Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլասերված» Արեւմուտքը եւ «բարոյական» Ռուսաստանը. «մաքսային» հովերը «գենդերային» խնդրում

Հոկտեմբեր 21,2013 11:59

Եթե մեկը հետեւի վերջին օրերի լրահոսին, ապա կարող է տպավորություն ստանալ, որ Հայաստանի ամենակարեւոր խնդիրն այն է, որ մեր երկրում կան տղամարդիկ եւ կանայք, որոնք գերադասում են ապրել ոչ թե հակառակ, այս սեփական սեռի ներկայացուցիչների հետ: Համենայն դեպս, մեր «ազգային գործիչներն» այս առիթով որոշեցին փրկել մեր ինքնությունը, բարոյականությունն ու ընտանիքը:

Որոշ փաստեր վկայում են, որ ակտիվացած «հակամիասեռական» խոսակցությունները որոշակի կապ ունեն Հյուսիսից փչող քամիների ուժգնության հետ: Մոտ մեկ ամիս առաջ սեպտեմբերի 19-ին Վալդայում կայացած ֆորումի ժամանակ Վլադիմիր Պուտինը անհանգստացավ Արեւմուտքի այլասերվածության պատճառով: «Մերժվում են բարոյական սկզբունքները եւ ցանկացած ավանդական ինքնություն՝ ազգային, մշակութային, կրոնական եւ նույնիսկ սեռական», – նշել է ՌԴ նախագահը:

Ասել, որ նման խնդիրներ Արեւմուտքում ընդհանրապես գոյություն չունեն, իհարկե, անարդար կլիներ: Բայց սա հենց այն դեպքն է, երբ պետք է նկատել սեփական աչքի գերանը. մարդկային եւ քաղաքացիական ինքնությունն ավելի արագ է վերանում կոռումպացված եւ բռնապետական ռեժիմների ժամանակ՝ փոքր եւ մեծ «նաչալնիկների» ամենաթողության պայմաններում: Իր ելույթի այս մասը Պուտինն ավարտել է հետեւյալ կատակով. «Բերլուսկոնիին դատում են այն պատճառով, որ նա կանանց հետ է ապրում. եթե նա միասեռական լիներ, նրան ոչ ոք մատով ձեռք չէր տա»: Թեեւ կատակ է, բայց՝ նաեւ իրականության զգալի խեղաթյուրում. Բերլոսկոնիին դատապարտել են մեքենայության համար, իսկ մեղադրում էին ոչ թե կանանց հետ ապրելու, այլ անչափահաս աղջիկների հետ սեռական կապեր ունենալու համար: Մի խոսքով, ակնհայտ է ցանկությունը՝ սեփական երկրի տնտեսական լրջագույն խնդիրները եւ Արեւմուտքի հետ համեմատած տեխնոլոգիական հետամնացությունը փոխհատուցել «գաղափարախոսական-հոգեւոր-բարոյական» զրույցներով:

Եվ ահա Հայաստանում մի շարք իշխանամետ գործիչներ, մտավորականներ եւ հոգեւորականներ, այդ հյուսիսային հովերով տարված, ցանկանում են, հավանաբար, ապացուցել, որ, ի տարբերություն «այլասերված» Եվրոպայի, Մաքսային միությունը բարձր բարոյականության եւ հոգեւոր արժեքների ծաղկման վայր է: Այդ նպատակով նրանք մոգոնեցին ինչ-որ «գենդերային» խնդիր՝ թե իբր «փչացած» Արեւմուտքը, «ուժային կենտրոնները», «մասոնական օթյակները» ուզում են մեզ ստիպել, որ մենք ընդունենք միասեռականությունը խրախուսող օրենքներ: (Արեւմուտքը, հավանաբար, ուրիշ դարդուցավ չունի): Քանի որ այդ հեքիաթը կրկնում են մարդիկ, որոնց ինտելեկտի վրա ես չեմ կասկածում, հակված եմ ենթադրել, որ Ռուսաստանը նրանց ինչ-որ ձեւով շահագրգռել է:

Հիշեցնեմ, որ ԵՄ ակտիվ անդամ Լեհաստանի Սահմանադրության մեջ գրված է՝ ամուսնությունը կարող է գրանցվել միայն տղամարդու եւ կնոջ միջեւ, եւ որեւէ մեկը չի պատրաստվում լեհերին ստիպել, որ նրանք այդ նորմը փոխեն: Մեզ էլ դա բացարձակապես չի սպառնում: Ուրիշ հարց, որ Լեհաստանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ մի քանի տասնյակ այլ երկրներում (մասնավորապես, Եվրոպայի խորհրդի անդամ) օրենսդրությունն արգելում է խտրական վերաբերմունք որեւէ փոքրամասնության նկատմամբ: Եթե «ազգային ինքնության պաշտպանները» դրա՛ն են դեմ, թող այդպես էլ ասեն:

Այդ «մաքսա-գենդերային» ֆոնի վրա ակտիվացել են «դեղին» խոսակցությունները բարձրաստիճան պաշտոնյաների միասեռական լինելու մասին: Ի՞նչն է ավելի կարեւոր՝ որ պաշտոնյաները եւ նրանց հարազատները կաշառք չվերցնեն, բյուջեից փող չգողանան, տարբեր բիզնեսների մեջ չխցկվեն, արդյունավետ աշխատեն, թե՞ այն հանգամանքը, թե ում հետ են նրանք քնում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Համենայն դեպս բոլորովին կարիք չկար այդ օրինագիծը դնել քննարկման, կամ եթե իրոք դա ընդամենը մի անմեղ նախագիծ է կանանց և տղամարդկանց հավասարության մասին` ինչպես որոշ պրիմիտիվներ (կամ ավելի ճիշտ մեզ պրիմիտիվների տեղ դնողներ) ներկայացնում են, ապա ինչու դրա անունը հնարավոր չեր դնել “օրենք կանանց և տղամարդկանց հավասարության մասին”??
    Այս անվանումով այն շատ նորմալ կընդունվեր ազգի կողմից, չնայած իրականում հայերը երևի աշխարհի ամենակնամեծար ազգն են: Բոլոր կարգին հայ ընտանիքներում տան հեղինակությունը մեծ մայրն է (երկար կյանք բոլորիս տատիկներին ու մայրերին): Հայ տղամարդու համար կինը,քույրը և մայրը ամենամեծ սրբություններն են: “Ընտանեկան բռնություն” կոչվածը, հայերի մոտ ոստիկաններով, օրենքով կամ որոշ գրանտակեր իրավապաշտպաններով կանխելու կարիք բնավ չունի, քանի որ ամեն մի նորմալ անցորդ, հարևան, բարեկամ կամ ընկեր անմիջապես կկանխի էլ, կնոջ վրա բռնացողին կսթափեցնի էլ, տո հարկ եղած դեպքում մի լավ դաս էլ կտա: Այդ շատ ուրիշ և անունով քաղաքակիրթ ազգեր, որոք նույնիսկ բանավոր խոսքում խտրականություն են դնում` он и она, He and she ասելով, թող իրենց համար օրենքներ գրեն, անգիր անեն ու դրանցով ապրեն: Իսկ մենք առանց հիմար օրենքների էլ կանանց մեր գլխին դրած ման ենք տալիս: Հայ կինը ինքը մեծամասամբ գերադասում է իր ընտանիքի սյունը լինել, մայր և տատիկ “աշխատել”, քան թե նախարար ու պատգամավոր: Այն քչերն էլ, որ հակառակն են ուզում` դառնում են: Հրանուշ Հակոբյաններ ու Զարուհիներ ունենք` աշխարհը չունի:
    Այնպես որ հեչ կարիք չկա հայ ազգի ականջներին “լապշա” կախել այդ հավասարությունը օրենքով ամրագրելու ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ մասին, մանավանդ որ հայերը թքած ունենալով գրված օրենքների վրա, ավելի շատ չգրված օրենքների են սրբորեն ենթարկվում, իսկ մեր չգրված օրենքներով` կինը միշտ հարգված է և սիրված (խոսքը առաքինի հայ կնոջ մասին է, այլ ոչ թե իրեն կին համարող գենդերի)…
    Իսկ թե ինչու են “կանանց պաշտպանները” կառչել ԳԵՆԴԵՐ բառից, դա պարզից պարզ է, չեմ էլ ուզում մեկնաբանել, թքեմ իրանց նամուսին: Վաղն էլ ՄԱՅՐ ու ՀԱՅՐ բառերի տեղը ԾՆՈՂ N1 և 2 կուզենան մտցնել, ինչպես որոշ երկրներում արդեն կիրառվում է, մի օր էլ կասենք ԷՍ ՈՆՑ ԵՂԱՎ, ՈՐ ԱՅՍ ՕՐԻՆ ՀԱՍԱՆՔ…
    Այնպես որ նման նկրտումները հենց սաղմնային վիճակում է պետք կանխել, հարգելի Պարոն Աբրահամյան, և միգուցե նաև բարոյա-հոգեբանականը գերադասելով “տեխնոլոգիական առաջընթացին”… Բացի այդ, արդեն վաղուց գաղտնիք չէ, որ այս աշխարհի հզորները տարբեր ծրագրեր են մշակում, հսկայական փողեր են ծախսում` երկիր մոլորակի չափից դուրս շատացած բնակչության քանակը և աճը նվազեցնելու համար: Միջոցները տարբեր են` սննդային հավելումներից, արհեստածին վիրուսներից մինչև տարբեր գրանտներով սնուցվող բարոյական ախտեր, որոնք զենքից ու պատերազմներից ավելի էֆեկտիվ են: Եկեք չպարենք այդ դուդուկների տակ, առանց այդ էլ մենք էլ պակասելու տեղ չունենք… մի բուռ ենք ախր

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      239 օրինագծերում, որոնք մտել են օրակարգ նման օրինագիծ չկա https://parliament.am/drafts.php?sel=onagenda&lang=arm
      Հնարած թեմա է:

      • Հրանտ Պապիկյան says:

        Ես խիստ կվշտանայի, եթե այն այնուամենայնիվ մտներ օրակարգ, բայց քիչ էր մնացել, ապրեն դրա դեմը առնողները: Դե հիմա մի քանի պատեհապաշտներ և կեղծ հայրենասերներ էլ կարող է փորձեն պահից օգտվել.. հերն էլ անիծած, կարևորը գործն արվեց: Իսկ Ֆիլարետը թող իրա տարիքից ամաչի…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031