Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ վատացնելու շատ տեղ ունենք

Հոկտեմբեր 01,2014 10:10

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը 78-րդ տեղում է: Ըստ այդ կազմակերպության՝ մամուլի ազատության ցուցանիշով մենք գերազանցում ենք Վրաստանին (84-րդ տեղ), Ադրբեջանին (160), Թուրքիային (154), Իրանին (173) եւ Ռուսաստանին (147): Այդ դասակարգմամբ լավագույն եռյակում են Ֆինլանդիան, Նիդերլանդները եւ Նորվեգիան: Միացյալ Նահանգներն ամենեւին էլ առաջատարների շարքում չէ (46-րդ տեղ):

Ուշագրավ է, որ այս տարի մեր երկիրը չորս հորիզոնականով զիջել է իր դիրքերը: Թե՛ այլ երկրների եւ թե՛ Հայաստանի առումով գնահատականներն ինձ օբյեկտիվ են թվում: Մասնավորապես, օրինաչափ է, որ Հայաստանի ցուցանիշները վատացել են: Դրա գլխավոր պատճառները երկուսն են: Առաջինը՝ Հայաստանի երկու ատյանների վճիռները, ըստ որոնց՝ պարտավորեցվում է երկու լրատվամիջոցների (ilur.am եւ «Հրապարակ») բացահայտել իրենց լրատվության աղբյուրները՝ չնայած դրա անհրաժեշտությունը որեւէ ձեւով չի հիմնավորվում. խոսքը ոչ ազգային անվտանգության, ոչ էլ ահաբեկչության մասին է: Մանր կենցաղային դրվագը գլխավոր դատախազն ուռճացրել-դարձրել է առավել վտանգավոր հանցագործություն, բայց ոչ թե այդ դրվագի մասնակից ոստիկանի գործողությունների օրինականությունը պարզելու, այլ լրատվամիջոցներին ճնշելու համար:
Աղբյուրը բացահայտելու պահանջը հարված է ոչ միայն տվյալ լրատվամիջոցներին, այլեւ ամբողջ լրատվական դաշտին, որովհետեւ անվստահություն է ստեղծում լրագրողների եւ նրանց աղբյուրների միջեւ, իսկ առանց այդ վստահության՝ լրագրություն ընդհանրապես հնարավոր չէ: Գլխավոր դատախազության եւ դատարանների նպատակները, այսպես ասած, կարած են սպիտակ թելերով եւ ոչ մեկի համար գաղտնիք չեն:

Մամուլի ազատության ցուցանիշով նահանջելու երկրորդ պատճառը իրավապահների կողմից լրագրողների վրա ավելի հաճախակի դարձած հարձակումներն են: Վտանգավոր են ոչ այնքան հարձակումները, որքան համապատասխան մարմինների համառ ցանկությունը՝ դրանք կոծկելու: Անի Գեւորգյանի եւ Մարինե Խաչատրյանի դեպքերը եւս մի ապացույց են, որ ոստիկանները, անվտանգության աշխատակիցները, քննիչները եւ դատարանները իրար հետ «օրթաղ են»:

