Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ֆարմանյան. «Խոստացվող 18 մլն եվրոն, որ պետք է արտահանման խթանման ինչ-որ հիմնադրամ ստեղծվի, մտավախություն ունեմ, որ կփոշիանա, ինչպես, օրինակ, ԱՆԻՖ-ի գումարը»

Հուլիս 08,2026 21:40 Share

«Հայաստանն իրավունք չունի կտրուկ հարաբերություն փչացնել որևէ գործընկերոջ՝ մեր հարևան Վրաստանի, Իրանի, Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի, առավել ևս՝ Ռուսաստանի Դաշնության, կամ ընդհանրապես ԵԱՏՄ-ի հետ՝ որպես հիմնական տնտեսական գործընկեր», – ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու, տնտեսագիտության թեկնածու Հայկ Ֆարմանյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով Երևանում Ուրսուլա ֆոն դեր Լայենի հակառուսական հայտարարություններին՝ դրանք որակելով որպես սադրանք, որը լուրջ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։

«Բոլորին հայտնի է, որ մեր գյուղմթերքի արտահանման և ընդհանրապես արտաքին առևտրի 95%-ը և ավելին գնում է Ռուսաստան։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունն էլ ամենախոշոր ներդրողն է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությունների պայմաններում նման հայտարարությունները լուրջ ռիսկ են պարունակում Հայաստանի համար, որովհետև Ռուսաստանի քաղաքականությունը ներկայումս շատ զգայուն է։ Ցանկացած նմանատիպ հայտարարություն, առավել ևս, երբ Հայաստանը համեմատվում է Մոլդովայի և Ուկրաինայի հետ, Հայաստանին որևէ լավ հետևանքների չի հանգեցնի», – նշեց Հայկ Ֆարմանյանը։

Անդրադառնալով հայկական գյուղմթերքը ռուսական շուկայի փոխարեն մեծ քանակով Եվրոպա արտահանելու մասին տեղեկատվությանը և որպես դրա ապացույց այն տեսանյութին, որտեղ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ցուցադրում է հայկական ծիրանից իր պատրաստած ջեմը, Հայկ Ֆարմանյանն ասաց. «Ցավոք սրտի, սա ամենևին իրատեսական չէ, որովհետև գոյություն ունեն որոշակի իրողություններ։ Եվ սա լոկ խոսք չէ, գոյություն ունեն տնտեսական փաստեր։

Հայաստանի արտադրանքը պետք է կարողանա դիվերսիֆիկացվել և արտահանվել եվրոպական երկրներ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, թե կհատկացվի գումար, որոշակի ապրանքների մասով մաքսատուրքերը զրոյական կդառնան։

Մինչև 2020 թվականը մենք ունեինք GSP+ համակարգ։ Դա նշանակում էր, որ Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանվող բազմահազար ապրանքներ Եվրոպա ներկրվում էին զրոյական մաքսատուրքով։ Բայց այդ համակարգի վերացումից հետո Հայաստանում արտահանման կառուցվածքը չի փոխվել։

Եվ հիմա, լուրջ խնդիրները թողած, խոսում են այնպիսի խնդիրների մասին, որը, ցավոք, ապրանքի արտահանման կամ ընդհանրապես եվրոպական երկրներում ապրանքների ներկրման առումով պահանջարկ չի ձևավորում։

Եվ նախկին փորձն ունենալով՝ ցավով պիտի նշել, որ այն 18 մլն եվրոն, որը խոստանում են, և որի միջոցով պետք է արտահանման խթանման ինչ-որ հիմնադրամ ստեղծվի, ես մտավախություն ունեմ, որ այդ գումարները կփոշիանան, ինչպես, օրինակ, ԱՆԻՖ-ի գումարը»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել