագործման պայմաններում հնարավոր չէ արդյունքները հստակ վերագրել որոշակի անձանց և հետևաբար այդ արդյունքներին հակազդելը դառնում է խնդրահարույց։

Մեքենայական ուսուցման ալգորիթմ­ների ներքին գործառույթները հաճախ լինում են սեփականության իրավունքով պաշտպանված և հետևաբար դուրս են հանրային վերահսկողությունից, ինչի հետևանքով մեղադրյալները զրկվում են այդ գործիքների աշխատանքը հասկանալու հնարավորությունից։ Առավել մտահոգիչ է նաև լայնորեն տարածված այն կարծիքը, որ մեքենայական համակարգերի կողմից ստեղծված ապացույցները կամ տվյալները ի սկզբանե օբյեկտիվ են և հուսալի։ Այս ընկալումը կարող է հանգեցնել նրան, որ նման ապացույցներին տրվի անհամաչափ մեծ նշանակություն դատավարության ընթացքում։ Դասական պատկերացմամբ դատավարության ընթացքում վկաների ցուցմունքները կարող են կասկածի տակ դրվել՝ հիմնվելով վկայի կողմից նախկինում ստելու դեպքերի, հոգեկան վիճակի կամ այլ հանգամանքների վրա, որոնք կարող են ազդել ցուցմունքի արժանահավատության վրա։ Մեքենաների դեպքում նման գնահատումը զգալիորեն ավելի բարդ է, հատկապես երբ բացակայում է հստակ տեղեկատվություն ծրագրի բնույթի, կիրառվող մոդելի կամ դրա սահմանափակում­ների վերաբերյալ։ Այս համատեքստում անհրաժեշտ է, որ թե՛ դատարանները, թե՛ համապատասխան ծրագրերը ստեղծող և կիրառող անձինք գրանցեն այն բոլոր դեպքերը, երբ համակարգն արտադրել է սխալ կամ կեղծ տեղեկություն, և այդ տվյալները պետք է պարտադիր կերպով բացահայտվեն դատավարության ընթացքում։ Brian Sites-ը վերլուծում է, որ դատարանները գնալով ավելի հաճախ մեքենայի կողմից գեներացված տվյալները դիտարկում են որպես հենց մեքենայի «հայտարարություններ», այլ ոչ թե մարդկային փորձագիտական դիրքորոշում։ Այս մոտեցման արդյունքում հարցաքննության իրավունքը հաճախ չի ապահովում մեղադրյալների հնարավորությունը հարցաքննելու այն անձանց, որոնք գործարկել կամ օգտագործել են տվյալ համակարգը և մասնակցել արդյունքի ձևավորմանը։ Արհեստական բանականության համակարգերը՝ պայմանավորված թափանցիկության բացակայությամբ, նման են «թաքնված» վկաներին։ Իհարկե ներկա պայմաններում այս համակարգերը չեն տալիս «վկայություն» դասական իմաստով, սակայն դրանց կիրառման բնույթը հաճախ ցուցաբերում է վկայության տարրեր։ Արհեստական բանականության համակարգերը կարող են դատարանին փոխանցել փաստական նշանակություն ունեցող պնդում­ներ, օրինակ՝ տեսագրության մեջ պատկերված անձին նույնականացնելով մեղադրյալի հետ, կամ որ կոնկրետ տրանսպորտային միջոցը գտնվել է որոշակի վայրում և ժամանակում, կամ որ գրանցված ձայնային ազդանշանը, ամենայն հավանականությամբ, հրազենի կրակոցի արդյունք է։ Ավելին, ինչպես պարզ է դառնում վերոգրյալ վերլուծությունից, դրանք կարող են գեներացնել ապացույցներ, կարծիքներ և որոշում­ներ, որոնք էական ազդեցություն են ունենում գործերի ելքի վրա։ Այսպիսով, ՄԻԵԴ-ի գործող կարգավորում­ների տրամաբանության տեսանկյունից արհեստական բանականության համակարգերը կարող են օգտագործվել դատավարական գործընթացներում վկաներին նմանակող գործառույթների համար բացառապես հատուկ երաշխիքների առկայության պայմաններում և կողմերին պետք է հնարավորություն ընձեռվի ուսում­նասիրելու, հակազդելու և հնարավոր է նաև հարցաքննելու արհեստական բանականության համակարգերին։ Վերջինս առաջացնում է մի շարք հիմ­նահարցեր՝ կապված արհեստական բանականության համակարգերի իրավական կարգավիճակի հետ, սակայն այս հարցը պահանջում է խորքային վերլուծություն, որը դուրս է այս հոդվածի շրջանակից։ Անհրաժեշտ է համաձայնվել նաև Զավռնսկիի դիրքորոշմանը, համաձայն