«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը և «Միասնության թևերի» ներկայացուցիչները նախ Մայիսի 9-ի առիթով այցելեցին Հաղթանակի զբոսայգի, ապա քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցան Նոր Նորքում, որտեղ պատասխանեցին բնակիչների հարցերին ու բաժանեցին իրենց քարոզչանյութերը։
«Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքն էլ չե՞ն կոտորվելու»,- Արման Թաթոյանին հարցրեց մի սևազգեստ կին, ում որդին զոհվել էր Արցախյան առաջին պատերազմում, իսկ թոռը՝ 44-օրյայի ժամանակ։ «Ոչ, մայրիկ ջան, մեր ընտրվելուց հետո է լինելու իրական խաղաղությունը… Փառք ու պատիվ ձեր ընտանիքին, ձեր զավակներին, նրանց սխրանքը չենք մոռանա, մենք ձեզ պարտք ունենք տալու, մայրիկ ջան»։ Կինն ասաց, որ ոչինչ չեն ցանկանում, միայն խաղաղություն, որպեսզի նոր զոհեր չլինեն։ Մեկ այլ տիկին հարցրեց՝ ռուսներո՞վ ենք խաղաղություն բերելու։
Մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց:
«Ոչ մի անգամ չպետք է հույսներս դնենք ուրիշի վրա։ Երբ հույսներս դնենք ուրիշի վրա, այդ ուրիշը իր շահերի համար զոհաբերելու է մեզ, որովհետև ամեն մեկն ունի իր շահը։ Եկեք, թեկուզ, նույն Ռուսաստանը վերցնենք. խաղաղապահ զորքերը կային Արցախում, Ջերմուկի հետ կապված՝ ինչու չմիջամտեց Ռուսաստանը, երբ մեր երկիրը պաշտպանելու կարիք ուներ։ Բայց այս իշխանության վարած քաղաքականության արդյունքում այս պատերազմները եղան։ Հիմա էլ այս իշխանությունը մաքուր ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, լրիվ Ադրբեջանի մարդն է Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար ի՞նչ պետք է անենք. լրիվ մեր ուժին, մեր զորությանը պետք է ապավինենք»,- ասաց «Միասնության թևերի» վարչապետի թեկնածուն։
Կարդացեք նաև
«Այսօր ամենահզոր օրերից մեկն է, ձեր տղաները, թոռնիկները կյանք են դրել մեր այսօրվա խաղաղ օրվա համար, մենք ո՞նց իրավունք ունենք այս օրը մոռանալ։ Այս իշխանությունը չի էլ հիշում, կարծես այսօրվա մասին մոռացել են, բայց մեր պատմությունն է, մեր ինքնության մասն է, մեր արժեքներն են։ Ես տեսնում եմ ձեր աչքերի արցունքները, մենք իրավունք չունենք դա մոռանալու»,- ասաց Թաթոյանը։
Մեկ այլ քաղաքացու հետ զրուցելիս էլ ասաց, որ հատկապես 3 կարևոր հարց կա այսօր Հայաստանի քաղաքացիների համար՝ անվտանգություն, կրթություն և աշխատանք։ Ասաց նաև, որ աշխատողների համար ունեն ծրագիր, որ աշխատանքից դուրս մնալու պարագայում ստանան անաշխատունակության վճար 6 ամսվա համար՝ միջին վաստակի չափով, մինչև նոր աշխատանք գտնելը։
Մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց:
Ամենուրեք Արման Թաթոյանն ու «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը քաղաքացիներից հետաքրքրվում էին՝ «Մեզ հարցեր ունե՞ք»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































