Հունիսի 10-ին Երևանի քաղաքացիական դատարան է դիմել Գարեգին Ղազարյանը՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակույթային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազակերպության տնօրեն Խաչիկ Հարությունյանի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ Ա-41 հրամանն անվավեր ճանաչելու, երկու նկատողությունները, մեկ խիստ նկատողություն տալու հրամաններն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի դիմաց համապատասխան փոխհատուցում վճարելու, «աշխատավարձից հափշտակած գումարները» «ըստ հարկին և ըստ հնարավորին, տվյալ փոխհատուցման ու վերադարձման վճարումներն իրագործել ոչ թե պետական բյուջեից, այլ՝ հիշեցյալ իսկ պաշտոնատարների անձնական միջոցներից» վերադարձնելու պահանջով։
Ըստ հայցվորի՝ «Ավելորդ է ընդերկար հիմնավորելը, որ տվյալ հրամանները ևս օրգանապես ներգծվում են կանխամտածված բազմափուլ ինքնադատաստանի խեղդօղակում»։
Գործը մեկ անգամ վերադարձվել է, դատավորն է Գոհար Գրիգորյանը։
Դատարանը խնդրել է հստակեցնել, թե ում են ուղղված հայցապահանջները, քանի որ հայցվորը մի դեպքում իրավաբանական անձի դեմ է պահանջ ներկայացրել, այն է՝ «Պատմամշակույթային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի», մյուս դեպքում՝ ֆիզիկական անձ համարվող տնօրենի։
Կարդացեք նաև
Դատարանը պահանջել է ներկայացնել «այնպիսի պահանջներ, որոնք կապված են միմյանց հետ և կարող են քննվել մեկ վարույթի շրջանակում»։
Դատական նախնական նիստի օրը դեռ նշանակված չէ։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Տեղեկացնեմ, որ Գ. Ղազարյանը եղել է ԼՂՀ կառավարության նախկին անդամ, Պաշտպանության բանակի առաջին հրամանատարի նախկին տեղակալը՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով: Ղազարյանը Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր է, ՀՀ կառավարությանն առընթեր երբեմնի լեզվի տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի նախկին անդամ:
«Առավոտ» օրաթերթ
02.07.2026


















































