Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնանալ վերջին 8 տարվա վրա

Ապրիլ 29,2026 13:00 Share

Երկրորդական հարցերը մեզ չպիտի բաժանեն

Այսօր Ռոբերտ Քոչարյանն ինձ համար ավելի գերադասելի թեկնածու է, քան Փաշինյանը: Իհարկե, ավտորիտարիզմով, անհանդուրժողականությամբ, ընդդիմախոսների նկատմամբ ագրեսիվությամբ նրանք իրար նման են: Բայց Փաշինյանը տարբերվում է բոլորից. նա մեր պատմական, աղետալի ձախողումների «հեղինակն» է: Բացի դրանից, Քոչարյանը երբեք չի դիմի լկտի, խուլիգանական քայլերի ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու՝ որքան էլ անհավատ լինի: Որեւէ կուսակցության ծրագրում, բացի ՔՊ-ից, չկա կաթողիկոսին հեռացնելու անօրինական, հակասահմանադրական կետը: Ինձ համար այդ հարցը սկզբունքային նշանակություն ունի:

Այդքանով հանդերձ՝ չեմ կարող չարձանագրել, որ այսօր Քոչարյանը ձգտում է ինքնահաստատվել այլ ընդդիմադիրների հաշվին, եւ այդ վարքագիծը բավականին մանր է թվում: Իմ պատկերացմամբ՝ երկրի նախկին ղեկավարը պետք է զերծ մնա հետին թվով հարաբերություններ պարզելու կամ դրանք «շտկելու» գայթակղությունից: Չեմ կարծում, մասնավորապես, որ 2008 թվականին Քոչարյանն իր «իրավահաջորդին» ընտրելու լայն հնարավորություններ ուներ: Եթե հիմա նա իր այդ դիրքորոշման համար մեծ ափսոսանք է ապրում, ապա պետք է նաեւ ասի, թե, այսօրվա փորձից ելնելով, ո՛ր թեկնածուին է նա ավելի արժանի համարում: Եթե, իհարկե, ընդհանրապես նման «պատմական ռեկոնստրուկցիայի» որեւէ կարիք կա:

Ճիշտն ասած, երբ վերջին ամիսներին ես տեսնում էի ՀՀԿ անդամների եւ այդ թիմին մոտ կանգնած մարդկանց գրառումները՝ ուղղված Քոչարյանի դեմ, փոքր-ինչ տարակուսում էի՝ արդյո՞ք դրա ժամանակն է: Բայց հիմա (երբ երկրորդ նախագահը խոսեց իր «սխալի» մասին) մտածում եմ, որ դա գուցե պատասխան է «քոչարյանական» կողմի քարոզչության, որի դրսեւորումներն ինձ ավելի քիչ են հայտնի: Որքանով տեղյակ եմ՝ Քոչարյանին սատարող դաշնակցականներն, ի պատիվ իրենց, այդ ամենին չեն մասնակցում: Կարծում եմ, այդ կուսակցությունը կարող է օգտագործել իր հեղինակությունը՝ փոխադարձ խայթոցներին վերջ տալու համար:

Քոչարյանը հիմնականում արդարացիորեն է քննադատում ներկա իշխանությունների քաղաքականությունը: Հրաշալի կլիներ, եթե նա, ինչպես եւ բոլոր մնացած ընդդիմադիրները, կենտրոնանար այս վերջին 8 տարվա վրա, քանի որ հիմա առաջնահերթ խնդիրը պետության այս մահաբեր ընթացքը կանգնեցնելն է: Իսկ ինչ է եղել դրանից առաջ… դա կարելի է թողնել հետագա քննարկումների համար:

Ինչո՞ւ պետք չէ հիմա խորանալ վաղ եւ ոչ վաղ անցյալի մեջ: Կարծում եմ, այդ հարցի պատասխանը պարզ է՝ ընդդիմադիր ընտրազանգվածը մոբիլիզացնելու համար: Պարզ օրինակ բերեմ: Քոչարյանն ասում է, որ ազնվորեն, առանց պետական լծակներն օգտագործելու, ինքը 1998 թվականին հաղթել է Կարեն Դեմիրճյանին՝ բերելով այդ փաստարկը, որ այն ժամանակ իր մրցակցին էին պաշտպանում, այսպես կոչված, «կարմիր տնօրենները», որոնցից ոչ մեկն այն ժամանակ չհետապնդվեց ու չձերբակալվեց: Բայց հազարավոր քաղաքացիներ, այդ թվում նաեւ ես, դրա հետ համաձայն չենք:

«Կարմիր» եւ «ոչ կարմիր» բուրժուաները, ինչպես ցույց է տվել Հայաստանի այս երեք տասնամյակների պատմությունը, հեշտությամբ հարմարվում են ցանկացած իշխանությանը, նրանք միշտ կանգնում են ուժեղի կողքին, որովհետեւ դողում են իրենց հարստության, իրենց բիզնեսների համար: Իսկ ուժեղը 1998 թվականին նրանք էին, ովքեր փետրվարին իրականացրել էին պալատական հեղաշրջումը: Քոչարյանի ընտրությանն ակտիվորեն աջակցում էին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եւ ՆԳ, եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը: Քոչարյանական էր պետական հեռուստատեսությունը, որի «Հայլուրը» հօգուտ նախագահի պաշտոնակատարի (այսինքն՝ Քոչարյանի) ագրեսիվ քարոզչություն էր տանում: Այլընտրանքային տեղեկատվության հզոր միջոցներ՝ սոցցանցեր, կայքեր այն ժամանակ չկային:

Փաշինյանի հեռացումը ցանկացող քաղաքացիների մի մասն այդպես է տեսնում այն ժամանակվա իրադարձությունները, մյուս մասը՝ գուցե այլ կերպ: Բայց մի՞թե հիմա ժամանակն է՝ այս երկրորդական հարցերով բաժանարար գծեր փնտրելու:

Կարծում եմ, բոլորս պետք է սրտանց ցանկանանք, որ «Հայաստան» դաշինքն անցնի 8 տոկոսանոց շեմը, որովհետեւ կասկած չկա, որ այդ ուժը չի համագործակցի Փաշինյանի հետ: Այս պահին դա՛ է կարեւորը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930