«Հոգևոր Հայաստանը՝ մեր քաղաքակրթական ժառանգությունն է, մշակույթի, կրթական և գիտական համակարգերի ամբողջականությունը, նաև Հայ առաքելական եկեղեցին, առանց որի զարգացման, պահպանման և պաշտպանության անհնար է պարզապես պատկերացնել մեր բարոյական և արժեքային վերականգնումը, մրցունակ երկրի կառուցումը»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ «Հայաստան դաշինքի» գիտությանը, կրթությանն ու մշակույթին վերաբերող տեսլականը ներկայացնելիս:
«Մենք՝ հայերս, մշակույթի, գիտելիքի և կրթության նկատմամբ ունենք պաշտամունքային վերաբերմունք, և այդ պաշտամունքային վերաբերմունքը դարերի պատմություն ունի։ Բնականաբար, այս ոլորտը, հոգևորը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, Հայ առաքելական եկեղեցին և Սփյուռքի հետ հարաբերությունները չէին կարող լրջագույն տեղ չգրավել «Հայաստան» դաշինքի ծրագրում։ Այն կարևորագույն մասն է կազմում հոգևոր Հայաստանի, որը նաև աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, նաև Սփյուռքը՝ իր ահռելի մշակութային, կրթական ներուժով և, բնականաբար, կարողականություններով»,- ի թիվս այլնի նշեց պատգամավորը:
Նա անդրադարձավ նաև կրթական չափորոշիչների վերատեսությանը և նոր դասագրքերի ստեղծմանը, նպատակն էլ ազգային և մրցունակ կրթությունն է: «Մենք համոզված ենք, որ ցանկացած առաջընթաց սկսվում է կրթված հասարակությունից, որը գիտի՝ որտեղից է գալիս, ճանաչում է իր արմատները և գիտի, թե ուր է գնում»,- ասաց պատգամավորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