որի՝ վկաների հարցաքննության իրավունքը պետք է ներառի նաև տվյալների և մեթոդաբանության «հարցաքննության» իրավունքը։ Այս դիրքորոշումը լիովին տեղավորվում է ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի տրամաբանության մեջ։ Հարցաքննության իրավունքը չի սահմանափակվում միայն դասական վկայություններով։ Ինչպես հաստատում են Brandstetter, Mantovanelli, Cottin, Luca, Mirilashvili և Georgios Papageorgiou գործերը: Կոնվենցիոն պաշտպանությունը տարածվում է նաև փորձագետների, փաստաթղթային ապացույցների և նույնիսկ համակարգչային ֆայլերի վրա, երբ դրանք էական ազդեցություն են ունենում գործի ելքի վրա։ Արհեստական բանականության համակարգերի կիրառումը և գործունեությունն իր բնույթով նման է փորձագիտական ցուցմունքի։

Երկրորդ՝ իրավագիտական գրականությունում բարձրաձայնվել է այն մտահոգությունը, որ ԱԲ գործիքների կիրառումը կարող է բարդացնել դատավարությունում կողմերի միջև առկա ռեսուրսային անհավասարությունները։ Սակայն արհեստական բանականության գործիքների թափանցիկությունն ինքնին բավարար չէ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ օգտագործվող գործիքների վերաբերյալ տվյալները հասանելի են, դրա արդյունքները վիճարկելու համար հաճախ անհրաժեշտ է փորձագետի ներգրավում։ Սովորական անձինք կարող են չունենալ բավարար տեխնիկական գիտելիքներ՝ հասկանալու այդ համակարգերի գործելակերպը, իսկ իրավաբաններն ու դատավորները ներկայում բավարար պատրաստվածություն չունեն այս ոլորտում։ Ավելին, երբ նույնիսկ մեքենայական ուսուցման մոդելները մշակող անձինք չեն կարող հստակ բացատրել, թե ինչպես են մուտքային տվյալները համակցվում և վերափոխվում, այդ գործընթացների հետագծումը դառնում է առանձնապես բարդ հակառակ կողմի համար։ Փաստաբանների կողմից արհեստական բանականության համակարգերի կիրառումը նույնպես կարող է ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ այն դեպքերում, երբ կողմերի ֆինանսական կարգավիճակը խիստ տարբերվում է, հատկապես անվճար իրավաբանական օգնության պայմաններում։ Իրավաբանական ոլորտի որակյալ ԱԲ գործիքների արժեքները բավականին բարձր են և այդուհանդերձ հասանելի են միայն մեծ իրավաբանական գրասենյակների։ Սա իր հերթին ստեղծում է կողմերի անհավասարության մեծ ռիսկեր։ Այն իրավաբանները, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն այս ոլորտում, անխուսափելիորեն կբարձրացնեն իրենց ծառայությունների գինը, ինչի արդյունքում այդ հմտությունները հասանելի կդառնան հիմ­նականում ավելի ապահովված դատավարական կողմերին։ Սա փաստացի կդնի մյուս մասնակիցներին անհավասար դրության մեջ՝ էլ ավելի խորացնելով արդեն իսկ գոյություն ունեցող դատավարական անհավասարությունները։ Սա կողմերի հավասարության և մրցակցային դատավարության իրավունքների ևս մեկ շերտ է, որի վրա ազդում է արհեստական բանականությունը։ Արհեստական բանականության հակազդելու անհրաժեշտությունը կարող է զգալիորեն ավելացնել դատական ծախսերը, հատկապես՝ թանկարժեք տեխնիկական ապացույցների ձեռքբերման, փորձագիտական եզրակացությունների և փորձագետների ճանապարհածախսերի մասով։ Մեղադրող կողմը սովորաբար ունի ավելի լայն հնարավորություններ՝ օգտվելու լաբորատորիաներից, փորձագետներից և արտաքին մասնագետներից, մինչդեռ մեղադրյալները հաճախ նման ռեսուրսներ չունեն։ Նույնը վերաբերում է նաև ֆինանսապես ապահովված կողմերին, որոնք կարող են ունենալ իրենց փորձագետների շրջանակը, անհասանելի մյուսների համար։ Ավելին, երբեմն նրանք նույնիսկ «ամրագրում» են ուժեղ փորձագետներին միայն նրա համար, որ հակառակ կողմը չկարողանա օգտվել նրանցից։ Արդյունքում, այն կողմը, որն ունի ավելի շատ ռեսուրսներ, կարող է ներգրավել ավելի լավ փորձագետներ և ավելի ուժեղ ներկայացնել իր դիրքորոշումը։ Հաճախ հենց փորձագետների այս «պայքարը» կարող է որոշել գործի ելքը, և դա մեծապես կախված է կողմերի ֆինանսական հնարավորություններից։ Այնո­ւամենայնիվ, հնարավոր չէ ռեսուրսների անհավասարության խնդիրը վերագրել միայն արհեստական բանականությանը, քանի որ այն գոյություն է ունեցել դատական համակարգի ձևավորման սկզբից ի վեր։ Որոշ առում­ներով արհեստական բանականությունը կարող է նույնիսկ հեշտացնել գործընթացը կողմերի համար՝ հասանելի ձևով բացատրելով բարդ իրավական հասկացությունները, աջակցելով իրավական հետազոտությանը և տրամադրելով նախնական խորհուրդ։ Վերոշարադրյալ խնդիրների հասցեագրման համար առաջին հերթին անհրաժեշտ է օրենսդրական մակարդակում ամրագրել ալգորիթմական թափանցիկության և բացատրելիության նվազագույն պահանջներ, որպեսզի դատավարության կողմերը կարողանան հասկանալ տեխնոլոգիական գործիքների կողմից ձևավորված եզրակացությունների հիմքերը և արդյունավետորեն վիճարկել դրանք։ Սա հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ նման գործիքներն օգտագործվում են ապացույցների գնահատման կամ որոշում­ների վրա ազդեցություն ունեցող վերլուծությունների համար։ Միաժամանակ, կարևոր է, որ կողմերը ունենան անկախ փորձագետի անվճար հիմունքներով ներգրավման իրավունք, այս տվյալների վերլուծման և վիճարկման նպատակով։ Միևնույն ժամանակ, կողմերի միջև տեխնոլոգիական և ռեսուրսային անհավասարությունների հասցեագրման համար անհրաժեշտ է պետական քաղաքականության մակարդակում ապահովել համապատասխան գործիքների հասանելիություն կամ փոխհատուցող մեխանիզմ­ներ, հատկապես անվճար իրավաբանական օգնության համակարգում։ Հանրային պաշտպանի գրասենյակը պետք է զինված լինի արհեստական բանականության այնպիսի գործիքներով, որոնք կապահովեն իրենք մրցակցային դիրքն առավել խոշոր և կոմերցիոն փաստաբանական գրասենյակների նկատմամբ։ Վերջապես, առանցքային նշանակություն ունի նաև դատական համակարգի դերակատարների՝ դատավորների, փաստաբանների և այլ մասնակիցների շարունակական վերապատրաստումը։ Միայն բավարար գիտելիքների և հմտությունների առկայության դեպքում հնարավոր կլինի ապահովել, որ տեխնոլոգիան կիրառվի վերահսկելի, թափանցիկ և արդար կերպով՝ պահպանելով կողմերի հավասարությունը և արդար դատաքննության հիմ­նարար սկզբունքները։ Եթե դատավորները, փաստաբանները և այլ մասնակիցները բավարար կեր­պով չեն հասկանում կիրառվող տեխնոլոգիական գործիքների տրամաբանությունը, հնարավորությունները և սահմանափակում­ները, ապա նրանք չեն կարող լիարժեք վերահսկել այդ գործիքների ազդեցությունը դատավարության վրա։ Արդյունքում, որոշում­ները կարող են անուղղակիորեն հիմնվել այնպիսի մեխանիզմ­ների վրա, որոնց քննադատական գնահատումը փաստացի բացակայում է։ Բացի դրանից՝ տեխնոլոգիական գիտելիքների պակասը կարող է խորացնել անհավասարությունները դատավարության կողմերի միջև։ Այսպիսով, դատավորների, դատախազների և փաստաբանների ուսուցման և վերապատրաստման ծրագրերը պետք է ներառեն արհեստական բանականության համակարգերի վերաբերյալ համապարփակ ծրագրեր։ Նման կարողությունների զարգացումը պահանջում է պետական մակարդակով համակարգված քաղաքականության ձևավորում և համապատասխան կրթական ծրագրերի ներդրում, ինչպես նաև փաստաբանական պալատի և այլ մասնագիտական կառույցների ակտիվ ներգրավում այս գործընթացում։

«Առավոտ» օրաթերթ
23.07.2026

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել