Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաների առողջությունը, անվտանգ տեղեկատվական միջավայրը լրջագույն քաղաքական հարց է», բայց «մտահոգված դիալոգներից» առաջ չենք գնում․ Տիգրան Հակոբյան

Հուլիս 28,2026 17:39 Share

TikTok սոցիալական հարթակը խախտում է ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքը՝ չապահովելով անչափահաս օգտատերերի հաշիվների անվտանգությունը․ այս եզրահանգման են հանգել Եվրոպական հանձնաժողովում՝ իրականացված հետաքննության արդյունքում։ Հետաքննության համաձայն՝ TikTok-ում անչափահասներին տրված է հնարավորություն իրենց հաշիվը հանրային դարձնել, ինչի արդյունքում նրանց բովանդակությունը հասանելի է դառնում ցանկացած օգտատերի, նույնիսկ նրանց, ովքեր հաշիվ չունեն։ Անչափահասների հրապարակած տեսանյութերը կարող են երաշխավորվել այլ օգտատերերի լրահոսում։ Նույնիսկ գաղտնի հաշիվ ունեցող անչափահասների պրոֆիլները և հետևորդների ցանկերը մնում են հասանելի, ինչը, ըստ հանձնաժողովի, ստեղծում է անցանկալի կապի, կիբեռհետապնդման և շահագործման ռիսկեր։ Հանձնաժողովը կոչ է անում TikTok-ին փոխել կարգավորումները, որպեսզի անչափահասների հրապարակած բովանդակությունը տեսանելի լինի միայն նրանց հաստատած հետևորդներին, ինչպես նաև դադարեցնել այդ բովանդակության երաշխավորումը լրահոսի միջոցով։ Եթե Հանձնաժողովի եզրակացությունները հաստատվեն՝ TikTok-ը կարող է տուգանվել՝ մինչև իր համաշխարհային տարեկան շրջանառության 6%-ի չափով։ 2025 թվականին տարեկան շրջանառությունը եղել է 33,1 միլիարդ դոլար։

Հետաքննության ուսումնասիրության առարկա են դարձել նաեւ TikTok-ի հնարավոր կախվածություն առաջացնող դիզայնը, տվյալների հասանելիության և գովազդային թափանցիկության հարցերը։ TikTok-ում գրանցվելու նվազագույն տարիքը 13-ն է, բայց կասկածներ կան, որ սոցհարթակից օգտվողների թվում կան ավելի փոքրեր։

Սոցիալական մեդիայի բացասական ազդեցությունից երեխաներին պաշտպանելու հարցը վերջին տարիներին ԵՄ եւ ԵԽ առաջնահերթություններից է․ ԵՄ ինստիտուտներն ու անդամ պետությունները սկսել են քննարկել օրենսդրական սահմանափակումներ՝ սոցիալական մեդիա հարթակներում անչափահասների հասանելիությունը կարգավորելու նպատակով։

Եվրոպական խորհրդարանի Մշակույթի և կրթության հանձնաժողովը կոչ է արել ուժեղացնել երեխաների պաշտպանությունը սոցիալական ցանցերում և թվային հարթակներում, սահմանել միասնական կանոններ ինֆլուենսերների գործունեության համար, ինչպես նաև սահմանել խիստ պահանջներ արհեստական բանականության համակարգերի նկատմամբ՝ կանխելու երեխաների իրավունքների խախտումները և սինթետիկ վնասակար բովանդակության տարածումը։

Interface հետազոտական կենտրոնի ուսումնասիրություններով՝ ԵՄ 27 անդամ երկրներից 23-ը քննարկում է ազգային օրենսդրություն՝ սոցիալական ցանցերի հասանելիությունը որոշակի տարիքից սահմանափակելու կամ արգելելու հարցը։

Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել մինչև 15 տարեկան երեխաների համար սոցցանցերի օգտագործման արգելքին՝ դառնալով նման սահմանափակում ընդունած ԵՄ առաջին երկիրը։ Օրենքի համաձայն՝ 2026թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան երեխաները չեն կարողանա նոր հաշիվներ ստեղծել սոցցանցերում, իսկ գործող հարթակները պարտավոր կլինեն չորս ամսվա ընթացքում փակել այդ տարիքային խմբի գործող հաշիվները և կիրառել տարիքային ստուգման մեխանիզմներ։

Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմին «Ofcom»-ը 2026թ․ ամռանից սկսելու է ուսումնասիրել, թե սոցցանցերը և AI-չաթբոթներն ինչ բովանդակություն և պատասխաններ են ներկայացնում անչափահաս օգտատերերին։ Դրա համար կստեղծվեն 13-17 և 18+ տարիքային խմբերը ներկայացնող կեղծ օգտահաշիվներ, որոնց միջոցով կուսումնասիրվեն սոցհարթակների և AI-ծառայությունների առաջարկվող բովանդակությունը, պատասխանների բնույթը և անվտանգության գործիքները։

Եվրոպական Խորհուրդն էլ օրերս որոշում է ընդունել, ըստ որի` տեխնոլոգիական ընկերություններին հնարավորություն է տրվում կամավոր կերպով հայտնաբերել ու հեռացնել երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերն իրենց հարթակներից եւ չեն մեղադրվի գաղտնիության խիստ կանոնները խախտելու համար։ Ժամանակավոր կանոնակարգը կգործեն մինչև 2028 թվականի ապրիլի 3-ը։ ԵՄ-ում աշխատում երեխաների սեռական շահագործման դեմ առցանց հարթակներում պայքարելու, նման դեպքերը կանխարգելելու օրենսդրության շուրջ։

Տիգրան Հակոբյան

Թե այս առումով Հայաստանն ի՞նչ կուտակած հիմք ունի՝ Aravot.am-ը զրուցեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ։ Տիգրան Հակոբյանի պատասխանը շատ միանշանակ էր․ «Ոչ մի բան չունենք: Մենք առաջարկել ենք, հանձնաժողովի տարեկան հաղորդման մեջ կա, բայց նույնիսկ մասնագիտական քննարկում չի եղել, կամ եղել է, ես մասնակից չեմ եղել։ Ամեն դեպքում, սա ոչ իշխանությունները, ոչ հասարակությունը, կարծես, առաջնային խնդիր չեն համարում։ Ընդհանրապես երևի խնդիր չեն համարում, բայց հանձնաժողովի կարծիքով, որը պարբերաբար արտահայտում ենք, սոցիալական ցանցերը որոշ կարգավորման տակ պետք է լինեն՝ առաջին հերթին անչափահասների հոգեկան և ֆիզիկական առողջությունը պաշտպանելու և պահպանելու համար։ Այսինքն, ուշ թե շուտ մենք դրանով պիտի զբաղվենք։ Դրա դրական փորձը կա, դրա մեխանիզմները կան և՛ եվրոպական, և՛ այլ երկրների, և՛ օրենսդրության մեջ, և՛ կարգավորող մարմինների լիազորությունների։ Մնում է մեզ մոտ հասկանան, որ դա լուրջ է, որ սոցիալական ցանցերը, բացի առավելություններից, օգուտից, ազատ խոսքից բերում են նաև վտանգավոր բովանդակության տարածման, անվերահսկելի, եւ այդ առումով որոշ կարգավորման կարիք ունենք»։

Մեր զրուցակիցը հստակեցնում է․ «Երբ խոսում ենք կարգավորման մասին, սկսում են շահարկել խոսքի ազատության սահմանափակումները, բայց դրանք երկու տարբեր բաներ են։ Խոսում ենք կարգավորման մասին, որպեսզի սահմանափակվի բռնությունը, խտրականությունը, պատերազմի կոչը և այլն»։

Տիգրան Հակոբյանը վստահեցնում է՝ ՀՌՀ-ում ունեն մեկտեղված տարբեր երկրների օրենսդրական բազան, տարբեր երկրներում ինտերնետ բովանդակությունը կարգավորման փորձը եւ եթե ՀՀ իշխանությունները այս խնդիրը քաղաքական առաջնություն համարեն, ապա իրենք դրանով կզբաղվեն՝ բոլորի հետ համատեղ։ Կարծում է, որ ժամանակը եկել է եւ այդ օրակարգը չի ուշանա։

Դիտարկմանը՝ միգուցե հանձնաժողովն ինքը սկսի առաջարկներ ներկայացնել՝ մինչև 15 տարեկաններին վերաբերվող սահմանափակումների մասով եւ փորձի դրանք գործողության մեջ դնել, Տիգրան Հակոբյանը արձագանքեց․ «Չենք ներկայացրել դեռ, բայց այնպես էլ չի, որ աշխարհում տասնամյակներով այդ փորձը կամ այդ նորմերը գործում են․ վերջին 2, 3, 4 տարվա միտում է։ Մենք էլի կհավաքենք միջազգային փորձից, նաև մասնակցում ենք տարբեր միջազգային գիտաժողովների, որտեղ այդ հարցերը քննարկվում են, որ մենք ինքներս մեխանիզմները հասկանանք, որովհետեւ այդ ամեն ինչը պիտի Հայաստանի համար ադապտացնել։ Պիտի հասկանանք, թե ի՞նչ տեխնիկական միջոցներ ունի Հայաստանը։ Այո՛, կարծում եմ, մենք պիտի զբաղվենք այդ հարցերով՝ այլ շահագրգիռ մարմինների՝ գործադիրի, հասարակական կազմակերպությունների հետ՝ օրենսդրական փաթեթների մշակմամբ»։

Թե ինչո՞ւ է իշխանական դաշտն այս առումով պասիվ, Տիգրան Հակոբյանը պատասխանում է՝ մտահոգությունները բարձրաձայնում են, հասկանում են դրա կարևորությունը կամ վտանգները, բայց բացի «մտահոգված դիալոգներից» գործնականում առաջ չեն գնում․ «Կարծում եմ, որ հիմա, երբ ընտրություններից հետո նոր իշխանությունը ձևավորվի, ժամանակ ունեն, եւ հույս ունեմ, որ այդ հարցերի վրա ավելի մեծ ուշադրություն կդարձնեն։ Մենք մի քիչ քաղաքական խնդիրները սկսել ենք ավելի նեղ պրիզմայով նայել, բայց երեխաների առողջությունը, անվտանգ տեղեկատվական միջավայրը լրջագույն քաղաքական հարց է»։

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Գլխավոր նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել