«Մարդկանց պետք է պարզ բացատրել իրողությունները, այդ թվում նաեւ՝ քննադատելով ընդդիմությանը։ Բայց քննադատելով ոչ թե ի հաշիվ նրա, որ իշխանությունը ճիշտ է, ընդդիմությունը՝ սխալ։ Մենք պետք է ելակետ ընդունենք պետության գոյության հնարավորության հեռանկարը։ Ընդդիմությունը՝ լավ, վատ, թերի, ոչ թերի, բազմաթիվ խնդիրներով՝ ունի օրակարգ՝ պետություն ունենալու, պահպանելու։ Այո, այն մարդկանցով, ում հասարակության մի մասը չի ընդունում, ում նկատմամբ բազմաթիվ բամբասանքներ կան, մի մասին հրեշ են սարքել, մի մասին էլ պատկերացում չունեն՝ բացարձակ ֆեյքային թեմաներ են կպցրել։ Բայց այդ մարդիկ հանձնառություն կարող են ունենալ՝ պետությունը պահպանելու մասով։ Այլընտրանքը՝ պետություն չունենալն է»,- «Առավոտի» «Այլ օրակարգ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։
Եվ որպեսզի այլընտրանքային օրակարգն ավելի ազդեցիկ դառնա, ըստ մեր զրուցակցի, հանրային հեղինակություններն այս ամենի մասին պետք է մարդկանց հետ խոսեն, որովհետեւ քաղաքական մարդիկ հոգնեցնում են։ Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պետք է «ասֆալտի վրա» գնան չկազմակերպված հանդիպումների եւ ներեղություն խնդրեն հասարակությունից, ասեն՝ սխալվել ենք։
Թե ինչո՞ւ չեն անում՝ բացատրությունն ամբիցիաներն են․ «Դուք շատ եք տեսել, որ ամբիցիաները գերակայել են պետության գաղափարին, պետության անվտանգությանը։ Այս պահի դրությամբ տեսնում եմ ամբիցիաների նվազեցում, բայց այն չափով, ինչ չափով, որ պետք է լիներ, դեռ չեմ տեսնում»։
«Պեռաշկին ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք»,- օրերս խորհրդարանում ընդդիմությանն ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ՝ նկատի ունենալով, որ իրենց կերած կարկանդակը, կուկուռուզն ու կարտոֆիլը ավելի շատ հանրային եւ քաղաքական քննարկումների առիթ տվեցին։
Կարդացեք նաև
Ալեն Ղեւոնդյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է այսօր ձևավորում Հայաստանի քաղաքական օրակարգը՝ իրական խնդիրնե՞րը, թե՞ իշխանության կողմից առաջ քաշված նարատիվները։ «Փաստորեն, գործող իշխանության ներկայացուցիչը, ԱԺ պատգամավորը նշում է, որ իրենց համար այդ սննդատեսակների օգտագործումը առավել կարեւոր է, քան բուն խնդիրներ լուծելը։ Ինքնախոստավանական ցուցմունք է տալիս երիտասարդը»,- հեգնեց մեր զրուցակիցը։
«Մեդիա օրակարգ փակելով՝ ինքը (Նիկոլ Փաշինյանը-Ն․ Գ․) մարդկանց ուղեղների վրա մեծ ազդեցություն է ունենում եւ ինֆորմացիոն բլոկադայի է ենթարկում ընդդիմադիր հատվածի թեզերը, որոնք կենսական կարեւորություն ունեն՝ պետության գոյության տեսանկյունից»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ընդդիմությունը դրան հակադարձելու օրակարգ չունի եւ չի էլ կարող ունենալ, որովհետեւ դա կնշանակի՝ նմանվել իշխանությանը եւ մտնել իշխանության խաղի մեջ․ «Բայց ընդդիմությունը պետք է հակաքայլ գտնի։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր հետաքրքիր առաջարկներ կան, բայց դրանց PR եւ մեդիա-սպասարկումն է թերի։ Եվ թերի է ասֆալտի վրա։ Իրավիճակը փոխվելու է ոչ թե վիրտուալ տիրույթում, այլ ասֆալտի վրա։ Մարդկանց ամենեւին դուր չի գալիս, երբ վարչապետն իրեն պահում է էժան, անորակ բառապաշար որդեգրած, թերուս, բայց ոչ հիմար մարդու վարքաբանությամբ։ Դա հարիր չի պետական պաշտոնյայի պատասխանատվություն վերցրած անհատին, ով հանրային պահանջմունքների իրացման, բավարարման պատասխանատվություն պետք է ունենա։ Ինքը մի կողմից լավ է ճանաչում մեր հանրույթին, մյուս կողմից՝ զարկերակի ինչ-որ սեգմենտներ կորցրել է։ Դրա համար սկսում է քայլեր՝ հասկանալու համար՝ իր «իրական Հայաստանում» իրեն ո՞նց են վերաբերվում։ Իսկ մենք տեսնում ենք՝ ոնց են վերաբերվում։ Ահավոր վատ են վերաբերվում։ Մարդիկ դադարել են վախենալուց եւ արտահայտվում են»։
Բանախոսի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը միաչափ, միայն ժողովրդի հետ չի, որ աշխատում է, նաեւ փորձում է արժեզրկել հիմնական թիրախներին․ «Դուք նկատե՞լ եք, որ իր բառապաշարում «ուժեղ» բառն ընդհանրապես չկա։ «Ուժեղ» բառն ինքը չի օգտագործում, ուժի գաղափարն իր մոտ դիսոնանս է առաջացնում, ինչպես «կապիտուլյանտ» բառը, ինչպես «դավաճան» բառը։ Կոնցեպտը, որը ինքն առաջ է տանում՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը պետք է լինի Ադրբեջանը, Ուկրաինայինը՝ ՌԴ-ն, հարճի եւ տիրոջ հարաբերությունների մասին է։ Այսինքն, մեր գոյության իրավունքը լիովին տեղավորվում է մեր վերադաս մարմնի քմահաճույքների տիրույթում։ Մենք կլինե՞նք, թե՝ չէ, Ադրբեջանը կորոշի։ Այսինքն, իրենց խաղաղությունը ստրկանալու հեռանկարն է, բայց, որպեսզի դա ճիշտ փաթեթավորվի, իրենք կենցաղային հայի պրոպագանդա են անում, իրենք բարձր արժեքներից չեն խոսում։ Բայց խաղն ամենեւին այդ ամպլիտուդով չի լինելու, որովհետեւ մարդիկ հասկացել են․ սոցհարցումները ցույց են տալիս, որ խնդիրը ոչ թե սոցիալական ապահովությունն է, այլ անվտանգությունը։ Դրա համար ինքը «Ուժեղ Հայաստանին», «Հայաստան» դաշինքին, ովքեր անվտանգության տարրի մասով առանցքային են, սկսում է ձեռք առնել, թիրախավորել»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ առաջիկա ընտրություններում իշխանական ուժը մինչեւ 23 տոկոս վարկանիշ ունի, եւ այս իրականությունը պետք է սթափ գնահատել, որպեսզի պլանավորումների մեջ չսխալվել։ Ու այս իմաստով արձանագրում է՝ խելամտությունը հաղթեց, եւ ընդդիմադիր դաշտի տարբեր միավորներ ոչ թե դաշինքներով, այլ կուսակցություններով են պատրաստվում մասնակցել ընտրություններին․ «Բայց խնդիրն այն է, որ այդ մարդկանց մի մասի ամբիցիաները շատ անհարկի են եւ հոգնեցնող։ Ինձ հետաքրքիր չի, թե ո՞վ է լինելու իշխանությունը՝ ընդդիմության տեսանկյունից։ Ինձ հետաքրքիր է, որ մենք այս վիճակից ազատվենք։ Եթե մենք կարողանանք այս արժեքային կոնսենսուսը ունենալ եւ կարողանանք դրան հավատարիմ լինել, ինձ թվում է՝ կստացվի»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































