«Ի՞նչ եք զգում այն պահին, երբ երեխան, որը երբևէ որևէ ձայն չի լսել, առաջին անգամ լսում է իր մոր ձայնը․․․ Հնարավոր է արդյո՞ք այդ զգացողությունը նկարագրել»։
«Դա բառերով նկարագրել գրեթե անհնար է։
Ես միշտ ներկա եմ լինում, երբ առաջին անգամ միացնում ենք երեխայի արտաքին խոսքային պրոցեսորը։ Թեև այդ տեսարանն արդեն հարյուրավոր անգամներ եմ ապրել, ամեն անգամ նույն հուզմունքն եմ զգում։
Սկզբում ծնողներին միշտ խնդրում ենք զսպել իրենց հույզերը։ Շատերը հուզմունքից արտասվում են, բայց ասում ենք՝ աշխատեք չլացել, որովհետև երեխան չպետք է մտածի, թե իր հետ վատ բան է կատարվում։ Ընդհակառակը՝ պետք է ժպտալ, ծափահարել, գրկել ու համբուրել նրան, որպեսզի նա զգա, որ այդ օրն իր կյանքում շատ լավ բան է տեղի ունենում։
Կարդացեք նաև
Դա իսկապես աննկարագրելի պահ է։
Երեխան առաջին անգամ սկսում է բացահայտել իրեն շրջապատող աշխարհը։ Նրա դեմքին տեսնում ես զարմանք, հետաքրքրություն, երբեմն էլ՝ շփոթմունք։ Ասես ինքն իրեն հարցնի․ «Ի՞նչ է սա… Որտե՞ղից են գալիս այս ձայները… Ի՞նչ եմ ես լսում…»։
Այդ պահը մեր աշխատանքի ամենամեծ պարգևն է»։
Այսպես մեր վերջին հարցին պատասխանեց «Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի» ղեկավար, դոկտոր Սալբի Ագարակյանը, որն էլ համակարգում է կոխլեար իմպլանտացիայի ծրագրի աշխատանքները Հայաստանում։ Հենց այս ծրագրի շրջանակներում օրերս Հայաստանում իր 31-րդ բժշկական առաքելությունն ավարտեց ճապոնացի բժիշկ Ակիրա Իշիյաման՝ իրականացնելով կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ երեխաների ու երիտասարդների շրջանում։
Կոխլեար իմպլանտացիան ժամանակակից վիրաբուժական և վերականգնողական բուժման մեթոդ է, որը նախատեսված է խլություն ունեցող մարդկանց համար․ այս առաքելության շնորհիվ մեր երկրում այս տարի ևս մի քանի երեխա առաջին անգամ լսելու հնարավորություն ստացավ․․․ Իսկ մենք վիրահատական երկրորդ օրվա ավարտին հնարավորություն ունեցանք զրուցելու բժիշկ Ակիրա Իշիյամայի և «Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի» ղեկավար, դոկտոր Սալբի Ագարակյանի հետ։
Իրենց առաքելության մասին դոկտոր Սալբի Ագարակյանը պատմում է․ «Ամեն ինչ սկսվեց 1999 թվականին։ Այդ ժամանակ Հայաստանի առողջապահության փոխնախարարն ինձ մի երեխայի բժշկական թղթեր հանձնեց և ասաց. «Մենք հստակ չգիտենք, թե որն է խնդիրը, բայց այն, կարծես, կապված է լսողության հետ։ Կարո՞ղ եք այս փաստաթղթերը տանել Ամերիկա և մասնագիտական խորհրդատվություն ստանալ»։ ԱՄՆ վերադառնալուց հետո ես կապ հաստատեցի դոկտոր Ակիրա Իշիյամայի հետ։ Մինչ այդ մենք ծանոթ չէինք։ Խնդրեցի, որ նա ուսումնասիրի երեխայի փաստաթղթերը։ Դրանք տեսնելուց հետո նա անմիջապես ասաց. «Այս երեխան կոխլեար իմպլանտի կարիք ունի»։
Այդ ժամանակ, սակայն, կոխլեար իմպլանտացիայի ծրագիր սկսելը Հայաստանի համար չափազանց մեծ նախաձեռնություն էր։ Երկիրը դեռ նոր էր ոտքի կանգնում։ Նախապատրաստական աշխատանքները շատ ծավալուն էին։ Մի քանի տարի անց՝ 2003 թվականին, վերջապես որոշեցինք սկսել ծրագիրը։ Դոկտոր Իշիյաման իր մասնագիտական թիմի հետ եկավ Հայաստան։ Մի քանի հայ բժիշկների հետ այցելեցինք տարբեր հիվանդանոցներ, գնահատեցինք պայմանները և որոշեցինք, որ ծրագիրը պետք է իրականացվի «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Հաջորդ մեկ տարվա ընթացքում ստեղծեցինք անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Բերվեցին անհրաժեշտ սարքավորումներն ու գործիքները, կազմակերպվեց բժիշկների վերապատրաստումը, հայ բժիշկ գործուղվեց ԱՄՆ՝ վերապատրաստման նպատակով, ձևավորվեց տեղական մասնագիտական թիմ։ Եվ վերջապես, 2004 թվականի մարտին Հայաստանում առաջին անգամ իրականացվեց կոխլեար իմպլանտացիա։ Դոկտոր Ակիրա Իշիյաման գլխավոր վիրաբույժն էր։ Այդ օրը վիրահատվեցին երեք փոքրիկ երեխաներ՝ մեկ, երկու և երեք տարեկան։ Բոլոր վիրահատությունները հաջող անցան։ Իմպլանտները կատարյալ տեղադրվեցին, երեխաները սկսեցին լսել, և այդ պահից սկսվեց նրանց կյանքի նոր փուլը։ Սա լավագույն ապացույցն է, թե որքան մեծ փոփոխություն կարող է բերել ժամանակին իրականացված կոխլեար իմպլանտացիան մարդու կյանքում։ Այս տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շուրջ 290 կոխլեար իմպլանտացիա երեխաների և մեծահասակների շրջանում։ Այս այցից հետո այդ թիվը կհասնի գրեթե 300-ի․․․»։
– Դոկտոր Իշիյամա, շնորհակալություն Ձեր բացառիկ առաքելության և այս զրույցի հնարավորության համար։ Ինչպես նշեց դոկտոր Սալբին, դուք արդեն Հայաստանում եք 31-րդ անգամ, երևի հասցրել եք լավ ճանաչել մեր երկիրը, ժողովրդին։
– Այն պահից, երբ առաջին անգամ եկա Հայաստան՝ 2004 թվականին, այս երկիրն ինձ համար առանձնահատուկ դարձավ։
Հայաստանը հիասքանչ երկիր է՝ գեղեցիկ բնությամբ և տպավորիչ լանդշաֆտներով։ Բայց այն, ինչ ինձ ստիպում է անընդհատ վերադառնալ, մարդիկ են։
Հայ ժողովուրդն իսկապես առանձնահատուկ է։ Սա ընտանիքակենտրոն հասարակություն է, որտեղ մարդիկ մեծ կարևորություն են տալիս բարոյական արժեքներին։ Նրանք շատ բարի, ջերմ և առատաձեռն են։
– Իսկ ի՞նչն է ոգեշնչում Ձեզ զբաղվել այսպիսի մարդասիրական գործունեությամբ նաև այլ երկրում․ չէ՞ որ բավականին մեծ ջանքեր է դա ձեզանից պահանջում, և ի՞նչ հնարավորություններ է տալիս կոխլեար իմպլանտը լսողություն չունեցող մարդուն։
–Մարդու ուղեղն այնպես է կառուցված, որ լեզուն ձևավորվում է նախ և առաջ լսողության միջոցով։ Մենք նախ սովորում ենք լսել, հետո՝ խոսել, և դրանից հետո են զարգանում լեզվական, ճանաչողական մյուս կարողությունները։ Ծնվելով առանց լսողության՝ երեխան զրկվում է այդ հնարավորություններից։ Նա չի կարող գրել կամ կարդալ, զարգացնել վերացական մտածողություն, սովորել մաթեմատիկա կամ մեկ այլ գիտություն։ Հենց այդ պատճառով է լսողության միջոցով լեզվի ձևավորումն այդքան կարևոր։
Այս աշխատանքն ինձ հատկապես գրավում է, որովհետև այն հնարավորություն է տալիս օգնել լսողական ծանր խանգարումով ծնված երեխաներին։
Առանց կոխլեար իմպլանտի նման երեխաների միակ հաղորդակցման միջոցը ժեստերի լեզուն է։ Նրանք հնարավորություն չեն ունենում զարգացնելու լսողության վրա հիմնված բանավոր հաղորդակցման հմտությունները։
Հատկապես Հայաստանում, կարծում եմ, եթե երեխան չունենա բնական հաղորդակցման կարողություններ, նրա հնարավորությունները զգալիորեն սահմանափակվելու են։ Սակայն այս հրաշալի տեխնոլոգիայի շնորհիվ մենք հնարավորություն ենք տալիս երեխային սովորել լսել, խոսել և լիարժեք զարգացնել լեզուն։
