Տավուշի մարզից վերջին տարիներին դեպի Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազում է։ Սա է փաստում մարզի բնակիչների հետ մեր զրույցը։ Որպես հիմնական պատճառ մարդիկ նշում են Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացումները։ Նաեւ ասում են, որ Հայաստանում արդեն գործ կա, մասնավորապես, շինարարության ոլորտում, եւ «խոպանչիների» մի մասը գերադասում են մնալ ու աշխատել Հայաստանում։
Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր համայնքի բնակիչ Արտակ Կարայանը 30 տարի է՝ աշխատում է Ռուսաստանում, նաեւ ՌԴ քաղաքացի է։ Ասում է՝ տարվա մի մասը բնակվում է Ռուսաստանում, մյուս մասը՝ Հայաստանում։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում Տավուշի մարզից միգրացիոն հոսքերը դեպի Ռուսաստան նվազել են։ Հարցին, թե ո՞րն է պատճառը, պատասխանում է․ «Մեր ղեկավարությունը երես է թեքել ռուսներից, մեր ժողովրդին համոզում է՝ կամ ռուսամետ եք, կամ ռուսամետ չեք, որոշումը ձերն է։ Հայերը Ռուսաստանում պրոբլեմներ ունեն՝ գրանցման խնդիրներ, դժվարացնում են պրոցեսը։ Մենակ հայի համար չեն դժվարացնում, բոլորի համար դժվարացնում են, բայց հայերի համար նոր է։ Ասել են՝ առաջիկա մեկ ամսվա մեջ ավելի են դժվարացնելու։ Եթե ամեն մարդ իր կաշվի վրա զգա, շատ լավ կլինի։ Եթե առանց ռուսի ապրող ենք, ապրենք էլի»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Կարայանը։
Տավուշում աշխատանք կա, ասում է նա, բայց «այստեղի գործով մարդ չի կարա ապրի, կարա յոլա գնա։ Արտերը չենք ցանում, ցանում ես, դուրս չի գալիս բերքը, եղանակն է պատճառը»։
Կարդացեք նաև
Արտակ Կարայանը նաեւ նշեց, որ իր ծանոթներից օրերս դարձյալ բողոք է լսել, որ Ռուսաստանում աշխատելը դժվարացել է․ «Ընկերս գնացել է, զանգել լաց է լինում, որ հետ գա։ Գնացել էր Մոսկվա շինարարությամբ զբաղվելու, բայց դժվարությունների առաջ է կանգնել»։
Նա նշում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն՝ պետական մակարդակով լուծելու հայերի համար ՌԴ-ում ծագած խնդիրները։ «Շատ հարցեր ունենք, որոնք չեն լուծվում։ Սաղ հարցերի պատասխանները պետք է գտնի ղեկավարությունը, վարչապետը պետք է լինի դիվանագետ, բայց Հայաստանի ղեկավարությունը չի կարողանում հարցեր լուծել»,- ասաց նա։
Աչաջուր գյուղի բնակիչ Նարիման Ջամալյանն էլ ասում է, որ աչաջուրցիները գնում են եւ Ռուսաստան, եւ Ամերիկա, եւ Եվրոպա, աշխատում գալիս են։
«Ովքեր գնում են, գնում են ավելի շատ փող աշխատելու համար, ավելի լավ մեքենա գնելու համար։ Ամեն տեղ էլ նույնն է, խելացի մարդն աղքատ չի լինի, ով խելք ունի աշխատում ապրում է, ով չունի, վայ նրան։ Ստեղ միշտ էլ լավ են ապրել, ով աշխատում է, լավ ապրելու է, ով չի աշխատում, լոդր մարդը միշտ էլ բողոքավոր է լինում։ Տեսնո՞ւմ եք ինչ տներ կան Աչաջրում, Երեւանում սկի սենց տներ չկան»,- ասաց նա։
Նույն գյուղի բնակիչ Մարտիկը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր է վերադարձել Ռուսաստանից, պատրաստվում է նորից մեկնել։ Ասում է՝ ընտանիքով հաստատվել են Ռուսաստանում, դժգոհ չեն։ Աչաջուրցի մոտ 50 մարդ է ապրում Ռոստովում։ «Նոր եմ եկել Ռուսաստանից, հորս քառասունքին եմ եկել, եկող շաբաթ էլի գնալու եմ Ռոստով։ Ստեղից հիմա էլ ոչ մեկ չի ուզում գալ Ռուսաստան, որովհետեւ ստեղ տուն եմ ռեմոնտ արել, ավելի թանկ փողով եմ ծախսել, քան այնտեղ կարող եմ ծախել։ Էլ հայեր չկան մեր մոտ, որ խոպան են գալիս, որովհետեւ այստեղ աշխատանք կա։ Այստեղ շինարարություն են անում, ասում են՝ Ռուսաստան գնալու կարիք չկա։ Ռուսաստանում խստացումներ էլ կան, բայց մենակ հայերի համար չեն խստացումներ, բոլոր միգրանտներին են վերաբերում։ Բայց ինձ թվում է, որ արտագնա աշխատանքի չգնալու վրա ավելի շատ ազդում է այն, որ Հայաստանում գործ կա։ Օրինակ՝ ստեղ կաֆելը խփում են, 5000 դրամ են ուզում, այնտեղ 1000 ռուբլի չեն տալիս, այսինքն՝ այնտեղ ավելի ժան է, քան այստեղ»,- ասաց նա։
