Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞վ են ՔՊ-ականների հայտարարությունները տարբերվում ադրբեջանցիների եւ թուրքերի խոսույթից․ իրենք ապացուցում են, որ թուրք-ադրբեջանական դրածոներ են»

Ապրիլ 28,2026 10:53 Share

 «Առավոտ»-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

– Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, օրերս տեղեկություն եղավ, որ ոչնչացվել է նաեւ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում այս հարցերը բարձրաձայնել միջազգային հարթակներում։ Իսկ ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանն արդարացրել է Ադրբեջանի գործողությունները։ Ինչպե՞ս եք արձագանքում այս ամենին։

-Ադրբեջանն առաջնորդվում է մաքուր օրուելյան տրամաբանությամբ՝ «ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան, իսկ ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»։ Հիմա իրենք վերահսկում են ներկան, հայտնվել են Արցախի Հանրապետության տարածքում եւ փորձելով ոչնչացնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ ապագայի համար հիմքեր են ստեղծում՝ փորձելով ներկայացնել, թե «այստեղ երբեք հայեր չեն ապրել»։ Իրենք հասկանում են, որ քանի դեռ արցախցիները վճռական են, ընդհանրապես քանի դեռ հայ ազգը վճռական է, արցախցիների վերադարձի հարցը լինելու է օրակարգում։ Եվ հիմա, օգտվելով պատեհ առիթից, իսկ պատեհ առիթը Նիկոլ Փաշինյանի գտնվելն է Հայաստանի իշխանության ղեկին, իրենք փորձում են ապագայի համար իրենց քաղաքական խնդիրները լուծել։

Ինչ վերաբերում է որոշ ՔՊ-ականների հայտարարություններին, դրանք մաքուր ադրբեջանական հայտարարություններ են։ Ինչո՞վ են այդ հայտարարությունները տարբերվում ադրբեջանցիների եւ թուրքերի խոսույթից, բացարձակապես ոչնչով։ Դրանով իրենք եւս մեկ անգամ ապացուցում են, որ թուրք-ադրբեջանական դրածոներ են եւ Հայաստանում իրականացնում են թուրք-ադրբեջանական քաղաքականություն։ Իրենք ոչ թե Հայաստանի, հայ ժողովրդի շահերն են առաջ մղում, այլ ադրբեջանցիների։

ՔՊ-ականներն իրենց այս քաղաքականությունը արդարացնում են նրանով, թե խաղաղություն են հաստատում Ադրբեջանի հետ, փորձում են չսրել հարաբերությունները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, հայկական պատմամշակութային հուշարձանները քանդելը, հայ ժողովրդի պատմությունը ջնջելու փորձերը տեղավորվո՞ւմ են խաղաղության գործընթացի շրջանակներում։

-Կլաուզեւիցի հայտնի խոսքը կա․ «Զավթիչը սիրում է խոսել խաղաղության մասին, որպեսզի ձեր երկրին առանց դիմադրության տիրանա»։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն ասում է՝ դե որ խաղաղություն է, հանկարծ չհամարձակվեք ծպտալ։ Բայց այդ «խաղաղությունը» Հայաստանի համար բացարձակ եւ անվերապահ կապիտուլյացիա է։ Եվ ի տարբերություն Գերմանիայի կամ Ճապոնիայի, երբ այդ կապիտուլյացիան մեկ ակտ էր, Հայաստանի դեպքում շարունակական է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ թվում էր, թե դա վատագույնն էր տեղի ունեցել, արդեն 24 ժամ հետո ավելի վատացավ մեր վիճակը, վատացավ ու վատացավ։ Իրենք ուղղակի ամեն վայրկյան միլիմետր առ միլիմետր մեր երկիրը հանձնում են ադրբեջանցիներին եւ ասում են՝ հանկարծ չբողոքեք, հանկարծ ինչ-որ թթու խոսք չասեք ադրբեջանցիներին, որովհետեւ կռիվ կլինի։ Բա հետո՞, բա կարմիր գիծը ո՞րն է։

Ավելին ասեմ՝ այս իշխանություններն ինչքան էլ գլխիկոր Ադրբեջանի բոլոր հրամաններին ու նվաստացումներին հետեւում են, միեւնույն է, Ադրբեջանի ախորժակը դրանով չի հագենում։ Կրկնում եմ՝ այն, ինչ այսօր տեսնում ենք, թուրք-ադրբեջանական քաղաքականության իրականացում է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանի ներսում չունի աջակցություն եւ փորձում է Ադրբեջանի օգնությամբ Հայաստանում իր հարցերը լուծել՝ իր իշխանազավթման քաղաքականությունն իրականացնել։

Տեսեք, թե իր թիմակիցներն արդեն ինչ են ասում՝ Նիկոլ Փաշինյանը չլինի, Հայաստանը չի լինելու։ Ինքն էլ է ասում՝ ես չլինեմ, խաղաղություն չի լինի։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ քանի Նիկոլ Փաշինյանը կա, մենք անիծվա՞ծ ենք, որ ինքն է լինելու այս երկրի ղեկավարը։ Դա նույնն է, որ երբ մեկին բակում չեն սիրում, սպառնում են, որ դրսից մարդ կկանչեն։ Ալիեւն իր մեծ եղբայրն է, եւ ինքն իր մեծ եղբայր Ալիեւով սպառնում է Հայաստանի Հանրապետությանը։ Եվ որպեսզի արժանանա իր մեծ եղբոր բարեհաճությանը, բոլոր հրամաններին ենթարկվում է։

Ընտրական այս փուլում հասարակությունը կարող է հեշտ տրվել խաղաղության մասին խոսույթին։ Ի վերջո, մարդիկ հոգնել են, խաղաղություն են ուզում, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, թե եթե ընդդիմությունն ընտրվի, պատերազմ կլինի։ Մարդիկ ակամայից վախի մթնոլորտում են հայտնվում, ինչպե՞ս պետք է կողմնորոշվեն։

-Ակնհայտ է, չէ՞, որ պատերազմը Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում բռնկվեց։ Ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը օգտվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից, իր ճոռոմ հայտարարություններից, թե՝ «ես Ղարաբաղի փոխարեն չեմ բանակցի», «Մինսկի խմբի ներկայացրած առաջարկություններն ինձ համար ընդունելի չեն», «Արցախը Հայաստան է, եւ վերջ», «նոր պատերազմ, նոր տարածքներ», ՍՈւ-30»-ների հետ սելֆի անելը եւ այլն։ Այս ամենն իր քաղաքականության հետեւանքն է՝ գիտակցված, թե անգիտակից, դա հետագան ցույց կտա։ Իմ կարծիքով՝ գիտակցված է դա արվել, բայց համարենք, որ սխալմամբ է արել, մարդիկ պետք է դա տեսնեն, չէ՞։ Եթե 8 տարի է՝ չեն տեսնում, ի՞նչ ասեմ։

Մենք դեմ ենք Փաշինյանին, որովհետեւ կողմ ենք խաղաղությանը, իսկ Փաշինյանը խաղաղություն չի բերում, Փաշինյանը բերում է միայն մահ, աղետ, դժբախտություն ու աղքատություն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930