Իսկ երբ ձևավորվում է լեզուն, զարգանում են նաև ճանաչողական բոլոր կարողությունները՝ վերացական մտածողությունը, մաթեմատիկական ու գիտական հմտությունները։ Եթե երեխայի լսողության կորուստը վաղ հայտնաբերվի, կոխլեար իմպլանտը տեղադրվի ճիշտ ժամանակին, իսկ հետագա վերականգնողական աշխատանքներն իրականացվեն պատշաճ կերպով, ապա այդ երեխան կարող է զարգանալ այնպես, կարծես երբեք լսողության խնդիր չի էլ ունեցել։ Այս տեխնոլոգիան իսկապես այդքան արդյունավետ է։
Պարզապես պատկերացրեք հետևյալը. երեխան ծնվում է լսողության կորստով և նրան ժամանակին օգնություն չի ցուցաբերվում, ցավոք, նրա ապագա հնարավորությունները խիստ սահմանափակվում են։ Սակայն եթե մենք կարողանում ենք օգնել այդ երեխային, նա մեծանում է, կրթություն ստանում, մասնագիտություն ձեռք բերում, ամուսնանում, ընտանիք կազմում և ապրում լիարժեք, բնական կյանքով։
Մեր առաջին հիվանդներից երեքին կոխլեար իմպլանտ տեղադրեցինք դեռևս 2004 թվականին։ Այսօր նրանցից մեկը Մոսկվայում աշխատում է որպես ատամնաբույժ, մյուսը խոհարար է, իսկ երրորդը տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության ղեկավարներից մեկն է։ Սա լավագույն ապացույցն է, թե ինչպես կարող է փոխել այս տեխնոլոգիան մարդու կյանքը։
Այս տարիների ընթացքում մենք Հայաստանում կոխլեար իմպլանտ ենք տեղադրել մոտ 300 երեխայի։ Սակայն այստեղ կարևորն այդ թիվը չէ։ Պետք է մտածել այն ազդեցության մասին, որ այդ երեխաներից յուրաքանչյուրը հետագայում թողնում է հասարակության վրա։ Օրինակ՝ այսօր այդ ատամնաբույժն իր հերթին օգնում է հարյուրավոր մարդկանց։ Այսինքն՝ մեկ երեխային ցուցաբերված օգնության ազդեցությունն անընդհատ բազմապատկվում է։ Եվ նրանց հնարավորություններն ապագայում, ըստ էության, անսահման են դառնում։
Ահա թե ինչու ես շարունակ վերադառնում եմ Հայաստան։ Խոսքը միայն մեկ երեխայի կյանքը փոխելու մասին չէ։ Պետք է պատկերացնել, թե այդ երեխան հետագայում ինչ ազդեցություն կարող է ունենալ իր ընտանիքի, հասարակության և ամբողջ երկրի վրա։ Դա հսկայական ներուժ է, և հենց դա է մեզ նորից ու նորից այստեղ վերադարձնում։
-Նման դեպքերի համար մեզ մոտ՝ Հայաստանում ասում են․ «Մեկ ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես»:
– Ճիշտ այդպես։ Դա, կարծես, ծառի նման է․ ծառը շարունակում է աճել ու ճյուղավորվել՝ տարածելով իր կենսական ազդեցությունը։
(Դիմում է Սալբի Ագարակյանին)
-Ճի՞շտ չէ, Սալբի։
Նույնիսկ մի ժամանակ մենք ունեինք այսպես կոչված «Սալբիի ծառը»։ Երբ իրականացրինք մեր հարյուրերորդ կոխլեար իմպլանտացիան, ծառի վրա տեղադրել էինք բոլոր երեխաների անունները՝ որպես մեր ու նրանց հաջողության խորհրդանիշ։
Հայաստանը, ինչպես արդեն ասացի, շատ ընտանիքակենտրոն երկիր է, և դա մեծ առավելություն է երեխաների վերականգնման գործընթացում։ Գոյություն ունի մի մեթոդ, որը կոչվում է լսողական-խոսքային թերապիա (Auditory-Verbal Therapy)։ Դրա սկզբունքն այն է, որ երեխայի հետ անցկացվող յուրաքանչյուր գործողություն պետք է ուղեկցվի խոսքով։ Ծնողները պետք է անընդհատ խոսեն երեխայի հետ, մեկնաբանեն իրենց բոլոր գործողությունները, որպեսզի նա հնարավորինս շատ լեզվական նյութ լսի։ Մեր նպատակն է, որ երեխան ամեն օր մոտ 10–20 հազար բառ լսի։ Այստեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամ մեծ դեր ունի։ Եթե ընտանիքը մեծ է, եթե տատիկը, պապիկը, մորաքույրն ու հորեղբայրը մշտապես շփվում են երեխայի հետ, նրա լեզվական զարգացումն ընթանում է շատ ավելի արագ։
Հայաստանում հենց այդպիսի մթնոլորտ է։ Այստեղ երեխան միայն ծնողների հետ չէ։ Տատիկը, պապիկը, հարազատները մշտապես խոսում են նրա հետ։ Դուք շատ շփվող ժողովուրդ եք, և այստեղ երեխաների լեզվական զարգացումն ավելի արագ է ընթանում, քան շատ այլ երկրներում, որովհետև նրանք բառացիորեն մշտապես շրջապատված են խոսքուզրույցով։ Կարծում եմ՝ սա ձեր երկրի կարևոր առավելություններից մեկն է։
–Իսկ ի՞նչ զարգացումներ կցանկանայիք տեսնել Հայաստանում լսողության հետ կապված հարցերի և կոխլեար իմպլանտացիայի ոլորտում։
-Ցավոք, այս ոլորտում դեռևս բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց միաժամանակ կան նաև մեծ հնարավորություններ։ Առաջին և ամենակարևոր քայլը նորածինների լսողության համընդհանուր սքրինինգային ծրագրի ամբողջական ներդրումն է։ Այդ ծրագիրը պետք է գործի երկրի բոլոր ծննդատներում և ընդգրկի յուրաքանչյուր նորածնի։
Կարևոր խնդիր է մասնագետների պատրաստումը։ Աուդիոլոգիան այսօր շատ արագ զարգացող ոլորտ է, մինչդեռ Հայաստանում այն դեռևս զգալիորեն հետ է մնում միջազգային մակարդակից։
Նույնը վերաբերվում է նաև քիթ-կոկորդ-ականջաբանությանը (ԼՕՌ) և հատկապես ականջի վիրաբուժությանը։ Այս ոլորտը ևս լուրջ զարգացման կարիք ունի։ Դրա պատճառները բազմաթիվ են, սակայն ամենակարևորը երիտասարդ բժիշկներին պատշաճ կրթություն և գործնական փորձ ապահովելն է։
Եթե կարողանանք ճիշտ պատրաստել բժիշկների նոր սերունդ, ապա այս ոլորտում հնարավոր կլինի իսկապես մեծ առաջընթաց գրանցել։
Ամենահրատապ խնդիրներից մեկն այն է, որ վիրաբույժները պետք է հնարավորություն ունենան կատարելագործելու իրենց հմտությունները դիակային քունքոսկրերի վրա։ Ներքին ականջի անատոմիան չափազանց բարդ է։ Այդ շրջանում գտնվում են բազմաթիվ կենսական կարևորություն ունեցող կառույցներ։ Օրինակ՝ այդտեղով անցնում է դիմային նյարդը, որը պատասխանատու է դեմքի մկանների շարժումների համար։ Եթե վիրահատության ընթացքում այն վնասվի, մարդը կարող է կորցնել դեմքի շարժունակությունը։ Այդ դեպքում նա չի կարողանա նորմալ փակել աչքը, ուտելիս կամ խմելիս հեղուկը կհոսի բերանի անկյուններից, կխանգարվի խոսքը, կառաջանան աչքի լուրջ խնդիրներ։ Այս ամենը կարող է մարդու կյանքի որակը կտրուկ վատթարացնել։
Այդ պատճառով ականջի վիրահատությունները կատարվում են մանրադիտակի օգնությամբ և պահանջում են բացառիկ ճշգրտություն։ Բնականաբար, բժիշկը չի կարող սովորել նման բարդ վիրահատություններ անմիջապես հիվանդի վրա։ Ամբողջ աշխարհում վիրաբույժները նախ երկար ժամանակ մարզվում են դիակային քունքոսկրերի վրա։ Հենց այդպես էլ մենք ենք սովորել մեր մասնագիտությունը։ Ցավոք, Հայաստանի բժիշկները նման հնարավորություն գրեթե չունեն։ Ես այդ մասին բազմիցս խոսել եմ նաև Առողջապահության նախարարի հետ և ասել, որ այս իրավիճակը պետք է փոխվի։ Առայժմ, ցավոք, էական առաջընթաց չի գրանցվել։
Սակայն ես շատ կուզենայի, որ դա հնարավորինս շուտ իրականություն դառնար, որովհետև հենց սա է այն հիմնական խոչընդոտներից մեկը, որը դժվարացնում է այս ոլորտում բժիշկների նոր սերնդի պատրաստումը Հայաստանում։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ





















