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղի բնակիչ 71-ամյա Սերյոժան նշում է, որ իրենց գյուղից Ռուսաստան գնացողներ կան, առաջ շատ էին գնում, բայց հիմա քիչ են։ Գյուղի երիտասարդները հիմա գերադասում են «խոպան» գնալ Երեւան։ «Հիմա գնացողը մնում է, էլ չի էլ գալիս։ Ստեղ գործ չկա, սաղ պարապ ման են գալիս։ Հիմնականում նպաստ ու թոշակ են ստանում, ապրում են, էլի։ Իսկ հիմնականում ջահելները Երեւան են գնում աշխատելու»,- ասաց նա։
Ներքին Ծաղկավանի բնակչուհի Օֆելյան, որի երկու որդիները մեկնել են արտագնա աշխատանքի, նշում է․ «Շինարարությունը, որ սկսել են, աշխատանք կա այստեղ, էլ շատ չեն գնում Ռուսաստան։ Աշխատողն այստեղ էլ է աշխատում, հեռու տեղն էլ է աշխատում»։ Այնուհետեւ հավելում է, որ այստեղ աշխատավարձը ցածր է․ «Ջահելությունը, որը կարողանում է, փախնում է ռուսաստաններ։ Իմ երեխեքն էլ են գնում-գալիս, շինարարության վրա են աշխատում։ Այնտեղ, որ աշխատում են, կարողանում են նորմալ եկամուտ ունենալ, բայց այստեղ աշխատելով օրվա հացի փող են աշխատում»։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանի խոսքով՝ 2025 թվականի 2024-ի համեմատ դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքերը նվազել են 30 տոկոսով։ Դա հիմնականում պայմանավորված է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացմամբ։ Հայաստանի միգրացիոն հոսքերի 89, իսկ աշխատանքային միգրացիայի մոտ 95 տոկոսը գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Հետեւաբար, ՌԴ-ում տեղի ունեցած ցանկացած փոփոխություն շատ ուղիղ ազդում է Հայաստանի միգրացիոն հոսքերի վրա։
«Մեր դիտարկումներով՝ արդեն 30 տոկոս նվազում ունենք, եւ այդ տոկոսը գնալով աճում է՝ պայմանավորված խստացումներով։ Մենք տարեկան կտրվածքով ՌԴ-ում ունեցել ենք շուրջ 100 հազար աշխատանքային միգրանտ, որոնք ունեցել են կամ աշխատանքային, կամ քաղիրավական պայմանագիր։ Այդ թիվը բավականին նվազել է, նույնիսկ 70 հազարից էլ պակաս է հիմա պայմանագրով աշխատողների թիվը»,- ասում է Բեժանյանը։
«Շիրակի եւ Արագածոտնի մարզերում հանդիպումների ընթացքում նաեւ բացահայտեցինք՝ քանի որ դպրոցների ու մանկապարտեզների շինարարություն կա հիմա, մարդիկ գերադասում են այստեղ մնալ ու աշխատել։ Այո, մենք տեսնում ենք, որ Հայաստանում այդ շինարարական շարժը կա, մարդիկ այստեղ գտնում են աշխատանք։ Ինչ-որ պահի, երբ այդ շինարարություններն ավարտվեն, գուցե կորոշեն նորից գնալ արտագնա աշխատանքի, չեմ կարող ասել։ Այսինքն՝ սա նաեւ դրական է ազդում մեր միգրացիոն հոսքերի վրա։ Երբեք բացարձակ բացասական կամ բացարձակ դրական չի կարող լինել արդյունքը։ Այս պարագայում եւս, այսինքն՝ ինքն ունի եւ դրական, եւ բացասական արդյունքները»,- ասաց նա։
Միաժամանակ Տաթեւիկ Բեժանյանը նշեց, որ Հայաստանից դեպի ԵՄ անդամ երկրներ աշխատանքի մեկնելու միտում կա։ «Ես արդեն տենդենց եմ նկատում դեպի Լեհաստան գնալու եւ աշխատանքային վիզաներ ստանալու»,- ասաց նա։
Հոդվածը պատրաստվել է «Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրով Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ























































