Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը չի հրաժարվի Եկեղեցու վրա հարձակումներից

Օգոստոս 12,2026 11:00 Share

Բայց կաթողիկոսին եւ ինքնուրույն եպիսկոպոսներին պաշտոնանկ անելու գաղափարը հանդիպում է կոշտ դիմադրության

 

Ամենայն հայոց կաթողիկոսի եւ սրբազան հայրերի դեմ փաշինյանական ռեժիմի «դատավարությունը» հետաձգվեց: Ինքնին այդ ամբողջ գործն, իհարկե, աբսուրդի ժանրից է. դատել  հոգեւորականներին՝ իրենց կանոնական պարտականությունները կատարելու համար՝ դա կմտի համաշխարհային իրավական պրակտիկայի մեջ որպես ամենամեծ կուրյոզներից մեկը:

 

Օգոստոսի 7-ին այդ գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել՝ բերելով, ինձ թվում է, ոչ հստակ պատճառաբանություններ. «հստակն», իմ կարծիքով, այն է, որ նման դատավարություն ընդհանրապես չպիտի լինի: Եվ այստեղ հնարավոր է երկու բացատրություն. 1/ դատավորը չի ցանկացել վարկաբեկվել նման գործ ստանձնելով, 2/ դա վերեւից եկող մտածված ծրագիր է, քանի որ իշխանությունը հաշվարկել է իր նախաձեռնած անհեթեթության հետեւանքները:

 

Առաջին տարբերակը, որքան էլ վերապահումներ անենք, խոսում է այդ դատավորի օգտին: Վստահ եմ, որ դատական համակարգում, ինչպես նաեւ դատախազությունում, քննչական մարմիններում կան մարդիկ, որոնք ճիշտ պատկերացումներ ունեն պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաեւ մարդկային ու ազգային արժանապատվության մասին:

 

Եթե այդ վարկածը ճիշտ է, ապա շատ հավանական է, որ Փաշինյանը կհրահանգի «ստուգել դատավորի սեփականությունը», ինչպես որ դա արել է կառավարության աշխատակազմի նախկին պաշտոնյա Լիպարիտ Դրմեյանի դեպքում: Այդ պաշտոնյան ընդամենն իր կարծիքն էր հայտնել, որը չէր համապատասխանում ՔՊ առաջնորդի քաղաքական եւ անձնական մտասեւեռումներին: Որպես մասնագետ՝ նա պարտավոր էր դա անել, քանի որ աշխատավարձ էր ստանում պետությունից, ոչ թե Փաշինյանից: Իր կարծիքն արտահայտելու համար նա ազատվեց աշխատանքից՝ հռչակվելով «տրոյական ձի» եւ հնարավոր կոռուպցիոներ:

 

Դատավորը նույնպես պետության, ոչ թե Փաշինյանի ներկայացուցիչն է, եւ եթե տեսնում  է իր կողմից՝ գործը քննելու համար խանգարող հանգամանքներ, պարտավոր է դրանք բարձրաձայնել: Այնպես որ, կրկնեմ, ամենեւին բացառված չէ, որ Հակոբ Մանուկյանի մոտ «ապօրինի գույք» հայտնաբերվի, կամ պարզվի, որ նա հակասահմանադրական կոչեր է հնչեցրել: Արդյո՞ք այդ «հայտնաբերելն» ուղեկցվելու է ԱԱԾ-ականների «մասկի շոու»-ով եւ գետնին տապալելով, կախված է ՔՊ առաջնորդի տվյալ պահի տրամադրությունից:

 

Իսկ արժե՞ արդյոք դիտարկել այն տարբերակը, որ Փաշինյանը, տեսնելով, որ կաթողիկոսին եւ իրեն ոչ հնազանդ եպիսկոպոսներին պաշտոնազրկելու իր մտասեւեռումը հանդիպում է երկրի ներսում եւ Սփյուռքում բավականին կոշտ դիմադրության, որոշել է հետքայլ անել կամ հետաձգել իր այդ գաղափարի իրագործումը, եւ դատավորի ինքնաբացարկը դիտարկել հենց այդ համատեքստում: Կարծում եմ՝ ոչ, դա հնարավոր չէ:

 

Իմանալով ներկայիս ռեժիմի  եւ ՔՊ առաջնորդի առանձնահատկությունները՝ հակված եմ առաջին վարկածին: Երբ Փաշինյանին տիրում է ինչ-որ ցնորամիտ ֆանտազիա, ընդհանրապես հաշվարկած քայլերի մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է:

 

Վերջերս, օրինակ, պարզվել է, որ Հայաստանը ցանկանում է ինտեգրվել ԵՄ-ին ոչ թե այն պատճառով, որ մեզ հոգեհարազատ են եվրոպական արժեքները, ոչ թե այն պատճառով, որ եվրոպական շուկան մեր ապրանքների համար տնտեսապես ավելի ձեռնտու է, եւ նույնիսկ ոչ թե այն պատճառով, որ Մակրոնը կամ ֆոն դեռ Լայենը ուղղորդում են Հայաստանի կառավարությանը:

 

Ոչ, պատճառն ավելի «հետաքրքիր» է: Պարզվում է, Փաշինյանը վիրավորվել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, որը պնդում էր, թե Հայաստանը «գնալու տեղ չունի ու նրան ոչ ոք չի սպասում», եւ որոշել Լուկաշենկոյի «ջգրու» ապացուցել, որ մենք ունենք այլընտրանք, տեղ ունենք գնալու, եւ մեզ այնտեղ սպասում են:

 

Այդ, մեղմ ասած, ինֆանտիլիզմի պայմաններում դժվար է ակնկալել, որ «ամենավերեւում» ինչ-որ քայլեր են հաշվարկվում: Հակառակ դեպքում ձեռնարկվող քայլերի մանկամիտ «բացատրություններ» չէին բերվի:

 

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել