Նվազագույնը 50 հազար դրամ։ Ահա, այսքան գումար է անհրաժեշտ՝ դպրոցահասակ մեկ երեխային սեպտեմբերի 1-ին պատրաստելու համար։ Սա՝ այն դեպքում, երբ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը 55 հազար դրամ է։ Ստացվում է՝ մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ գումարը հավասար կամ նույնիսկ ավելի շատ է, քան նվազագույն աշխատավարձը։
«Հրապարակն» ուսումնասիրեց, թե որքան արժեն գրենական պիտույքները Երեւանի գրախանութներում եւ տոնավաճառներում:
Գրախանութներից մեկում նկատեցինք, որ գրիչների գները սկսվում են 50 դրամից, հասնում մինչեւ 5 հազար դրամի` ըստ արտադրման վայրի: Սուպերմարկետներում նույնպես գրիչների գները սկսվում են 50 դրամից, հասնում մինչեւ 1350-ի:
Մենք ուսումնասիրեցինք նաեւ երեւանյան գրախանութներում առկա դպրոցական պայուսակների գները: Մեզ հանդիպած ամենաթանկ դպրոցական պայուսակը գրախանութներում արժեր 43 հազար դրամ, ամենամատչելին` 8 հազար 500: Ուսումնասիրության ժամանակ հաճախորդներից երկու կին զրուցում էին, որ տոնավաճառներում պայուսակների գներն անհամեմատ ավելի մատչելի են` սկսվում են 3 հազար 500-ից:
«Հրապարակը» նաեւ զրուցեց սեպտեմբերի 1-ին իր 6-ամյա որդուն դպրոց ճանապարհող մի ծնողի հետ՝ պարզելու, թե որքան են կազմում դպրոցահասակ երեխայի համար նախատեսված հագուստի եւ կոշիկների ամենամինիմալ գները: Մեր զրուցակցի պնդմամբ` 6-10 տարեկան աշակերտի վերնաշապիկն արժե 8000-30 հազար դրամ, դպրոցական կոշիկները` 13000-32000:
Մեր զրուցակցի խոսքով` նշված արժեքներից ընտրել է միջինը: Արդյունքում` մեկ երեխայի համար ծախսել է 90 հազար դրամ: