Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ բռնազավթում չի կարող զրկել արցախահայությանը իր հայրենիքի նկատմամբ հիմնարար իրավունքներից. Հովիկ Ավանեսով

Սեպտեմբեր 02,2026 12:11 Share

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ուղերձը
Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր նշում ենք Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը՝ մեր ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն և խորհրդանշական էջերից մեկի տարեդարձը։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը, իրացնելով ինքնորոշման իր անքակտելի իրավունքը, հռչակեց իր պետականությունը՝ վերահաստատելով սեփական պատմական հայրենիքում ազատ, արժանապատիվ և անվտանգ ապրելու իր դարավոր կամքը։

Արցախի Հանրապետությունը միայն քաղաքական կամ վարչական միավոր չէր։ Արցախը հազարամյակների ընթացքում եղել է հայկական քաղաքակրթության, պետականության, քրիստոնեական ինքնության և ազգային մշակույթի անբաժանելի մաս։ Նրա հայկական ինքնությունը վկայում են պատմությունը, հողը, եկեղեցիներն ու վանքերը, խաչքարերը, ամրոցները, հնավայրերը, գերեզմանոցները և, ամենակարևորը, հայ ժողովրդի բազմադարյա ներկայությունը։

Այսօր Արցախը ժամանակավորապես բռնազավթված է։ Սակայն որևէ բռնազավթում, ռազմական վերահսկողություն կամ քաղաքական զարգացում չեն կարող վերացնել պատմական ճշմարտությունը, փոխել Արցախի հայկական ինքնությունը կամ զրկել արցախահայությանը իր հայրենիքի նկատմամբ հիմնարար իրավունքներից։

Արցախի բռնազավթումից և արցախահայության բռնի տեղահանումից հետո Ադրբեջանի պետական վարչախումբը Արցախի տարածքում իրականացնում է քաղաքականություն, որը պետք է դիտարկվի որպես 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի դրսևորում։

Այս քաղաքականության նպատակը ակնհայտ է՝ ոչ միայն ոչնչացնել հայկական մշակութային ժառանգության նյութական վկայությունները, այլև փոխել Արցախի պատմական դիմագիծը, կեղծել նրա անցյալը, վերացնել հայկական քաղաքակրթական ներկայության հետքերը և ստեղծել կեղծ պատմական իրականություն՝ Արցախը ներկայացնելով առանց նրա բնիկ հայկական ժողովրդի և բազմադարյա մշակութային ժառանգության։

Մշակութային ցեղասպանությունը չի սահմանափակվում եկեղեցիների, խաչքարերի և պատմական հուշարձանների ֆիզիկական ոչնչացմամբ։ Այն դրսևորվում է նաև հայկական արձանագրությունների վերացմամբ, հուշարձանների ինքնության աղավաղմամբ, հայկական եկեղեցիների պատմական պատկանելիության կեղծ վերագրումներով, մշակութային արժեքների յուրացմամբ, տեղանունների փոփոխությամբ և հայկական պատմական հիշողության համակարգված ոչնչացման փորձերով։

Այսօր ժամանակավորապես բռնազավթված Արցախում վտանգի տակ են հայտնվել հազարավոր հայկական մշակութային և պատմական հուշարձաններ։ Յուրաքանչյուր ավերված եկեղեցի, պղծված գերեզմանատուն, ոչնչացված խաչքար կամ վերացված արձանագրություն հարված է ոչ միայն հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը, այլև համաշխարհային քաղաքակրթական ժառանգությանը։

Այդ պատճառով Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցը չի կարող դիտարկվել որպես միայն հայ ժողովրդի ներքին խնդիր։ Սա միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների, գիտական կառույցների և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում գործող բոլոր պատասխանատու ուժերի համընդհանուր պատասխանատվության հարցն է։

Արցախի հայկական մշակութային ժառանգությունը պատմական կենդանի վկայություն է՝ պահպանված քարերում, եկեղեցիներում, վանքերում, ամրոցներում և խաչքարերում։ Այն հնարավոր չէ վերացնել քաղաքական որոշումներով կամ ջնջել պատմական հիշողությունը միայն այն պատճառով, որ այսօր այդ տարածքը գտնվում է օտար վերահսկողության ներքո։

Արցախահայության հավաքական վերադարձը հայկական Արցախ եղել, շարունակում է մնալ և կմնա նրանց հիմնարար ու անօտարելի իրավունքը՝ անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից, ժամանակավոր քաղաքական պայմանավորվածություններից և տարածաշրջանային ուժային հարաբերակցություններից։

Այդ իրավունքի լիարժեք իրացումը ենթադրում է արցախահայության հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձ հայկական Արցախ՝ բացառապես հայկական իրավազորության ներքո և միջազգային հստակ ու գործուն երաշխիքներով։ Այդ վերադարձը չի կարող սահմանափակվել նախկին բնակավայրեր զուտ ֆիզիկական վերադարձով կամ իրականացվել Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այն պետք է ապահովի արցախահայության՝ սեփական պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու, ինչպես նաև իր քաղաքական, հասարակական, մշակութային, հոգևոր, կրոնական և ազգային կյանքը տնօրինելու լիարժեք հնարավորությունը՝ բացառելով Ադրբեջանի պետական, քաղաքական, վարչական, ռազմական կամ որևէ այլ ձևաչափով ներկայությունը, վերահսկողությունն ու իրավազորությունը Արցախում։

Բռնի տեղահանումը չի նշանակում հրաժարում հայրենիքից։ Ժամանակավոր բռնազավթումը չի նշանակում պատմական ինքնության, հայրենիքի նկատմամբ իրավունքի կամ հայրենիք վերադառնալու հնարավորության կորուստ։ Աշխարհաքաղաքական իրողությունները կարող են փոխվել, տարածաշրջանային հարաբերակցությունները՝ վերափոխվել, սակայն Արցախի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները չեն կարող կախված լինել քաղաքական կոնյունկտուրայից։

Արցախահայության հավաքական վերադարձը միաժամանակ նշանակում է Արցախի հայկական մշակութային ժառանգության փրկություն, հայկական քաղաքակրթական միջավայրի վերականգնում և պատմական շարունակականության ապահովում։ Մշակութային ժառանգությունը չի կարող լիարժեք գոյություն ունենալ իր ստեղծող և պահպանող ժողովրդի բռնի բացակայության պայմաններում։ Եկեղեցիները կենդանի են հավատացյալ ժողովրդի ներկայությամբ, պատմական բնակավայրերը՝ իրենց բնակիչներով, իսկ մշակութային լանդշաֆտը՝ այն հանրությամբ, որը դարերի ընթացքում ստեղծել և պահպանել է այն։

Այսօր մեր պարտականությունն է շարունակել արձանագրել, փաստագրել և միջազգային հանրությանը ներկայացնել Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող բոլոր հանցագործությունները։ Յուրաքանչյուր ոչնչացված հուշարձան պետք է փաստագրվի, յուրաքանչյուր աղավաղված պատմական փաստ՝ հերքվի գիտական հիմքով, իսկ պատասխանատուները՝ ենթարկվեն պատասխանատվության։

Մեր լռությունը չի կարող պաշտպանել Արցախի ժառանգությունը։ Անտարբերությունը միայն խրախուսում է նոր հանցագործությունները։ Ուստի անհրաժեշտ է համազգային և միջազգային ջանքերով շարունակել պայքարը Արցախի պատմական և մշակութային ժառանգության պահպանության, արցախահայության իրավունքների պաշտպանության և նրանց հավաքական վերադարձի իրավունքի միջազգային ճանաչման ու իրացման համար։

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը մեզ համար միայն հիշատակի օր չէ։ Այն նաև պարտավորություն է՝ պահպանել պետականության գաղափարը, պաշտպանել պատմական ճշմարտությունը և չհրաժարվել մեր ժողովրդի հիմնարար իրավունքներից։

Այսօր, երբ Արցախը ժամանակավորապես բռնազավթված է, առավել քան երբևէ պետք է հստակ և աներկբա հայտարարել.

Արցախը եղել է հայկական, Արցախը հայկական է և կմնա հայկական։

Պատմական արդարությունը չի կարող վերացվել ուժի կիրառմամբ։

Ժողովրդի ինքնությունը չի կարող ոչնչացվել բռնի տեղահանությամբ։

Մշակութային ժառանգությունը չի կարող հավերժորեն ջնջվել ավերածություններով։

Եվ արցախահայության հայրենիք վերադառնալու իրավունքը չի կարող վերացվել որևէ աշխարհաքաղաքական զարգացմամբ։

Արցախի ժողովուրդը պահպանել է իր ինքնությունը դարերի ընթացքում՝ պատերազմների, բռնաճնշումների և գոյաբանական բազմաթիվ փորձությունների պայմաններում։ Այսօրվա ծանր իրողությունը ևս չի կարող լինել մեր ժողովրդի պատմական ճանապարհի ավարտը։

Արցախի Հանրապետությունը հռչակվեց ժողովրդի ազատ կամքով։ Արցախի հայ ժողովուրդը բռնի տեղահանվեց, սակայն չի հրաժարվել իր հայրենիքից։ Արցախի հայկական մշակութային ժառանգությունն այսօր ենթարկվում է ոչնչացման և յուրացման համակարգված քաղաքականության, սակայն շարունակում է մնալ հայկական քաղաքակրթության անքակտելի մասը։

Մենք պարտավոր ենք պահպանել հավատը, պատմական հիշողությունը և իրավունքի գաղափարը։

Արցախը ժամանակավորապես բռնազավթված է, բայց Արցախը մոռացված չէ։

Արցախահայությունը բռնի տեղահանված է, բայց չի հրաժարվել իր հայրենիքից։

Նրանց հավաքական վերադարձը հայկական Արցախ եղել, մնում և կմնա նրանց հիմնարար իրավունքը։

Այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի օրը, խոնարհվում ենք Արցախի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում մեր հավաքական կամքը՝ շարունակելու պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների, Արցախի հայկական ինքնության և Արցախի բազմադարյա մշակութային ժառանգության պաշտպանության համար։

Արցախը մեր պատմական հայրենիքն է։

Արցախի մշակութային ժառանգությունը մեր քաղաքակրթական ինքնության անքակտելի մասն է։

Արցախահայության վերադարձը հայկական Արցախ՝ բացառապես հայկական իրավազորության ներքո, նրանց հիմնարար իրավունք է։

Եվ այդ իրավունքը չի կարող վերացվել՝ անկախ ժամանակից, քաղաքականությունից կամ աշխարհաքաղաքական զարգացումներից։

Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել