Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի մամուլի խոսնակր լրագրողին ԱԱԾ հավաքագրել փորձողն է

Հուլիս 20,2015 12:21

Արդեն տեղեկացրել ենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Նա 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, որպես գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր:

Այս առնչությամբ տնտեսական մեկնաբան Հրայր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի նշանակած նոր մամուլի քարտուղարը հենց այն մարդն է, որ փորձում էր ինձ «վերբովկա» անել։ Երբ ընկերներս սկզբում ինձ տեղեկացրեցին, չհավատացի, որ անգամ մեր նման երկրում նախագահ աշխատող մարդը կարող է այդ տղային նշանակել իր մամլո խոսնակ, մինչև որ չտեսա պաշտոնական հաղորդագրությունը (նկարով)։

Մեկ տարի առաջ ես դիմել էի դատախազություն, որ քրեական գործ հարուցվի ինձ «վերբովկա» անելու այդ փորձի հետ կապված, սակայն դատախազությունը մերժել էր։ Հայցով դիմել էի առաջին ատյանի դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի դատախազությանը հարուցել քրեական գործ։ Ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերաքննիչ դատարանը մերժել էր հայցս, այժմ բողոքս քննելու է վճռաբեկ դատարանը։ Այս նշանակումից հետո ինձ համար վերջնականապես պարզ դարձավ, որ վճռաբեկ դատարանը նույնպես հայցս կմերժի։ Պատրաստվում եմ դիմել ՄԻԵԴ։

Ամեն դեպքում շատ ցավալի է, որ այս ամենից հետո այդ մարդուն նշանակել են նման պաշտոնի, բառեր չեմ գտնում նման երևույթը մեկնաբանելու համար»:

Հրայր Մանուկյանը երեկ նաեւ հավելել է. «Վերբովչիկ Վլադին Սերժի խոսնակ նշանակելու հետ կապված մի երկու բան ընդգծեմ, որ կարևոր են՝ ամբողջական պատկերն ունենալու համար։

– Կարծում եմ ինքը համարվում է պրոֆեսիոնալ՝ մեր ամբողջ ԱԱԾ-ի մակարդակով։ Ինքը ու իր նմանները միշտ աշխատել են այդ մեթոդներով ու միշտ հաջողել են։ Ինքը կարող էր ասել իր շեֆերին՝ ի՞նչն եմ սխալ արել․ ինչ սովորեցրել եք, էդ եմ արել։ Խնդիրը սերունդների աշխարհայացքի տարբերության մեջ է․ հաջողեին իմ դեպքում, 3-10 տարի հետո կձախողեին, ասենք, 90-ականներին ծնված մի երիտասարդի դեպքում։ Ու մեկ է՝ իրենք չեն հասկանա էն արժեքները, որոնցով մենք ենք ապրում ու երբեք էլ դաս չեն քաղի իմ այս դեպքից։

– Էս Վլադին ինձ ծանոթացրել/ներկայացրել էր Կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանը, որը նույնպես մնաց իր պաշտոնին։ Այ ինքը գերպրոֆեսիոնալ էր գործել՝ արտասահմանում զանազան սեմինարների ինձ ուղարկելու պատրվակով հետս ընկերացել էր, անցած տարվա հունվարից-հուլիս պարբերաբար հանդիպում-զրուցում էինք, իմ մտքով չէր անցնում, թե իրականում ինչ նպատակներ ունեն։ Հերթական հանդիպման ժամանակ իբր պատահական տեսավ վերբովչիկ Վլադին ու ծանոթացրեց՝ ասելով՝ ընկերս է, ԱԱԾ-ում է աշխատում։

Հաջորդ անգամ Նարեկի հետ հանդիպման գնալուց վերբովչիկ Վլադը Նարեկի հետ էր հենց սկզբից։ Մի 10 րոպեից Նարեկին իբր Աշոտյանը զանգում կանչում է, ու մեր Վլադը ինձ ասում է, որ որոշել են, որ պտի աշխատեմ ԱԱԾ-ում, ներկայացնում է էն ոսկե սարերը, որ ինձ սպասվում են։ Ես ցրելու համար ասում եմ՝ ժամանակ է պետք մտածելու համար, հաջորդ օրը, երբ զանգում է, մեսիջով եմ գրում, որ պատասխանս «չէ» է։ Պնդում է, որ հանդիպենք ու լինում է էն խոսակցությունը, որ հրապարակել էի։

– Խոսակցությունն էնպիսի ընթացք ստացավ, որ ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հոդվածներով գործ հարուցելու հիմք էր տալիս (անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելը, կուսակցության գործունեությանը միջամտելու փորձը, պաշտոնական լիազորությունների չարաշահումը և այլն), բայց դատախազությունը գործ չհարուցեց, իսկ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները մերժեցին հայցս, որով պահանջում էի դատախազությունից գործ հարուցել։ Հիմա գործը վճռաբեկում է։ Նենց չի, որ հեշտ ու հանգիստ էր էս ամբողջ դատական պրոցեսը գնում ու չէին փորձում խանգարել (հետո որ առիթ լինի կհրապարակայնացնեմ, թե ոնց էին փորձում խանգարել), բայց բարեբախտաբար՝ չեն հաջողել ու չեն էլ հաջողի»:

«Առավոտի» կողմից հավելենք, որ կատարվածից հետո որեւէ անգամ ԱԱԾ-ն մեկնաբանություն չի արել լրագրողին հավաքագրելու փորձի առնչությամբ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031