«Ամեն առավոտ ամոթով եմ արթնանում այն գիտակցությունից, որ մենք կորցրել ենք մեր հպարտության աղբյուր Արցախը, ամեն անգամ Գեղարքունիք գնալիս ամոթով եմ ապրում, երբ տեսնում եմ՝ այլևս չկան մեր Զինված ուժերի, նաև իմ եղբոր պահած ու կահավորված մարտական դիրքերը, երբ Կապան գնալուց առաջինը դեմս դուրս է գալիս Ադրբեջանի դրոշը, երբ գնում ես Ներքին Հանդ ու հասկանում, որ գյուղը կիսված է»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Շարունակելով ասաց, որ ամոթով է ապրում, երբ գնում է ԱԱԾ՝ սրբազաններին այցելության․ «Ամոթով եմ ապրում, երբ երեք սրբազաններ նստած էին այն խցում, որտեղ ես 90-ականներին էի նստած, ու կյանքում չէի մտածի, որ կարող է այդտեղ սրբազան հայտնվել։ Ամոթով եմ ապրում, որ գիտակցում եմ՝ վաղը ամենայն Հայոց կաթողիկոսի և սրբազանների դատավարությունն է լինելու։ 37-ին երեք մեր սրբազաններ ԿԳԲ-ում նստած են եղել։ Եվ վերջապես անցնող հինգ օրերին ԱԺ դահլիճ մտնելիս ամոթ եմ ապրում, որ տեսնում եմ, որ իմ մեր ընկեր, ԱԺ պատգամավոր, հպարտ սյունեցի Արթուր Սարգսյանն այս դահլիճում նստած չէ»։
Հետո էլ Արամ Վարդևանյանին հարցրեց՝ որպես նախկինում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան կարո՞ղ եք բացատրել՝ դատարանը ո՞նց չթողեց, որ Արթուր Սարգսյանը մեզ հետ մասնակցի ԱԺ նիստերին, նա պատասխանեց․ «Հիշում եմ՝ ինչպես 2022-ին հրաշք Ստեփանակերտում առաջին անգամ հանդիպեցի Ձեր եղբորը, որը ներկայումս Բաքվի բանտում է գտնվում մեր այլ հայրենակիցների հետ միասին։ Ազատություն եմ մաղթում ռազմագերիներին, որոնք գտնվում են Բաքվում։ Արթուր Սարգսյանի վերաբերյալ կարող եմ նշել, որ դատարանի՝ իբրև պատճառաբանումը եղել է այն, թե իբր Արթուր Սարգսյանը, ինչպես եղել է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, այնպես էլ ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր է, հետևաբար վերջինիս ազատ արձակման անհրաժեշտություն առկա չէ։ Սա քաղաքական հետապնդում չէ՞, որ ստացվում է՝ առանց որևէ անհրաժեշտության մարդուն կալանավորում են։ Սահմանադրական դատարանն ասում է՝ նույնիսկ մեկ պատգամավոր, եթե Սահմանադրությամբ նախատեսված կարգով լինում է կալանավորված այդ կարգի խախտմամբ, ապա դա վնաս է հասցնում ամբողջ ԱԺ գործունեությանը»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր ԱրփինԴավոյանն էլ հարցրեց՝ կոնկրետ ո՞ր իրավական կետով է նշված, որ պետք է ամեն գումարման մտնել ԱԺ և համաձայնություն ստանալ նույն անձի համար ու ասաց․ «Սահմանադրության մեջ ասվում է, որ ԱԺ համաձայնությունը պետք է, և եթե սահմանադիրը ուզենար ամեն գումարման համար համաձայնություն ստանալ, հստակ կարող էր նշել, որ երբ ԱԺ-ն ավարտում է իր գործունեությունը և նորը գումարում, ապա նորից պետք է գալ ԱԺ և հայցել ԱԺ համաձայնությունը»։ Արամ Վարդևանյանը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրությանը, խնդրեց բացել 96-րդ հոդվածը ու կարդաց այն․ «ՀՀ ԱԺ պատգամավորը առանց ԱԺ համաձայնության չի կարող զրկվել ազատությունից՝ բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։ Արթուր Սարգսյանի մասով ԱԺ համաձայնություն ստացվե՞լ է։ Արթուր Սարգսյանը ո՞նց է զրկված ազատությունից, երբ ինքը ԱԺ պատգամավոր է»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































