Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի ինքնատիպ մի հայտարարագիր՝ «Ֆրանսերենը հաջողության հնարավորություն է»: Այս է պատճառը, որ Ֆրանկոֆոնիայի օրերը յուրահատուկ հնարավորություն են ընձեռում ֆրանսերենը որպես աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց ընտրած մարդկանց՝ բարեկամության և համախմբման շնորհիվ իրենց յուրօրինակ սերն ու համակրանքն արտահայտել ոչ միայն ֆրանսերենի, այլ ֆրանսիական մշակույթի հանդեպ: Միևնույն ժամանակ Ֆրանկոֆոնիան քաղաքական և տնտեսական տարածք է, որտեղ համախմբված հասարակությունները կիսում են ընդհանուր արժեքներ՝ համերաշխության և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի պատրաստակամությամբ։
Այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվում է «Խաղաղության սերունդ․ երիտասարդության ներդրումը հանուն ավելի խաղաղ աշխարհի» խորագրի ներքո՝ ավելի քան արդիական և առանցքային թեմա մարտահրավերների բախվող ֆրանկոֆոն ընտանիքի, այդ թվում՝ մեր երկրի համար։
Կարդացեք նաև
Aravot.am-ը հերթական ֆրանկոֆոնյան թեմայով զրուցեց երիտասարդ երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի մագիստրոս Հեղինե Խաչատրյանի հետ։
«Այս ինքնատիպ մշակութային իրադարձության շրջանակներում հետաքրքիր համերգային ավանդույթներ է ձևավորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ տպավորիչ համերգաշարերի անցկացմամբ: Տարվա առաջին համերգը տեղի ունեցավ մարտի 31-ին՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում՝ ՀՈՎԵՐ պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (մենք անդրադարձել ենք այդ միջոցառմանը):
Այնուհետև ուսանողական բազմապիսի ծրագրային ելույթներ կազմակերպվեցին բուհի տարբեր ֆակուլտետներում և ամբիոններում: Եզրափակիչ համերգը՝ կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ օրերս Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում, որտեղ հանդես եկան և՛ Երևանի կոնսերվատորիայի, և՛ Գյումրիի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները: Ծրագրի համակարգողն էր Երևանի կոնսերվատորիայի կրթության որակի ապահովման բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանը»,– հայտնեց մեր զրուցակիցը։
Ապա հավաստեց, թե ֆրանսիական երաժշտության հանդեպ մեծ ակնածանքն ու յուրաքանչյուր ստեղծագործության կատարման ներշնչանքը բացառիկ մթնոլորտ էին ձևավորել դահլիճում: Թեև կատարվող գործերը խիստ տարբեր էին ժամանակային, ոճական և ժանրային բնութագրերով, սակայն դրանք միավորում էին ֆրանսիական ազգային կոմպոզիտորական հարուստ դպրոցի համընդգրկուն ավանդույթները: Որպես ասվածի փաստ՝ երաժշտագետը ներկայացրեց համերգի ծրագիրը՝ նշելով, որ այն հագեցած էր ֆրանսիացի ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններով և համահունչ էր օրվա խորհրդին՝ մասնակիցների ոգեշունչ կատարումներով.
Շառլ Ազնավուր – «Սիրով լի կյանք» («Une vie d’amour»): Ժենյա Պողոսյան (դոցենտ Լուսինե Կչոզյանի դասարան)
Կամիլ Սեն-Սանս – սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, op. 32, № 1, առաջին մաս: Լյուդմիլա Հովսեփյան (դաշնամուր) և Ազատ Հարությունյան (թավջութակ) (դոցենտ Անահիտ Մանվելյանի դասարան)
Կլոդ Դեբյուսի – «Ջրի արտացոլումը»՝ «Կերպարներ» դաշնամուրային շարքից: Արևշատյան (պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարան)
Լեո Դելիբ – Ծաղիկների զուգերգը «Լակմե» օպերայից: Քրիստինե Խալաթյան և Ալլա Հարոյան, նվագակցող՝ դոցենտ Դիանա Խաչատրյան (դոցենտ Մերի Մկրտչյանի դասարան)
Ժակ Իբեր – պիես մենակատար ֆլեյտայի համար: Սուսաննա Սարուխանյան (պրոֆեսոր Գայանե Մուրադյանի դասարան)
Ֆրանսիս Պուլենկ – սոնատ ջութակի և դաշնամուրի համար, I մաս: Մարիա Մուրադյան (ջութակ) և Կիմա Օհանյան (դաշնամուր) (պրոֆեսոր Իրինա Բադալյանի դասարան)
Շառլ Գունո – Վալենտինի արիան «Ֆաուստ» օպերայից: Սերգեյ Փահլևանյան, նվագակցող՝ դոցենտ Լարիսա Ալեքսանյան (դոցենտ Սերգեյ Զաքարյանի դասարան)
Մորիս Ռավել – «Թախծոտ թռչուններ»՝ «Արտացոլումներ» դաշնամուրային շարքից: Մերի Շարբաթյան (պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարան)
Էժեն Բոցցա – «Բալլադ» կլարնետի և դաշնամուրի համար: Մարիամ Մարտիրոսյան (կլարնետ), նվագակցող՝ Միլենա Հովհաննիսյան (դոցենտ Սևադա Շհոյանի դասարան)
Շարլ-Մարի Վիդոր – սյուիտ ֆլեյտայի և դաշնամուրի համար, I մաս: Կարինե Մելիքյան, նվագակցող՝ Միլենա Հովհաննիսյան (պրոֆեսոր Գայանե Մուրադյանի դասարան)
Ժյուլ Մասնե – «Մտորում»: Մանե Հովհաննիսյան (ջութակ) (Սպարտակ Պետրոսյանի դասարան)
Էժեն Բոցցա – «Արիա»: Գոռ Երվանդյան (կլարնետ) (Արման Շաբոյանի դասարան)
Կամիլ Սեն-Սանս – «Ինտրոդուկցիա և ռոնդո կապրիչիոզո»: Շուշանիկ Պուչինյան (ջութակ) (Հայկ Մանուկյանի դասարան)
Հեղինե Խաչատրյանը հավելեց, որ համերգին հանդես է եկել նաև Գյումրիի մասնաճյուղի «Կոմիտաս» կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Բադալյան), իսկ համերգը եզրափակվել է Էդիտ Պիաֆի հայտնի «Սիրո օրհներգ»-ով՝ Գյումրիի մասնաճյուղի առաջին կուրսի ուսանողուհի Լիանա Հակոբյանի կատարմամբ (Լարիետա Սրապյանի դասարան)։
Զրույցի ընթացքում երաժշտագետը քանիցս հնչեցրեց հետևյալ միտքը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և մասնաճյուղի համատեղ համերգային ծրագրերի իրականացումը անչափ կարևոր է բուհերի ուսանողների և դասախոսների ստեղծագործական մերձեցման, փոխհարստացման և մասնագիտական ինքնահաստատման համար։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ


























































