Իլհամ Ալիեւը, Նախիջեւանում հարցազրույց տալով ադրբեջանական հեռուստատեսությանը, արել է մի շարք հայտարարություններ, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ։ Դրանց մի զգալի մասը ամենեւին նոր չէ, եւ, թերեւս, ընդհանուր առմամբ ոչինչ նոր չէ։
Իլհամ Ալիեւն, ըստ էության, խոսել է Հայաստանի հանդեպ հաստատած ստրատեգիական գերակայության մասին, խոսել է անթաքույց, առանց կաշկանդվելու, առանց դույզն իսկ մտահոգվելու, որ դա կարող է, օրինակ, խաթարել այսպես կոչված «խաղաղության գործընթացը»։ Այդ անկաշկանդության պատճառն իհարկե այն է, որ Ալիեւը միջազգայնորեն լեգիտիմացրել է Հայաստանի հանդեպ իր ստրատեգիական «վերահսկողության» հանգամանքը, ստացել դրա «դաբրոն» գործնականում բոլոր ուժային կենտրոններում։ Ոմանք այդ «դաբրոն» տվել են նպատակային, ոմանք՝ չունենալով չտալու հնարավորություն, թեկուզ առժամանակ, բայց Ալիեւի անկաշկանդությունը վկայում է հենց դրա մասին։
Սակայն սա բոլորովին այն մասին չէ, թե՝ ի՞նչ անի «խեղճ Փաշինյանը», եթե բոլորն Ալիեւին տվել են այդ «դաբրոն»։ Հարցն այն է, որ տվել են, որովհետեւ դա առաջին հերթին հոժարակամ ընդունել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Նա հրաժարվել է հետպատերազմյան քաղաքական-դիվանագիտական դիմադրությունից։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը դրա գաղափարն իսկ հռչակել է «կոնֆլիկտածին», հռչակել է «ռեւանշիզմ», եւ վերածել, ըստ էության, իր իսկ հանրության հանդեպ շանտաժի։ Իսկ երբ Հայաստանի քաղաքական ղեկավարը հրաժարվում է քաղաքական-դիվանագիտական դիմադրության ու պայքարի գաղափարից, եւ ավելին՝ այն վերածում հենց Հայաստանի դեմ շանտաժի միջոցի, ապա պետք չէ զարմանալ, որ միջազգային քաղաքականության բոլոր դերակատարները սկզբունքորեն ընդունում են իրերի այդ դրությունն ու դրանց վրա ադրբեջանական գերակայությունը, առնվազն այն ժամանակահատվածում, քանի դեռ իրենք միմյանց հետ գտնվում են մակրոքաղաքական դիմակայության ու պայքարի ռեժիմում։
Փաշինյանի ապոլոգետներն այդ անձնատուր վարքագիծը պայմանավորում են նրանով, թե՝ պարտվել ենք, բա ի՞նչ եք ուզում։ Բայց, նրանց անմնացորդ ջանքը ջուրն է գցում հենց ինքը Փաշինյանը, հայտարարելով, որ գիտակցված է գնացել այն ճանապարհով, որը բերել է այս կետին՝ Հայաստանի անկախությանը։ Ապոլոգետներին, ըստ ամենայնի, կմնա հայտարարել, որ ադրբեջանական հեռուստատեսությամբ Ալիեւի արած հայտարարությունները ձոն են Հայաստանի անկախությանը, պարզապես՝ «երկրի․․․», ներեցեք՝ «ձոնի հակառակ կողմը»։
Կարդացեք նաև
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ


















































