Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ համաշխարհային շուկայում մրցունակ գյուղմթերք ունենալն աբսուրդի ժանրից է. Նաիրի Սարգսյան. «Փաստ»

Հունիս 25,2026 10:46 Share

Կառավարության անդամներն իրար հերթ չտալով ներկայացնում են Եվրոպա արտահանված գյուղմթերքին վերաբերող տվյալներ, լուսանկարներ։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշում է, որ չգիտի՝ արտահանման ցուցանիշները ճի՞շտ են ներկայացնում, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնիսկ այդ տվյալներով, մոտավորապես կրկնակիից եռակի չափով ունենք նվազում հատկապես գյուղմթերքին վերաբերող հատվածում։ «Հստակ ունենք նվազեցում, բայց հաջորդ կողմից էլ անհասկանալի է, թե ուր և ինչպես են արտահանում կատարում։ Օրինակ՝ լուսանկարվում են ու ցույց տալիս, թե ԵՄ շուկա է մտել մեր ծիրանը մի քանի հատիկով, նաև կոչ են անում Ֆրանսիայի մեր հայրենակիցներին՝ սփյուռքահայությանը, որ ծիրան ձեռք բերեն։ Կարող է ներքաղաքական իրավիճակը որոշակիորեն մեղմելու համար Եվրոպայի հետ գան պայմանավորվածության և արտահանում իրականացնեն, ընդ որում՝ կարող է արտահանողին բացառապես Հայաստանի կառավարությունը վճարել, սակայն խնդիրն այն է, որ իրենց շատ անհասկանալի են դրսևորում։ Հայկական գյուղմթերքը Եվրոպա ուղղակի չի կարող արտահանվել, սա ուղղակի բացառում ենք։ Ունենք վերամշակվող արտադրանք, որ շատ փոքրիկ քանակներով արտահանվում է, այսինքն՝ Հայաստանի ամբողջ արտահանման ծավալը դեպի ԵՄ երկրներ կազմում է 7 տոկոս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Սա տնտեսության իրական դիվերսիֆիկացիայի փո՞րձ է, թե՞ ներքաղաքական ու աշխարհաքաղաքական մեծ շոու։ «Եվրոպայի հետ մերձեցում իրականում չունենք, սա ամբողջությամբ կեղծիք է։ Եվրոպա ասելով՝ նկատի ունեն Թուրքիա։ Մոտավորապես 20 տարի է՝ Թուրքիան հայտ է ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար, դեռևս չի կարողանում անդամակցել։ Վրաստանը հայտ է ներկայացրել, կարծես թե, ևս մոտ 20 տարի, նա էլ չի կարողանում, Վրաստանն ունեցավ տարածքային կորուստներ, հետո իր արտաքին քաղաքական վեկտորը փորձեց հավասարակշռել։ Ուկրաինան ունեցավ այդպիսի մտադրություն, և տեսնում ենք, թե Ուկրաինայի հետ ինչ է կատարվում։ Որպես պետություն՝ հարյուրամյակներ պետք է աշխատեն, որ այդքան պարտքերը կարողանան վճարել։ Մոնտենեգրոն հենց Եվրոպա աշխարհամասում է գտնվում, 20 տարի է՝ հայտ է ներկայացրել, 2028 թվականին հույս կա, որ կարող է դառնալ ԵՄ անդամ։ Եվրոպան ունի տնտեսական շատ լուրջ խնդիրներ, որովհետև Եվրոպայում աշխատավարձը համեմատաբար բարձր է եղել ու ժամանակի ընթացքում անընդհատ ավելացել է, կենսաթոշակները բարձր են, ապրանքների և ծառայությունների գները բավականին բարձր են։ Եթե ամեն ինչի սակագները բարձր են, նման պարագայում արտադրանքը լինում է ոչ մրցունակ, սա տնտեսագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է։ Նման պարագայում Եվրոպան խնդիր ունի ավելի աշխատատար ոլորտներում մարդկանց փոխարինել ռոբոտատեխնիկայով և այլն, որպեսզի կարողանա ինքնարժեքի վրա ազդեցություն ունենալ, և իր արտադրանքը ներքին՝ հենց եվրոպական շուկայում վաճառվի։ Եվրոպան ունի խնդիր ինքնարժեք նվազեցնելու, Եվրոպային սահմանակից Թուրքիան սպասում է, թե որ արտադրանքով Եվրոպան կլինի ոչ մրցունակ, որպեսզի նա անմիջապես տվյալ ապրանքները այս կամ այն ճանապարհով մտցնի եվրոպական շուկա։ Տարբեր եվրոպական երկրներում՝ Գերմանիայում, Ավստրիայում, ականատես ենք եղել, թե ինչպես են ֆերմերները գոմաղբը նետում պաշտոնյաների վրա և տանում, այն բեռնաթափում, օրինակ՝ Բունդեսթագի և այլ պետական մարմինների շենքերի դիմաց։ Հավաքական Եվրոպան չի կարող իր ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ պետք է իրենց ֆերմերների արտադրանքը չսպառվի, այլ հայկականը սպառվի։ Եվրոպան աստիճանաբար թևակոխում է, տնտեսագիտական բառապաշարով ասած, ռեցեսիայի փուլ, այսինքն՝ իրենց մոտ տնտեսական անկում է տեղի ունենում։ Շատ արագ զարգանում է Չինաստանը և որոշակի արագությամբ, իհարկե, Չինաստանին զիջելով, Թուրքիան։ Հայաստանի՝ համաշխարհային շուկայում մրցունակ գյուղմթերք ունենալն աբսուրդի ժանրից է։ Դրան գումարած՝ Հայաստանը որդեգրել է սպառման տնտեսության քաղաքականություն, այսինքն՝ բացառապես ներկրել, ընդ որում՝ ներկրել Թուրքիայից։ Քանի որ պատերազմի վերքը, մարտիրոսացած մեր տղաների կորստյան վերքը դեռ թարմ է, դժվար է մեր հասարակության մեծամասնության մոտ անընդհատ Թուրքիայի և Ադրբեջանի անունը տալ։ Սրանք տար բեր չա փա բա ժին նե ր ո վ անընդհատ դոզան մեծացնում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով։ Եթե միանգամից իրականացնեն, ուղղակի իշխանությունը կկորցնեն։ Դրա համար Եվրոպայով փաթեթավորում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, տնտեսական հարաբերությունների ձևավորումը Օվերտոնի պատուհանի միջոցով աստիճանաբար մեր գիտակցության մեջ են բերում, այնուհետև հայտարարելու են՝ որ ասում էինք Եվրոպա, դա Թուրքիան է»,նկատում է մեր զրուցակիցը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930