Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը՝ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կա՛մ չեն շահագործվել, կա՛մ լիարժեք չեն շահագործվել։
Թե ինչ հանքային պաշարներ ունի Արցախը, ինչն է արդեն շահագործվել և ինչի վրա կարող է կենտրոնանալ Ադրբեջանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ներկայացրել է աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Առաքելյանը։
Նրա խոսքով՝ Արցախի ընդերքը չափազանց բազմազան է։
«Արցախի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության պատճառով բազմազան են օգտակար հանածոները։ Հանդիպում են մետաղական և ոչ մետաղական հանածոների հարուստ տեսականի։ Արցախի տարածքում չկան վառելիքի արդյունաբերական նշանակության հանքավայրեր։ Բացակայում են նավթի և գազի պաշարներ, որոնց այլընտրանքային տեսակ կարող է հանդիսանալ քարածխի որոշ երևակումներ։ Արցախի Հանրապետության տարածքում քարածխի շերտեր հայտնաբերված են յուրայի և կավճի նստվածքների որոշ կտրվածքներում՝ Մաղավուզի հանքավայրում, Նարեշտարի երևակում և Քոլատակի երևակում։ Չնայած տարածքի փոքրությանը՝ Արցախին բնորոշ են նաև մետաղական օգտակար հանածոները։ Ինչպես գիտեք, մետաղաձուլությունը Արցախում հայտնի է դեռ շատ վաղուց։ Այդ են վկայում Խծաբերդի, Մեհմանայի հնագույն ձուլարանները»։
Կարդացեք նաև
Յուրի Առաքելյանի ներկայացմամբ՝ Արցախի տարածքում առկա հետազոտված և պաշարները հաշվարկված հանքավայրեր են՝ Դրմբոնի /ոսկե-պղնձեհրաքարային/, Մեհմանայի /բազմամետաղային/, Տափասարի /քրոմիտի/ և Զուարի /սնդիկի/, Թոնդրակ գետի /ոսկու/։ Ուղղակի և կողմնակի հանքայնացման նախանշաններով հանքաբեր դաշտեր են՝ Ճանկաթաղ-Վարդաձոր /Կաշենի/, Էլբեկսարի /պղնձա-բազմամետաղային/, Մեծ Բնառաթափի /պղնձա-մոլիբդենային/, Լևի /սնդիկի/ հանքավայրերը, որոնք անհրաժեշտություն ունեին հետախուզական աշխատանքների։
Նա նաև նշում է, թե դրանցից որոնք են արդեն շահագործվել։
«Նշվածներից շահագործվել են Դրմբոնի /սպառված է/, Թոնդրագետի, Ճանկաթաղ-Վարդաձորի /Կաշենի/ հանքավայրերը»։
Մասնագետի խոսքով՝ Արցախը հարուստ է նաև ոչ մետաղական օգտակար հանածոներով՝ կրաքարով, մարմարով, գրանիտով, գաբրոյով, բազալտով, անդեզիտով, տուֆով, պեմզայով, պեռլիտով, ավազով, կավերով և այլ պաշարներով։
Այսպիսով, Ալիևի ստորագրած փաստաթուղթն ու «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ զրույցում ներկայացված մասնագիտական գնահատականները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է արագ տնտեսական շահագործման մեջ ներառել օկուպացված Արցախի ընդերքը՝ հատկապես կենտրոնանալով առավել եկամտաբեր հանքերի վրա»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































