Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես»․ Գիրք Շամուտ գյուղի մասին

Մայիս 24,2026 12:48 Share

Մաթևոսյանի տանը այս շնորհանդեսը հատուկ իմաստ ուներ։ Հեղինակն էլ հիշեցրեց մեծ գրողի խոսքը՝ «Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես»։

«Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարան»-ի էջից

Հայոց Գուգարաց աշխարհի Շամուտ գյուղը գտնվում է ներկայիս Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի կազմում՝ Մոտկոր հազարամյակների պատմությամբ հնավայր-բնակատեղիի հարևանությամբ։ Մեր երկրի այս հատվածում են նաև Մարց, Քարինջ, Լորուտ, Աթան և Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր Ահնիձոր գյուղերը։

Գուգարաց չքնաղ լեռների մոտ 2000 մ բարձրությամբ Պաղակն լեռնագագաթից ծննուդ առնող Մարց գետի (Մարցիգետ, Մարցագետ) աջափնյա անտառապատ լեռնակողին է Շամուտ գյուղը՝ ծովի մակերևույթից՝ 1500 մ բարձրության վրա։ Գյուղի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 180 կմ է, մարզկենտրոն Վանաձորից` 59 կմ, տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից`40 կմ, համայնքի կենտրոն Թումանյանից`23 կմ: Գյուղը հիմնադրվել է 1850 թվականին․ բնակիչների նախնիների հիմնական մասը այստեղ հաստատվել է Արցախից: Շամուտն այժմ ունի մոտ 250 բնակիչ, ովքեր զբաղված են հիմնականում գյուղատնտեսությամբ։ Ինչպես հայոց բոլոր բնակավայրերում, այնպես էլ Շամուտի ներսում և մոտակայքում կան պատմական հուշարձաններ՝ ամրոց (18 դ.), եկեղեցի (17 դ.), գյուղատեղի (13-17 դդ.), Սուրբ Սարգիս մատուռ (17 դ.), խաչքարեր և այլն։ 2025թ․ Լույս է տեսել ծնունդով շամուտեցի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) աշխատակից, բ․ գ․ դ․ Արմեն Շավարշի Սարգսյանի հեղինակած «Շամուտ» մեծածավալ գիրքը (Երևան, հեղինակային հրատարակչություն)։

Մայիսի 22-ին Երևանում՝ «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարան»-ում կայացավ Ա․ Սարգսյանի «Շամուտ․ պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ․ ազգագրություն, բանահյուսություն, ենթախոսվածք» գրքին նվիրված շնորհանդես։ Ներկա էին շամուտցիներ, բանասերներ, պատմաբաններ, մշակույթի այլ բնագավառների ներկայացուցիչներ, Ա․ Շ․ Սարգսյանի հարազատներ, ՀԱԻ աշխատակիցներ, այլք։ Ներկաներին ողջունեց «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարան»-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը՝ մեծ գրողի որդին։շ

Կարևորելով Ա․ Շ․ Սարգսյանի աշխատությունը՝ Դ․ Մաթևոսյանն ասաց․ «Մեր կենտրոնի կարգախոսն է՝ «Կրթությունը՝ մշակույթով»։ Եվ Արմեն Սարգսյանի գործը հենց այդ գաղափարի կենդանի վկայությունն է։ Սա միայն գիրք չէ, այլ հիշողության, գիտելիքի, երախտագիտության և ծննդավայրի հանդեպ մեծ սիրո աշխատանք։ Եթե Հայաստանի յուրաքանչյուր գյուղ այսպիսի սիրով և մանրակրկիտությամբ ճանաչվեր, մենք ավելի խորությամբ կզգայինք, որ հայրենիքը սկսվում է լեզվից, փոքրիկ գյուղից, տան շեմից, անուններից և հասնում մաթևոսյանական այն մեծ գիտակցմանը, որ դու քո երկրի տերն ես։

