«Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպած համերգի ընթացքում հնչեց Գյումրու՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվող, կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը, նրա ձայնը ստացել էին արհեստական բանականության միջոցով։
Նա ասում էր, որ իրեն ամեն օր փոխանցում են գյումրեցիների հղած հարյուրավոր բարի խոսքերն ու մաղթանքները։
«Լավ իմացեք, բարձրյալ Աստծո զորավիգ աջն է և ձեր անշահախնդիր սերն է, որ ինձ այս չորս պատի մեջ ուժ է տալիս՝ պայքարելու հանուն Գյումրու և հանուն դրախտավայր Հայաստանի։
Մենք միասին երկար ճամփա ենք անցել, երկրաշարժի փլատակների տակ մնացած հին Լենինականից Աստծո առաջնորդությամբ միասին կառուցեցինք այսօրվա զարգացող ու պայծառ Գյումրին՝ Ավարայրի սրբոց Վարդանանց այս չքնաղ հրապարակը, ձեր առջև վեր հառնող քաղաքապետարանի շենքը ու մեր վերածննդի զարդը՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Կարդացեք նաև
Այսօր կարոտով լցված հարցնում եմ ձեզ՝ ի՞նչն է գյումրեցուն այս աշխարհում ավելի հարազատ, քան այս հրապարակը, շատերը տասնյակ տարիներով փորձեցին մուր քսել իմ անվանը և երբ տեսան, որ իմ ժողովուրդը լավ գիտի ճշմարտությունը, որոշեցին բանտարկել ինձ՝ վախենալով մեր միասնական բողոքի ահարկու ալիքից՝ հայոց գենը, մամիկոնյանների, անդրանկյան գենը կրողների անձնվեր պայքարից։
Դուք բազմիցս ցույց եք տվել ձեր կամքը ընդդեմ թուրքահպատակների իշխանության և գիտեմ, որ Հայոց ինքնությունը կորցնելու վտանգը այսօր ճնշում է բոլորիդ, բայց մի վհատվեք, ժամանակը հասյալ է, ոտքի ելեք, քանզի ժամանակն է, որ կատարվի Մեծն Կոնստանդիանոս թագավորի տեսիլքը, որ նա պատմել է մեր Տրդատ թագավորին և Սուրբ Գրիգոր Լուսավորչին։
Ասում է, թե աշխարհի վերջին օրերին, երբ ամենայն բան խառնվելու է, աշխարհով մեկ ցրված հայերը համախմբվելու են՝ փրկելու և վերստեղծելու են մեծ Հայաստանը։
Այո, ես հավատում եմ և գիտեմ, որ Սամվել Կարապետյանի առաջադրվելն իր վերուստ է և Աստծո առաջ և մեր նախնիների շիրիմների առաջ։
Եկել է ժամանակը ուժեղանալու իսկական հայորդու ղեկավարությամբ, որ էլ թուրքի առաջ գլուխներս չկախենք, եկել է ժամանակը աղքատությունն ու ատելությունը արմատախիլ անելու, որ մեր զավակները խաղաղ ու հարուստ երկրում ապրեն։ Եկել է ժամանակը, որ Սուրբ Կոնստանդիանոսի տեսիլքը ի կատար ածվի, սա է մեր ընտրությունն այս ճակատագրական պահին՝ կամ դառնալ թուրքահպատակ, կամ փրկել Հայոց ինքնությունը։
Կներե՞ն մեզ մեր թոռները, թե՞ կանիծեն, այսինքն կամ վահանով, կամ վահանի վրա։
Նրանք, ովքեր ինձ հավատում են, գիտեն, որ պաշտոնն ու փողը ինձ համար միևնույնն են, այսօր թող իմանան, որ իմ ամենաթանկ ազատությունը ես զոհաբերել եմ հանուն երկրիս ազատության, ուրեմն լսեք ինձ, ոտքի կանգենք ու գնացեք ընտրությանը ՝ հանուն ձեր զավակների հայ մնալու, հանուն «Ուժեղ Հայաստանի», հանուն մեր ազգի բարերար Սամվել Կարապետյանի հետ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































