Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գովազդի հսկայական ծավալներ, ՏիկՏոկի, Տելեգրամի, X-ի, Յութուբի օգտագործում․ տեղեկատվական արշավները՝ հունիսի 7-ի ընտրություններին

Հուլիս 07,2026 23:30 Share

«Եթե համեմատենք 2021-ի և 2026-ի ընտրությունները, ապա դրանք տեղեկատվական տարբեր միջավայրերում են տեղի ունեցել։ 2021-ին էլ ունեցել ենք համակարգված տեղեկատվական արշավ, բայց դա եղել է տեղական արշավ։ Հիշում ենք տելեգրամ ալիքները, որոնք ապատեղեկատվություն էին տարածում, հետո տարածում ավելի մեծ լսարան ունեցող մեդիաներում։ 2026-ին ևս իրականացվեց համակարգված տեղեկատվական արշավ, որն իրականացվեց տեղական գործիչների միջոցով, բայց նաև չենք կարող չխոսել FIMI-ի (ապատեղեկատվություն, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն) մասին, որը 2026-ին շատ ավելի ակնառու էր», – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված «Սոցիալական մեդիան և ընտրությունները․ խոսույթ ու ազդեցություններ» թեմայով քննարկման ժամանակ նկատեց ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը։

Ըստ Անի Գրիգորյանի՝ հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված տեղեկատվական արշավները դեռ 2025-ի ամառվանից են սկսվել, երբ սկսեցինք նկատել տարբեր ապատեղեկատվական արշավներ․ «Եթե 2021-ին հիմնականում տեղեկատվական արշավներն իրականացվում էին Տելեգրամում ու Ֆեյսբուքում, ապա 2026-ին ՏիկՏոկ, Տելեգրամ, X, Յութուբ՝ այս բոլոր հարթակներում իրականացվում էին ամենատարբեր արշավները։ Մենք ուրախ էինք, որ հայերը X-ը շատ չէին օգտագործում, եթե հայ հանրությունն ավելի մեծ ներգրավվածություն ունենար X-ում, այլ պատկեր կունենայինք։ Գտել ենք տասնյակ էջեր, որոնք AI-ով պատրաստված փողոցային կեղծ հարցումներ էին տարածում, որոնք թիրախավորում էին ընդդիմադիր և իշխանական ուժերին»։ Մյուս միտումն այն է, որ հարյուր հազարավոր հետևորդներ ունեցող էջեր ընտրությունների ժամանակ սկսել են հակաքարոզչություն անել տարբեր ուժերի դեմ։

Factor.am-ի փաստերի ստուգման թիմի ղեկավար Գարիկ Հարությունյանը նկատեց՝ կիրառվել է քաղաքական գովազդների հսկայական ծավալ։ Խոսելով ապատեղեկատվության տարածման, տեղեկատվական արշավների, ինչպես նաև քաղաքական գովազդի ազդեցության մասին՝ նա ասաց․ «Ընտրության օրվանից երկու-երեք օր առաջ հրապարակեցինք տարբեր սոցհարցումներ, և նույնիսկ այնտեղ երևում էր, որ մարդկանց մեծ մասը չէր կողմնորոշվել։ Իհարկե, դժվար է վերլուծել, թե ինչքանով է ազդել ընտրողների վարքագծի վրա։ Այս ընտրությունները, կարելի է ասել, տակտիկական էին․ մարդիկ ընտրում էին քաղաքական այն ուժերին, որոնք իրենց կարծիքով հավանականություն ունեին ԱԺ անցնել։ Գուցե մեծ նարատիվներն ազդել են, փոքրերը՝ ավելի քիչ»։

Գարիկ Հարությունյանի կարծիքով՝ քաղաքական խոսույթը շատ բևեռացված է եղել։ Նաև այն նարատիվը, թե ընտրությունների համար ՌԴ-ից ՀՀ քաղաքացիներ են բերվել, Factor.am-ի փաստերի ստուգման թիմը ստուգել է։ Գարիկ Հարությունյանն ասաց․ «Ստուգեցինք թվերը, պարզվեց՝ ավելի քիչ մարդ եկավ նախընտրական փուլում ՌԴ-ից ՀՀ, քան նախկինում այս նույն ժամանակահատվածում։ Պաշտոնական թվերն էինք վերցրել»։

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրել են քաղաքական ուժերի ֆեյսբուքյան պաշտոնական էջերը, ինչպես նաև 5 ԶԼՄ․ «Ընտրական գործընթացներում սոցցանցերի կիրառումը՝ որպես քարոզչական գործիք, այս խնդրով զբաղվել ենք 2012-ից, երբ առաջին անգամ Ֆեյսբուքն օգտագործվեց՝ որպես քարոզչության հարթակ։ Որքան մեծացել են թվայնացման ծավալները, այնքան ընտրական գործընթացում քարոզչական դերակատարները շատացել են։ Սոցցանցերում և Ֆեյսբուքում քարոզչությունը շատ ավելի վաղ է սկսվել, քան ընտրությունները։ Առաջին գնդակը դաշտ են գցել հենց քաղաքական գործիչները։ 2025-ի դեկտեմբերից դասական քարոզչական գործողություններ էին անում։ Եղել են Ֆեյսբուքում շատ ակտիվ քաղաքական ուժեր, բայց կան նաև ուժեր, որոնք եղել են Ֆեյսբուքում ուղղակի, որ ասվի, թե նրանք էլ են Ֆեյսբուքում քարոզչություն իրականացրել։ Այս ամենի արդյունքում թռիչքաձև ֆեյսբուքյան լսարանի աճ ունեցած ուժեր են եղել, որ ԱԺ չեն անցել։ Գծային չէ կապը Ֆեյսբուքում ակտիվ լինելը և ընտրությունների արդյունքում ընտրվելը»։

Լաուրա Բաղդասարյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ արտաքին միջամտության թեման սպասվածից ավելի քիչ է եղել ընտրական նարատիվներում․ «Շատ քիչ է ընդհանրապես խոսվել ղարաբաղյան հակամարտության, այլ շատ զգայուն թեմաների մասին՝ օրինակ եկեղեցու թեմայով, որը մեկուկես տարի առանցքային թեման էր և որը ուժերից մեկի ծրագրում էլ էր ընդգրկված»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031