Շնորհակալություն Արմեն Սարգսյանին այս արժանապատիվ, օրինակելի և ապրեցնող գործի համար»։ Գրքի վերաբերյալ իր գնահատական խոսքով հանդես եկավ ՀԱԻ աշխատակից, պ․ գ․ դ․ Հակոբ Չոլաքյանը։ Նշեց՝ Արմենը և կողքի նստածները եղել են իր համակուրսեցիները։ Հուշեր պատմեց դեռևս ուսանողական տարիներից, երբ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի բանահյուսության դասախոս Նելլի Հակոբյանի հանձնարարականով բանահավաքչական աշխատանքներ էին կատարում։ Կարևորեց գրքի հեղինակի աշխատասիրությունը, որի արդյունքում ծնվել է «Շամուտ»-ը, այլ գրքեր։ Կեսդարյա ժամանակի ընթացքում կատարված աշխատանքների, գրքի կայացման մասին խոսեց հեղինակը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։

«Ընդամենը ինն ամիս եմ ապրել Շամուտում։ Հազար թելերով կապված լինելով հայրենի ծննդավայրիս ու հարազատներիս՝ ինն ամսվա «պարտքս» ցանկացա հետ վերադարձնել 504 էջանոց այս գրքով: Երանի հայրենի բնակավայրերի բոլոր «պարտատերերը» նման տրամաբանությամբ վերադարձնեին իրենց ունեցած «պարտքերը»։

«Շամուտ» գրքով ծննդավայրիս վերադարձվող այս «պարտքը» կբնութագրեի «ՄԵԾ ԲԱՆ ՉԵՄ ԱՐԵԼ, ԲԱՅՑ ՄԵԾԱՊԵՍ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՄ ՄԻ ԲԱՆ ԱՆԵԼ» հայ գրականության մեծերից մեկի՝ Դերենիկ Դեմիրճյանի մի դիպուկ խոսքով։ Հնարավոր ամեն ինչ արել եմ, որպեսզի ծննդավայրիս նվիրված այդ գիրքը թե՛ իր բովանդակությամբ, թե՛ իր կառուցվածքով ու տպագրության որակով արժանի լինի շուրջ 50 տարիների իմ չարչարանքին։ Գրքի նյութերի գերակշռող մասը գրառել եմ Թումանյանի, Նոյեմբերյանի և Իջևանի տարածաշրջաններում հայտնի առակախոս Չոբանանց Արութնի թոռից՝ մորիցս՝ այժմ 101 տարեկան Մարուս Սարգսյանից։

«Շամուտ»–ը նվիրված է գյուղի 163-ամյա պատմությանը, հիմնադիր տոհմերին ու տոհմածառերին, մեր ապուպապերի նիստուկացին, նյութական և հոգևոր մշակութային արժեքներին՝ ազգագրությանն ու բանահյուսությանը, շամուտյան ենթախոսվածքի առանձնահատկություններին և դրանցով համեմված ժողովրդական բանարվեստին, մասնավորապես համով-հոտով իրապատումներին ու զավեշտալի պատմություններին», -ասաց Ա․ Սարգսյանը։ Գիրքը կարևորեցին և բարձր գնահատանքի արժանացրեցին ելույթ ունեցողները՝ պատմաբաններ, բանասերներ, շամուտցիներ, այլոք։

Ներկաները հարցեր ուղղեցին գրքի հեղինակին։ «Շամուտ» գիրքը նախատեսած է ոչ միայն շամուտցիների, այլև բանագետների, ազգագրագետների, լեզվաբանների, մշակութաբանների և այլոց համար։ Նվիրված է անցած-գնացած, բայց իրենց բարի գործերով սերունդների հիշողության մեջ հավերժացած շամուտցիներին։ Բնաբանում Հրանտ Մաթևոսյանի խոսքն է․ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողությունը դրված է մարդու և անասունի արանքում։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես-հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»։ Շնորհանդեսի վերջում հեղինակն իր մակագրությամբ գիրքը նվիրեց ներկաներին, եղավ նաև հյուրասիրություն։

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031