Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիական օրենսդրությունն ընդհուպ զենք է համարում կենդանուն»

Մայիս 14,2026 12:30 Share

Լույս է տեսել ՀՀ դատավորների միության «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի այս տարվա անդրանիկ համարը (հունվար-մարտ 2026 1-3 (319-321) ): Պետության և իրավունքի տեսություն, Սահմանադրական իրավունք, Քաղաքացիական իրավունք, Քաղաքացիական դատավարություն, Քրեական իրավունք, Կրիմինալիստիկա,  Միջազգային իրավունք բաժիններում տեղ են գտել  ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդներ Գագիկ Համբարձումյանի և Դավիթ Սարոյանի, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանի, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Մանե Մարկոսյանի, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Հենրիկ Խունդկարյանի, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հայցորդ Սուրեն Բաղինյանի, Իրավաբանական գիտությունների թեկնածո Հովսեփ Քոչարյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Վիրաբ Համբարձումյանի, այլոց անչափ ուշագրավ ուսումնասիրությունները, հրապարակումները:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Վիրաբ Համբարձումյանի «Սառը զենք հասկացության իրավական նշանակությունը. դոկտրինալ և գործնական հիմնախնդիրներ» հրապարակումը սառը զենքի մասին էր: Ինչպես նա է գրում, արտասահմանյան երկրների օրենսդրությանը խորթ է «սառը զենք» հասկացությունը: Ներկայացվում է, որ Քրեական պատասխանատվություն է նախատեսված հիշյալ առարկաները հասարակական/հանրային վայրում կրելու համար։Հեղինակն  առաջարկում է ապաքրեականացնել սառը զենք կրելը, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքից դուրս բերել սառը զենքի վերաբերյալ առկա իրավակարգավորումները, միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ գլխում նախատեսել նոր բովանդակությամբ նոր հանցակազմ: Քանզի գործող քրեական օրենսգրքում նախատեսված դրույթը ենթակա է արմատական լրամշակման և վերաձևակերպման։ Հեղինակը տարբեր երկրների դատական պրակտիկան է ներկայացնում, օրենսդրությունը: Մասնավորապես, ֆրանսիական օրենսդրությունն ընդհուպ զենք է համարում կենդանուն, եթե այն օգտագործվել է սպանելու, մարմնական վնաս պատճառելու կամ անձին սպառնալու համար: Գերմանական օրենսդրությամբ կտրող-ծակող զենք է համարվում՝ կտրող, ծակող, խոցող, հարվածող, նետվող սարքը, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ մարմնական վնասվածք պատճառելու համար, իսկ Իռլանդիայի օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև հանրային վայրում առանց հիմնավոր պատճառի կամ օրինական հիմքի ծալովի դանակ կամ մարդուն մարմնական վնասվածք պատճառելու կամ շարքից հանելու համար պատրաստված կամ հարմարեցված այլ առարկա կրելու համար: Ֆինլանդիայի քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված անձի կողմից հասարակական վայրում «Հասարակական կարգի մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջների խախտմամբ՝ իր մոտ կամ հասարակական վայրում գտնվող տրանսպորտային միջոցում վտանգավոր առարկա կրելու համար:

Սուրեն Բաղինյանը «Քրեական վարույթ և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների փոխգործողության տակտիկատեխնոլոգիական հիմքերն ու առանձնահատկությունները պետական դավաճանության քննության ընթացքում» անչափ արդիական հոդվածում եզրակացնում է, որ պետական դավաճանության քննության ընթացքում առավել արդյունավետ է վարույթն իրականացնող մարմնի կողմից փոխգործողությունը շարունակել ՕՀՄ-ի գործունեությունը իրականացնող այն մարմնի և ստորաբաժանման հետ, որոնց հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթը: Պետական դավաճանության բացահայտմանն ո­ւղղված վարութային գործողությունների կատարման երկարաձգումը հեղինակի դիտարկմամբ չափազանց բացասական ազդեցություն է ունենում քննության արդյունքների վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ հետքերի անհետացման ընթացքն այնքան օրինաչափ է, որքան՝ դրանց առաջացումը: Դավաճանական գործողություններ կատարած անձինք, որպես կանոն, ակտիվորեն մասնակցում են հանցանքի հետքերի քողարկմանը և քննությանը խոչընդոտելուն, կարող են թաքնվել երկրի սահմաններից դուրս, իրացնել հավաքված տեղեկությունները, ինչը լրացուցիչ վնաս է հասցնում  Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը։ Հեղինակն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերջին տարիների քննչական պրակտիկայի վերլուծության արդյունքները վկայում են, որ պետական դավաճանության քրեական վարույթները նախաձեռնվել են բացառապես հետաքննության մարմի հաղորդման հիման վրա:

Եռալեզու ամսագրում տեղ գտած Հովսեփ Քոչարյանի «Ագրեսիայի հանցագործությունը Հռոմի ստատուտի լույսի ներքո կիբեռագրեսիայի տեղեկատվական ինքնիշխանության մարտահրավերները ՀՀ քրեական օրենսգրքի համատեքստում» հեղինակն առաջարկում  է. «Հաշվի առնելով ագրեսիայի սպառնալիքների լրջության մակարդակը՝ նպատակահարմար է ուսումնասիրել և կատարելագործել ագրեսիայի կարգավորումը ՀՀ քրեական օրենսդրության համատեքստում»: Ըստ հեղինակի` դատական պրակտիկայում ագրեսիայի հանցակազմի բացության աստիճանի հարցը դեռ լուծված չէ։ Ներկայիս ՀՀ ՔՕ-ի 149-րդ հոդվածի երկրորդ մասով նույնպես ամրագրված է ագրեսիայի բաղադրիչ գործողությունների ծավալուն ցանկ, որը հիմն­ված է հենց ՄԱԿ-ի ԳԱ 3314 բանաձևի ագրեսիայի սահմանման վրա։ Այնո­ւամենայնիվ, խնդրահարույց է նույն մասի 8-րդ կետը, որտեղ ագրեսիա են համարվում նաև այլ արարքները, որոնք ագրեսիա են համարվում միջազգային իրավունքի համաձայն:

«Օրինակ՝ երբ նոր տեխնոլոգիական իրադարձությունները, ինչպիսիք են կիբեռհարձակումները, քննության են առնվում, դատարանին կարող է դժվար լինել որոշել, արդյոք այդպիսի գործողությունները կարելի է դիտարկել որպես ագրեսիա, և արդյոք այդպիսի գործողությունները հատում են կամ կարող են հատել ագրեսիայի սահմանը: Արդյունքում, ՀՀ դատարանը տվյալ դեպքերում ստիպված կլինի քաղաքական գնահատականների հիման վրա որոշում կայացնել, ինչը կարող է ունենալ անցանկալի քաղաքական և իրավական հետևանքներ»,-գրել է նա:

Հայտնի է, որ ՀՀ ՔՕ-ո­ւմ բացակայում է ագրեսիայի ո­ւղղվածության հստակ իրավաբանական նկարագրությունը։ Մասնավորապես՝ ագրեսիայի դիսպոզիցիայում չեն հիշատակվում պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության օբյեկտներն, ինչը կարող է իրավական մեկնաբանման առումով ստեղծել անորոշություններ…Հեղիակը հարցնում է`այնո­ւամենայնիվ, եթե կիբեռհարձակումները ճանաչվեն որպես զինված ուժի կիրառում, բաց է մնում այն հարցը, թե ինչ չափանիշներով պետք է գնահատել դրանց հասարակական վտանգը: Արդյոք դրանք հասնում են այն աստիճանի, որ դիտարկվեն որպես ագրեսիա ՄԱԿ-ի կանոնադրության խախտման և Հռոմի ստատուտի տեսանկյունից:

Ամսագրում ավանդաբար տպագրվում են ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները, ինչին նույնպես կարող եք ծանոթանալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031