Այս երկու խնդիրները ավելացել են խոսքի ազատության հետ կապված մեր «խրոնիկական հիվանդություններին», եւ արդյունքում մենք ստացանք վարկանիշի վատթարացում: Իհարկե, կարող ենք մխիթարվել, որ ավելի լավ վարկանիշ ունենք, քան, ասենք, Ադրբեջանը, եւ որքան էլ մամուլի ազատության առումով մեր վիճակը վատանա, Ադրբեջանին «չի հասնի»: Բայց այդ տրամաբանությամբ վերջին՝ 180-րդ տեղում Էրիթրեան է: Մենք լիքը տեղ ունենք վիճակը վատացնելու եւ հպարտանալու, որ Էրիթրեայից առաջ ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պարոն Աբրահամյան, մամուլի ազատության ցուցանիշների անկման Ձեր մտորումների հետ համամիտ եմ, սակայն, իմ կարծիքով, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պետք է որ իր չափորոշիչների մեջ որոշակի փոփոխություններ կատարի: Ասածս առաջին հերթին վերաբերվում է լրատվամիջոների կողմից հրապարակվող անհատների ու կազմակերպությունների այն գործողություններին ու անգործությանը, որոնք հանցագործության հատկանիշներ են պարունակում, սակայն պետության իրավահամակարգի կողմից որևէ ընթացք չեն ստանում, այսինքն չի գործում հակադարձ կապը: Այլ կերպ ասած լրատվամիջոցների ազատությունը ոչ միայն պետք է գնահատվի անխոչընդոտ աշխատանքով, այլև այդ աշխատանքի արդյունքների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, իշխանությունների արձագանքով, որը սակայն չի գործում կամ մասնակի է գործում: Առավել հակիրճ՝ իշխանությունները թքած ունեն լրատվամիջոցների կողմից արտահայտվող փաստերի ու հասարակական կարծիքի վրա, որոնք հասարակության և նրա ապագայի վրա առավել վտանգավոր և անանցանելի հետքեր են թողնում, քան լրագրողի նկատմամբ կիրառած ինչ-որ բռնի գործողությունները, որն ինչ խոսք, նույնպես խիստ դատապարտելի է:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Եթե կարելի է, հրապարակեք թե այդ ցուցակում որ տեղում է Ուկրաինան: Դրանից ելնելով կարելի է մտածել՝ արժե արդյոք հավաստի համարել կամ ընդհանրապես քննարկել այդ հետազոտության արդյունքները:
    Իսկ ինչ վերաբերվում է ինֆորմացիայի աղբյուրի հրապարակմանը, ապա ես դա արդար եմ համարում, քանի որ շատ լրատվամիջոցներ ՛՛ցնցող՛՛ լուր տպելու համար պատրաստ են ցանկացած քայլի: Այնպես չէ, որ ով ուզի կարող է դա պահանջել: Բայց դատական կարգով պահանջածը պետք է հրապարակել: Ավելին՝ դա առիթ է այդ ցնցող լուրի քննարկումը բերել ավելի լուրջ դաշտ: Չէ՞ որ ԶԼՄ-ն դա տպել է, որ հանրության ուշադրությունը հրավիրի և պայքարի տվյալ երևույթի դեմ:
    Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի դեպքի վրա, որը կատարվել է երկու տարի առաջ: Ես դիմեցի ՛՛Առավոտ՛՛ թերթին, խնդրելով ինձ օգնել մի պետական մարմնի աշխատակիցների ապօրինությունների դեմ պայքարելու գործում: Հարգելի Արամը ինձ ուշադիր լսեց և ասաց որ երկու հարց կա պարզելու, մինչև հոդվածի տպելը: Նախ իրենք պետք է հավելյալ ճշտումներ կատարեն և նաև հարցում կատարեն հակառակ կողմի կարծիքը: Երկրորդ հարցը այն էր՝ արդյոք ես կես ճանապարհից խոսքերիցս ետ չե՞մ կանգնի…
    Ես շատ հարգեցի այդ մոտեցումը, քանի որ մի քանի տարի առաջ ինքս էի ենթարկվել լավ քլնգոցի ու հալածանքի մեր մի քանի լրատվամիջոցների կողմից, և երկար տևեց, մինչև ապացուցեցի որ մեր որոշ լրագրողներ ուղղակի ծախված զրպարտիչներ կամ շարքային բանսարկուներ են:
    Հոդվածից օրեր անց տվյալ պաշտոնյան վարչապետի հրամանով հեռացվեց համակարգից, երկու հոգի ստացան նկատողություն, իսկ ինձնից ներողություն խնդրեցին: Ես զանգահարեցի ՛՛Առավոտի՛՛ խմբագրին, որը արդեն տեղյակ էր:
    -Փաստորեն կարգին երկրում ենք ապրում, պարոն Աբրահամյան…
    -Փաստորեն…,-հանգիստ պատասխանեց նա..
    Մի՞թե հենց սա չէ դեղին մամուլի պիտակ չկրելու և դատարաններ չկանչվելու ցիվիլ ձևը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031