ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ռասիմ Մուսաբեկովը ադրբեջանական պատգամավոր է, Ալիևի կարևոր «խոսնակներից» մեկը: Իր մեկնաբանության մեջ նա նշում է, որ Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության, կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում իր դիրքորոշմամբ «թունավորում է» հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Իրականում Իրանի դիրքորոշումն այս պահին կենսական դեր է խաղում նաև հնարավոր ռազմական գործողությունները կանխելու ճանապարհին։ Իրանի ղեկավարությունը տարբեր առիթներով խոսել է «բալանսավորված խաղաղության» մասին, բայց մեր ղեկավարության վարած բանակցություններն ու գրանցած արդյունքները շատ հեռու են այդ կոնցեպտից։
Ճիշտ հակառակը՝ պայմանագիրը, որի մասին այդքան խոսում է միջոց է պատերազմով ու պատերազմի սպառնալիքով ձևավորված իրողությունների ամրագրման համար։ Ուղղակի Բաքվին բավարար չէ այն, ինչ ունի այս պահին, ախորժակը չափազանց մեծ է, դրա համար էլ որևէ թղթի ստորագրման հարցում շահագրգռված չէ։


















































