ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն ահազանգում է, որ եվրոպական լրատվամիջոցի ներկայացուցիչն այսօր առավոտից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում իրականացվող բողոքի ցույցերը նկարել ու հեռացել է՝ առանց լսելու ցուցարարներին:
«Հենց զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը պետք է կանգներ ու հերթով քաղաքացիներին նկարելու փոխարեն՝ հարցներ՝ ինչի մասին է այս հավաքը, ինչու են քաղաքացիները առավոտ շուտ իրենց քունը խանգարել եւ եկել այստեղ անգլերենով ու հայերենով կոչեր անում: Մինչդեռ մարդը, որ ԶԼՄ ներկայացուցիչ էր, պարզապես նկարեց ու փախավ: Սա խոսում է հենց նույն Եվրոպայի ոչ ժողովրդավարական արժեքների մասին: Սա այն Եվրոպան չէ, որի արժեքները Հայաստանում պետք է տարածվեն: Այս մարդիկ, որոնք վերեւում են ներկայացված, նույնպես ժողովրդավարական արժեքներից կիլոմետրերով հեռու են: Նույն Անտոնիո Կոշտան, Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Եվրոպայում վարում են երկակի ստանդարտներով քաղաքականություն եւ գազի ու նավթի դիմաց վաճառում են մարդկային բարձր արժեքները: Նրանց համար ո՛չ հայ ժողովրդի նսեմացված արժանապատվությունը նշանակություն ունի, ՛ էլ՝ Արցախի կորուստը»,- ասաց նախկին պատգամավորը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր ամբողջ օրվա գրաֆիկով բողոքի ցույցեր են անցկացնելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում է ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Հայաքվեի



















































