«Ես որոշեցի չխմել, չծխել, լևի սեքս չանել։ Մի շաբաթ դիմացա։ Հետո հասկացա, որ ես մի շաբաթ կորցրել եմ իմ կյանքից»։
Ռոման Կուպչինսկի
Կուպչինսկու խոսքից եզրակցնում ենք. եթե մարդու կյանքում չկա ավելի բարձր նպատակ, ապա առողջությանը վնասող սովորություններից հրաժարվելը կարող է ընկալվել որպես պարզապես հաճույքներից ինքնակամ զրկում։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ պետք է մարդը հրաժարվի այնպիսի վայելքներից, որոնք իրեն հաճույք են պատճառում, եթե դրա դիմացը ոչինչ չի ստանում։
Այստեղից հայտնվում է նպատակի հարցը։
Վատ սովորություններից հրաժարվելը պետք է ծառայի ավելի մեծ նպատակի։ Այդ նպատակը հայ ժողովրդի առաքելությանը մասնակցելն է՝ աշխարհի կարգ ու կանոնի հաստատմանը և Երկիր մոլորակի զարգացմանը նպաստելը, որոնց մասին խոսվել է «Ռազմավարական հայը» հոդվածաշարի առաջին և երկրորդ մասերում։
Եթե մարդն իրեն համարում է այդ առաքելության մասնակից, ապա նա դառնում է այդ ընդհանուր գործի շարժիչ ուժերից մեկը։ Իր գիտելիքով, առողջությամբ, ժամանակով և էներգիայով նա առաջ է մղում այդ առաքելությունը։ Որքան արդյունավետ է գործում մարդը, այնքան արագ և հաստատուն է շարժվում ամբողջ գործը։
Հետևաբար ռազմավարական մարդու համար առողջությունը պարզապես անձնական արժեք չէ. այն ռազմավարական ռեսուրս է։
Նա պետք է հնարավորինս երկար ապրի, պահպանի ֆիզիկական և մտավոր կարողությունները, ունենա սթափ միտք, բավարար էներգիա և իր ժամանակը ծախսի առավելագույն արդյունավետությամբ։
Այստեղից հետևում է, որ եթե առողջությանը վնասող վարքագիծը կախված է հենց մեզանից, ապա դրանից հրաժարվելը դառնում է ոչ միայն առողջապահական, այլև ռազմավարական որոշում։ Խոսքը վերաբերում է ոգելից խմիչքի չարաշահմանը, ծխելուն, գիրացմանը նպաստող սովորություններին և այն բոլոր գործողություններին, որոնք գիտակցաբար թուլացնում են մարդու հնարավորությունները։
Եթե, օրինակ, որևէ մեկը հայտարարում է, որ իր նպատակը Արցախի վերադարձն է կամ Հայաստանի հզորացումը, բայց միաժամանակ տարիներ շարունակ քայքայում է սեփական առողջությունը, ապա նրա վարքը հակասում է իր իսկ հռչակած նպատակին։ Նա թուլացնում է այն գլխավոր գործիքը, որով կարող էր ծառայել այդ նպատակին՝ ինքն իրեն։
Սակայն նույնը չի կարելի մեխանիկորեն տարածել բոլոր հաճույքների վրա։
Օրինակ՝ սեռական հարաբերությունները ինքնին չեն կարող գնահատվել որպես օգտակար կամ վնասակար։ Ամեն ինչ կախված է դրանց հետևանքներից։ Եթե դրանք նպաստում են կայուն ընտանիքի, վստահության և մարդու ներքին հավասարակշռության ձևավորմանը, ապա կարող են նույնիսկ ուժեղացնել նրա կարողությունը ծառայելու իր նպատակին։ Իսկ եթե դրանք քայքայում են ընտանիքը, ոչնչացնում վստահությունը կամ վնասում են այն հարաբերությունները, որոնց վրա հիմնված է մարդու գործունեությունը, ապա դրանք նույնպես դառնում են ռազմավարական առումով վնասակար։
Ռազմավարական մտածողությունը բարոյախրատություն չէ։ Այն հաշվարկ է։ Հարցը միշտ նույնն է. արդյո՞ք այս ընտրությունը մեծացնում է իմ կարողությունը ծառայելու իմ նպատակին, թե՞ նվազեցնում է այն։
Հովհաննես Իշխանյան
«Ռազմավարական հայը» հոդվածի առաջին մասում քննարկվել է, որ աշխարհի կարգ ու կանոնի վերականգնման հնարավոր սուբյեկտներից մեկը հայությունն է։
Երկրորդ մասում խոսվել է, որ այդ առաքելությունն իրականացնելու համար ազգային ինքնությունը պետք է բարձրացվի վերազգային մակարդակի՝ դեպի Երկիր մոլորակին օգտակար լինելու գիտակցություն։
Հաջորդիվ քննարկվում է, թե ինչպիսի մտածողություն, վարք և կենսակերպ է անհրաժեշտ, որպեսզի այդ ազգային-վերազգային առաքելությունը հասնի նպատակին, դրանք կարող ես կարդալ այստեղ ՄԱՍ 3․1․ Մի՛ նեղացիր | ՄԱՍ 3․2 Զսպի՛ր կարծիքդ | ՄԱՍ 3․3 Ճիշտը մի հատ չի
Չորրորդ մասում ցույց է տրվել, որ ռազմավարական հայը անմահ է


















































