Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ որդին, հայրը եւ կոչումով զինվորականը

Սեպտեմբեր 02,2026 12:30 Share

«Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»,- սրանք մեր Ազգային հերոսի խոսքերն են եղել, որոնք արդեն գրվել են պատմության լուսամատյանում։ Եվ եկավ այն սերունդը, ով պիտի շարունակեր հերոսների գործը՝ նրանց սխրանքն ամրապնդեր բանակաշինությանը մասնակցելով , մեր հաղթանակները միջազգային հարթակներում ամրագրելով: Չհասցրեցին:

2020 թ. սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից սանձազերծված Արցախյան  44-օրյա պատերազմի ընթացքում անմահության ուղին բռնեցին նաեւ նոր սերնդի հազարավոր լուսավոր տղաներ:

Հայրապետ Գուրգենի Միքայելյանը զինվորականի մասնագիտությունն ընտրել էր դեռ պատանի տարիքից: Լինելով սպա՝ հավասարապես կիսում էր իր զինվորներին բաժին հասած բոլոր դժվարությունները: Լավ ընկեր ու խորհրդատու էր կյանքում,  հուսալի հենարան՝ ծառայության ժամանակ դիրքեր բարձրանալիս, հայրենիքի սահմանները պաշտպանելիս:

Նա ծնվել էր 1994 թվականի օգոստոսի 29-ին: Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ավարտելուց հետո նշանակվել է Կապանի զորամասի սպա: Հետո տեղափոխվել է Արցախ՝ Որոտանի (Կուբաթլու) զորամաս՝ որպես տանկիստ եւ պահում էր Ջրականի (Ջաբրայիլ) դիրքերը:

Արցախյան երրորդ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ ՝ 2020թ. օգոստոսին մեկնել էր Աստրախան՝ մասնակցելու զորավարժությունների: Ուներ բազմաթիվ մեդալներ: Պատերազմը սկսվելուն պես նա կիսատ թողեց բոլոր ծրագրերը: Վերադարձավ Հայաստան եւ ընկերների հետ տանկերով ուղեւորվեց Ջրական: Խիզախ սպան 20 օր շարունակ կատաղի մարտեր է մղել թշնամու դեմ՝ ոչնչացնելով մեծաթիվ մարդկային ուժ եւ զինտեխնիկա:

Վերացնելով թշնամու տանկերը ՝ ընկերների հետ գործի էր դնում ամբողջ հնարամտությունը, վերանորոգում դրանք եւ դարձյալ ուղղում ոսոխի դեմ:

Հայրապետ Միքայելյանը կենաց-մահու պայքարի ամբողջ ընթացքում իրեն դրսեւորել է որպես իսկական սպա: Միայն մի դրվագն էլ բավական է պատկերացնելու համար, թե ինչպիսի նվիրվածություն ուներ հանդեպ իր զինվորները: Նրա մասին պատմել են, որ վերջին կատաղի մարտերի ժամանակ ինքը եւ իր սպա ընկերները զորքին իջեցրել են ներքեւ, իսկ իրենք շարունակել են համառ դիմադրությունը մինչեւ կյանքի վերջին վայրկյանը:
Նա անմահացավ հոկտեմբերի 16-ին:

Հայրապետ Միքայելյանը հասցրել էր ամուսնանալ: Ուներ դուստր: Նվիրյալ սպային մարտադաշտ մեկնելուց եւ իր զինվորների կողքին լինելու որոշումից հետ չպահեց անգամ այն, որ կինը սպասում էր երկրորդ երեխային: Չհասցրեց տեսնել երկրորդ դստեր ծնունդը:

Նա պատրաստված սպա էր, հրաշալի որդի, լավ հայր եւ ամուսին:
Մենք փորձեցինք զրուցել հերոսի մայրիկի՝ տիկին Հեղինեի հետ: Բառերն անզոր են նկարագրելու կորստի եւ հավերժ սպասումի ցավը: Բայց նա կարողանում է ընդամենը մի քանի խոսք ասել, թեեւ անվերջ կարելի է խոսել հերոս զավակի մասին.

– Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սովորելու չորս տարիների ընթացքում իրեն սիրեցին բոլորը՝ դասախոսները, ընկերները, հետո նաեւ ՝ զինվորները:

Հայրապետս սիրում էր իր ընտանիքը՝ կնոջն ու աղջկան, իր ընկերներին, իր հայրենի գյուղը՝ Մրգաշատը, շատ ծնողասեր էր։ Նա մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր…ու բոլորը սիրում էին իրեն։ Ինքը բացառիկ ու անթերի էր։
Պատերազմի ժամանակ ՝ 20 օրվա ընթացքում տղայիս հետ ընդամենը 1 անգամ եմ խոսել: Հարցրել եմ.
-Հաց կերե՞լ ես, Հայրապետ ջան…
Պատասխանը հետեւյալն էր.
-Մամ ջան, էդ ի՞նչ բան ա, որ դու հարցնում ես։
Չէի պատկերացնում՝ տղաս ինչ թեժ գծում էր, թե չէ՝ կգնայի իր հետեւից։ Չնայած գիտեմ, որ չէր գա,-ասում է հերոսի մայրը՝ տիկին Հեղինեն:

Հետո հիշում է եւս մի հերոսական դրվագ որդու բազմաթիվ սխրանքներից, որը եւս բնորոշում է նրան՝ որպես սպա. մարտնչել մինչեւ վերջ ու Հայրենիքը չթողնել թշնամուն.
-Երբ ազերիները Ջաբրայիլում փախել -մտել են տների մեջ, իմ Հայրապետը ընկերների հետ, տանկերով այդ տները բլցրել են՝ մի ընկերը դիմացից, մյուսը՝ հետեւից… ազերիները մնացել են մեջը, սատկել են… Իմ ՀԱՅՐԱՊԵՏԻ մասին կարող եմ հավերժ խոսել…

…Հայրապետ Միքայելյանն այս տարի դառնալու էր 27 տարեկան: Նա կոչումով զինվորական էր, լավ հայր եւ ծնողասեր զավակ:

Դժվար է քո մասին անցյալով խոսել, մեր արժանապատիվ սպա, մեր բոլորի եղբայր: Անունդ մնալու է քեզ ճանաչողների սրտերում, եւ նրանց, ովքեր դեռ քո տեսակը բացահայտելու են:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ. Սիրելի հերոսամայր, շնորհավոր մեր հավերժ ներկա քաջ եղբոր` Հերոս Հայրապետ Միքայելյանի տարեդարձը։ Նա դարձավ 32 տարեկան։ Այս հոդվածը ես գրել էի ավելի վաղ, որը համացանցից անհետացել էր` մեզ հայտնի պատճառներով։ Ես այն գտա դրամատուրգ, արվեստագետ ու մանկավարժ` մեր սիրելի Լիանա Անթառանյանի ու իմ զրույցների նամականիից, ում շնորհիվ ես ճանաչեցի Ձեզ ու բացահայտեցի մեր հերոսին։ Բարեբախտաբար, պահպանվել էր։

Թող այս փաստը համարենք խորհուրդ, որ պատմության էջերից ոչինչ չի ջնջվելու, ինչքան էլ փորձեն։ Մեր հերոսների սխրանքն անմահ է, իսկ նրանց անունը` մեր սրտերում։

«Առավոտ» օրաթերթ
01.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել