«2018-ին այս իշխանությունն ունեցել է աննախադեպ լեգիտիմություն, 2021-ին որոշակի ընտրախախտումներով, բայց այս իշխանությունը ձևավորել էր մեծամասնություն։ 2026-ին ձեր հավաքած ձայները եղել են պատերազմով վախեցնելու, բռնաճնշումների հետևանք։ Չունեք այն լեգիտիմությունը, որն ունեցել եք 2018-ին, 2021-ին, դուք և ամբողջ կառավարությունն ունեք լեգիտիմության դեֆիցիտ»,-ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ժամանակ իր ելույթում դիմելով ՔՊ-ին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի թեկնածությանը՝ ասաց․ «Ես վերջին հինգ տարիներին Ձեր արածով Ձեզ գիտեմ։ Սրտաճմլիկ էր այն հայտարարությունը, որ ասում եք, թե այս ամբիոնից՝ ելույթի ժամանակ քաղաքական դիրքորոշում եք հնչեցնելու, բարձրանաք վերև, նիստ վարեք, անաչառ եք լինելու։ 2021-ի էլ մոտավորապես նույնն ասում էիք՝ երբ փոխխոսնակ էիք ընտրվում։ Բայց չեմ հիշում մի ելույթ, որ ինձ ու իմ գործընկերներին չմիջամտեիք։ Աղետ էր Ռուբինյանի՝ փոխխոսնակի գործունեությունը, շատ ավելի վատն էր Թուրքիայի հետ՝ որպես բանագնաց Ձեր կարգավիճակը, քանի որ ոչ մի արդյունք չեք գրանցել»։
Կարդացեք նաև
Այնուհետև անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին, ասաց․ «Ասում եք՝ տղաներն ընկել են, որ մենք այստեղ նիստ անենք։ Չէ, պարոն Ռուբինյան, տղաներն ընկել են, որ մենք Արցախը հայկական համարենք, տղաներն ընկել են, որ մենք մեր պատմությունը հարգենք, ոչ թե անարգենք, ինչպես դուք եք անում, որ մենք Արարատին չամաչենք նայել։ Էս նիստի համար չեն ընկել տղաները, ցավում եմ, որ Ձեր ընկալումներն այդ մասով այդպիսին են»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































